Մատչելիության հղումներ

Անհետ կորածներին կենդանի գտնելու հույս դեռ կա


Սայանո-Շուշենսկայա ՀԷԿ-ը վթարից հետո:
Սայանո-Շուշենսկայա ՀԷԿ-ը վթարից հետո:

Սիբիրի Ենիսեյ գետի վրա անցած դարի 70-ականներին կառուցված Սայանո-Շուշենսկայա հիդրոէլեկտրակայանում տեղի ունեցած վթարը, ինչպես նշում են ռուսաստանցի մասնագետները, խոշորագույնն է վերջին 30 տարիներին։ Ռուսաստանի խոշորագույն էլեկտրակայանում տեղի ունեցած վթարի արդյունքում զոհվել է 12 մարդ, եւս 64 հոգի համարվում է անհետ կորած։

Վերջիններիս ճակատագրի մասին այսօր ողջ օրվա ընթացքում հակասական տեղեկություններ էին ստացվում։ Սայանո-Շուշենսկայա ՀԷԿ-ի սեփականատեր «Ռուս-Հիդրո» ընկերության ղեկավար Վասիլիի Զուբակինը լրագրողներին ասել էր, թե «քիչ հավանական է, որ ՀԷԿ-ի անհետ կորած աշխատակիցներից որեւէ մեկին հնարավոր լինի փրկել»։

Ավելի ուշ, սակայն, ընկերության տնօրենների խորհրդի անդամ, Սայանո-Շուշենսկայա ՀԷԿ-ի նախկին ղեկավար Ալեքսանդր Տոլոշինովն ասել էր. - «Չի բացառվում, որ աշխատակիցների մի մասին հաջողվել է վթարից անմիջապես հետո պատսպարվել կայանի այն հարկաբաժնում, որը ջրի մակարդակից ցածր է։ Այնպես որ, քանի դեռ փրկարարները չեն հասել վթարված ՀԷԿ-ի այդ հատվածին, իմաստ չունի հապճեպ հետեւություններ անել կայանի աշխատակիցիների ճակատագրի մասին»:

Ռուսաստանի արտակարգ իրավիճակներ նախարար Սերգեյ Շոյգուն, ով Սիբիր է ժամանել այսօր առավոտյան, եւս կարծում է, որ զոհերի վերջնական թիվն առայժմ հնարավոր չէ հստակեցնել։

«Դեռես անհայտ է 64 հոգու ճակատագիրը։ Զոհերի թիվը փոքր-ինչ աճել է, վիրավորների թիվը նույնն է», - նշում է Շոյգուն։

Ինչ վերաբերում է վթարի պատճառներին, ապա ռուսաստանցի նախարարը արգելել է պաշտոնյաներին որեւէ նախնական վարկած հրապարակել։

«Վարկածները ի հայտ կգան միայն վթարի պատճառները հետաքննող հատուկ հանձնաժողովի աշխատանքի ավարտին», - հայտարարել է Շոյգուն։

Այդուհանդերձ մի շարք վարկածներ արդեն իսկ շրջանառվում են։ Դրանցից առաջինը ահաբեկչական հարձակման հավանականությունն էր։ Այս վարկածի օգտին էր նաեւ ինտերներտում հայտնված սիրողական տեսագրությունը, որում հստակ երեւում է, թե ինչպես հսկայական ՀԷԿ-ի պատվարի աջ հատվածում պայթյուն որոտում։

Ահաբեկչության վարկածը պաշտոնապես հերքվեց տեսագրության ի հայտ գալուց մի քանի ժամ անց։

«Քննիչները տարբեր վարկածներ են հետազոտում։ Ահաբեկչական գործողության վարկածը չի հաստատվել։ Անվտանգության դաշնային ծառայության փորձագետների հետազոտության արդյունքում ՀԷԿ-ում պայթուցիկ նյութերի հետքեր չեն հայտնաբերվել», - ասել էր Ռուսաստանի գլխավոր դատախազությանը կից գործող Հատուկ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վլադիմիր Մարկինը։

Ինչ վերաբերում է տեսագրության մեջ երեւացող բաց կրակին, ապա մասնագետների կարծիքով, դա էլեկտրակայանի տանսֆորմատորներից մեկի պայթյունի արդյունք էր։

Մյուս վարկածը, որ այս օրերին քննարկվում է Ռուսաստանում, ՀԷԿ-ի առանցքային դետալներից մեկի` տուրբինի անսարքությունն է։ Որոշ աղբյուրներ արդեն իսկ պնդում են, թե վթարի պատճառը գործարանային խոտանն էր, որի արդյունքում ՀԷԿ-ի դետալները պարզապես չեն դիմացել ջրի ճնշմանը։

Աղետից անմիջապես հետո Սայանո-Շուշենսկայա ՀԷԿ-ի մերձակա գյուղերում խուճապ է սկսվել, լուրեր են տարածվել, թե ՀԷԿ-ի ամբարտակը կարող է չդիմանալ հոսող ջրի ճնշմանը։ Այն բանից հետո, երբ մերձակա գյուղերի բնակիչները սկսել են զանգվածաբար լքել իրենց բնակավայերը, Խակասիայի վարչապետ Վիկտոր Զիմինը ստիպված է եղել հանդես գալ հատուկ հայտարարությամբ. - «Խուճապի որեւէ պատճառ չկա։ Վթարը տեղի է ունեցել երկրորդ էներգաբլոկում։ Ինչ վերաբերում է հիդրոկառույցներին, ապա ամեն ինչ կարգին է, որեւէ հեղեղում չի լինի»:

Օգոստոսի 17-ի վթարը ծանր հարված էր նաեւ Սիբիրի տնտեսության համար։ Երեկվանից դադարեցվել է տարածաշրջանի երկու խոշորագույն ալյումինի գործարանների էներգամատակարարումը։ Սիբիրում գտնվող մի շարք խոշոր մետալուրգիական գործարաններում անցել են էլեկտրաէներգիայի խնայողության ռեժիմի։

ՀԷԿ-ի սեփականատեր «Ռուս-Հիդրո» ընկերությունից մոսկովյան «Վեդոմոստի» պարբերականին տեղեկացրել են, որ կայանի վերջնական վերականգնման համար առնվազն 4 տարի է անհրաժեշտ լինելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG