Մատչելիության հղումներ

Գյումրիի պետական ԲՈՒՀ-երում մտածում են դասախոսների կրճատման մասին


Գյումրիի պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված ուսանողների թիվը 40-50 տոկոսով պակաս է հատկացված տեղերից՝ հատկապես վճարովի համակարգում։ Այս հանգամանքը հարկադրել է ԲՈՒՀ-երի ղեկավարությանը մտածել դասախոսական անձնակազմի կրճատման մասին։

Գյումրիի մանկավարժական ինստիտուտում, օրինակ, ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի փոխանցմամբ, հատկացված 775 պլանային տեղերում սովորելու ընդունվել է ընդամենը 466 ուսանող։

«Ունենք մասնագիտություններ, որտեղ ընդունվել է ընդամենը 2-3 դիմորդ։ Ծանր վիճակում հայտնվեցինք։ 300 ուսանող վճարովի համակարգում պակաս է ընդունվել։ Դա նշանակում է, որ առաջին կուրսեցիների մոտ ֆինանսական հոսքը 50 տոկոսով պակաս կլինի։ Ինստիտուտի ղեկավարությունը ստիպված ամբիոն առ ամբիոն նայում է... Կարծում եմ, ինստիտուտում կլինեն լուրջ կրճատումներ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Վարդեւան Գրիգորյանը։

Հայաստանի ճարտարագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում նույնպես ուսանողների պակաս կա 50 տոկոսի չափով։ ԲՈՒՀ-ի պատասխանատու քարտուղար Հովհաննես Ենգոյանը տեղեկացրեց, որ հատկացված 235 տեղերից ԲՈՒՀ ընդունվել է 110 ուսանող, այդ թվում՝ 56 անվճար, 54 վճարովի ուսանող։

«Մենք պետք է ունենայինք 175 վճարովի, իսկ իրականում հիմա ունենք վճարովի 54։ Այսինքն, ֆինանսական տեսակետից սա, իհարկե, բավական մեծ կորուստ է ԲՈՒՀ-ի համար։ Ստիպված կլինենք մտածել դրույքաչափերի պակասեցման, նույնիսկ կրճատման տարբերակների մասին։ Այսպիսի բան մենք երբեք չէինք ունեցել», - նշեց Ենգոյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG