Մատչելիության հղումներ

Օգոստոսի 18-ի մամուլ


«ԲՀԿ-ն ակտիվանու՞մ է» խորագրի ներքո «Հայք»-ը գրում է. - «Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ, ամռան այս օրերին որոշակի ակտիվություն է սկսել ցուցաբերել ԲՀԿ-ն։ Ըստ մեր տեղեկությունների` ԲՀԿ քաղխորհուրդն ու Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցությունը պարբերաբար միասնական նիստեր են գումարում։ ԲՀԿ-ում ցանկանում են ստեղծել վերլուծական կենտրոն,որը պետք է քաղաքական իրավիճակի վերաբերյալ համապատասխան փորձագիտական գնահատականներ տա։ ԲՀԿ-ականների այս ակտիվությանը մեծ խանդով են սկսել վերաբերվել ՀՀԿ-ականները` մտավախություն ունենալով, որ ԲՀԿ-ն դուրս կգա Սերժ Սարգսյանի վերահսկողությունից եւ կփորձի դառնալ առանձին քաղաքական գործոն»։

«Առավոտ»-ը գրում է, թե երեկ Երեւանի կենտրոնական փողոցներից մեկում մի մանրավաճառ վաճառքի էր հանել «Ավագանի գրուպ» անունով ինչ-որ ընկերության արտադրած խաղաթղթեր: Թերթը նշում է, թե դրանք մյուս խաղաթղթերից տարբերվում էին նրանով, որ դրանց դարձերեսին պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը՝ գունավոր պատկերով եւ գրությամբ՝ ARMENIA: «Հնարավոր է, որ այս խաղաթղթերը նախատեսված են մեր խաղամոլ ավագանիների համար: Բացառված չէ նաեւ, որ խաղաթղթերի դիզայնի հեղինակները այսպիսով ակնարկում են, թե ինչ տխուր հետեւանքների կարող են բերել մեր որոշ պետական այրերի հակումները: Բայց խնդիրն այն է, որ հայաստանյան օրենսդրությամբ սահմանված են Հայաստանի զինանշանի պատկերի գործածման դեպքերը, որտեղ խաղաթղթերի մասին որեւէ խոսք չկա: Սա ակնհայտ օրինախախտում է, որից առանձին արտադրողներ շահույթ են ստանում», - մեկնաբանում է թերթը:

Խորհրդածելով տարբեր ժամանակներում ու տարբեր երկրներում քաղբանտարկյալ կոչված երեւույթի ընկալումների շուրջ՝ «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը նշում է. - «Այսօր հայոց աշխարհում քաղբանտարկյալներ սկսել են անվանել բոլոր նրանց, ովքեր բռնվել են որեւէ քրեական հանցանք գործելու պահին, բայց հնարամտորեն հաջողացրել բարձրաձայն ճչալ, թե իրենք դեմ են իշխանությանը: Դե, քանի որ դեմ են իշխանությանը, ուրեմն ոչ թե քրեական հանցագործ են, այլ արդեն քաղբանտարկյալ»:

«Ժամանակ» թերթին հարցազրույց է տվել Հայ ազգայի կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Աշոտ Սարգսյանը: Թղթակիցը հարցնում է. - «Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ աշնանը իրավիճակի փոփոխություն կլինի: Դա որքանո՞վ է կապված աշնանը բողոքի նոր ալիք բարձրացնելու Կոնգրեսի մտադրության հետ. այժմ հայաստանյան գործող իշխանությունների դիրքե՞րն են առավել թուլացել, թե՞ Կոնգրեսն այսօր առավել մեծ վստահություն ունի սեփական ուժերի նկատմամբ՝ մոտ ապագայում հասարակության մոբիլիզացիան գագաթնակետի հասցնելու հարցում»: Սարգսյանը պատասխանել է. - «Կոնգրեսի ուժն ու վստահությունը դինամիկ աճում է: Եվ դրա չափանիշը միայն հանրահավաքների մասնակիցների քանակը եւ հաստատակամությունը չեն: Ամեն մի հերթական հանրահավաքի առիթով վարչախումբը նորանոր ու ամենաբռի մեթոդներով խոչընդոտում է մարդկանց տեղաշարժը, հանրահավաքի ամեն մի հնարավոր մասնակցի հետ անհատական աշխատանք է տարվում՝ համոզելուց մինչեւ ահաբեկումը: Ուժեղ կամ իր վրա վստահ իշխանությունը նման մեթոդների չէր դիմի՝ դրա համար մոբիլիզացնելով ողջ իրավապահ համակարգը, ուժային կառույցները եւ իշխանական բոլոր լծակները: Դրանով նա օրվա խնդիր է լուծում, մինչդեռ ամեն օր իր դեմ է հանում չեզոք, անտարբեր, նույնիսկ իր նկատմամբ ինչ-որ ժամանակ համակրանքով տրամադրված մարդկանց: Իսկ դա հսկայական թիվ է եւ աճում է օրեցօր: Վստահ կարելի է ասել, որ դա այսօր շատ ավելին է, քան 2008թ. փետրվարի 26-ին Ազատության հրապարակում հավաքվածների քանակը: Դա Կոնգրեսի պոտենցիալն է: Նույնիսկ իշխանական ճամբարում, միջին եւ վերին օղակներում շատերը սկսել են մտածել, թե որքանով է նպատակահարմար իրենց անունն ու կարիերան կապել մի մարդու հետ, որն արդեն իսկ Ցեղասպանությունը ուրացողի խարան ունի եւ մինչեւ կոկորդը խրված ղարաբաղյան խնդրի մեջ»: Այդուհանդերձ Աշոտ Սարգսյանը հավելում է. - «Ինչպես միշտ, որեւէ գործողություն չպետք է անմիջականորեն կամ միջնորդավորված վնասի երկրի պետական շահերին, չի կարող դուրս լինել օրինականության շրջանակներից, պետք է հեռու լինի արկածախնդրությունից: Սրա մեջ է մեր Շարժման, Կոնգրեսի ուժն ու քաղաքական հմայքը»:

«Հայք» թերթը խմբագրականում գրում է. - «Համեմատեք խորհրդային պետության ռեսուրսները Հայաստանի ունեցածի հետ եւ կկարողանաք հաշվել, թե ինչքան կդիմանա մեր երկիրը: Հիմա էլ են հաճախ կրկնում, որ այսպես շարունակվելու դեպքում մեր երկիրը կկործանվի: Ասում են՝ չհավատալով, որ կործանումը կարող է շատ շուտ լինել: Իսկ եթե անկեղծ լինենք, մենք կենտրոնացել ենք վարչախմբի վարած քաղաքականության վրա եւ անուշադրության ենք մատնում, թե ինչ է կատարվում մեր կողքին: Ուշադրություն չենք դարձնում, որ շենքերը կառուցվում են քաղաքաշինական նորմերը հաշվի չառնելով: Չենք նկատում, որ նույն շինարարները թալանում եւ իրենց հետ տանում են՝ ինչ կարողանում են, վաճառում են ցեմենտը՝ թուլացնելով ամրությունը: Ուշադրություն չենք դարձնում, որ էլցանցերի պետերը շատ արագ հարստություն են դիզում, եւ չենք ուզում պարզել, թե որտեղից այդքան գումար տեղամասերի ղեկավարներին: Մատների արանքով ենք նայում, թե մեկ օրում որքան գումար են վաստակում պետավտոտեսուչները, թաղայինները, դատավորներն ու դատախազները: Բարոյալքումն այնքան մեծ է, որ գողանում են նույնիսկ մասնավոր խանութներում աշխատող վաճառողուհիները: Գողության հետ մեկտեղ շարունակվում է սուտը: Եթե մի քիչ էլ անտարբեր մնանք, արդեն ուշ կլինի: Եվ եթե խորհրդային պետության փլուզումից հետո մենք շահեցինք, ապա Հայաստանի փլուզումից շահելու են մեր թշնամիները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG