Մատչելիության հղումներ

Աֆղանստանի նախագահի ընտրություններում թեժ պայքար է սպասվում


Հոկտեմբերի 20-ին Աֆղանստանի պատմության մեջ երկրորդ անգամ կանցկացվեն նախագահական ընտրություններ, որոնց մասնակցում է ավելի քան 35 թեկնածու, այդ թվում՝ 2001 թվականից պաշտոնավարող նախագահ Համիդ Քարզայը։

Պայքարը բավական թեժ է, թեկնածուներից յուրաքանչյուրը պնդում է, թե միայն ինքն է ունակ հաղթահարել Աֆղանստանի առջեւ ծառացած խնդիրները` ահաբեկչության դեմ պայքարից մինչեւ լայնատարած կոռուպցիա։

Երեկ երկրի պատմության մեջ առաջին անգամ հիմնական թեկնածուների միջեւ հեռուստատեսային բանավեճ է տեղի ունեցել ուղիղ եթերում, որը, ի դեպ, կազմակերպել է «Ազատություն» ռադիոկայանի աֆղանական ծառայությունը։

Բանավեճի ընթացքում, որին հետեւել են միլիոնավոր աֆղանցիներ, գործող նախագահը խոստացել է ժողովրդական համաժողով գումարել անվտանգության խնդիրների շուրջ, եւ այդ ժողովին հրավիրել «Թալիբան» շարժման, ինչպես նաեւ Աֆղանստանի ընդդիմադիր Իսլամական կուսակցության ներկայացուցիչներին։

«Բարեբախտաբար այժմ շատ լավ նախադրյալներ կան հարաբերությունների բարելավման համար. միջազգային հանրությունը` Սաուդյան Արաբիան, Միացյալ Նահանգները, ՆԱՏՕ-ն ընդունում են, որ խաղաղության հաստատումը կենսական նշանակություն ունի, եւ որ այն պետք է հաստատվի աֆղանցիների միջեւ հաշտության, ոչ թե պատերազմի միջոցով», - ասել է Քարզայը։

Մինչդեռ ընդդիմադիր թեկնածու, պատգամավոր Ռամազան Բաշարդուստը «անարդյունք եւ վաղաժամ» է որակել Քարզայի այդ նախագիծը եւ պնդել է, թե իր իշխանությունը ահաբեկիչների հետ երբեք բանակցությունների չի գնալու. - «Նրանք` թալիբները, չեն ընդունում գործող համակարգի օրինականությունը, նրանք պնդում են, թե հաղթել են մեր զինվորականներին այն դեպքում, երբ իրենց ձեռքերի վրա դեռեւս չի չորացել անմեղների արյունը»։

Բանավեճին մասնակցող մյուս թեկնածուն` նախկին ֆինանսների նախարար Աշրաֆ Գանին պնդել է, թե «անվտանգության կայացումը մեկ օրվա խնդիր չէ», եւ որ այդ նպատակի համար իր վարչակազմից կպահանջվի մինչեւ յոթ տարի ժամանակ։

Բանավեճին մասնակցած բոլոր երեք թեկնածուներն էլ համակարծիք են եղել, որ Աֆղանստանի առաջնային խնդիրներից մեկն այսօր գործազրկությունն է: Այս առումով առավել պերճախոս է եղել նախկին ֆինանսների նախարար, Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Աշրաֆ Գանին, ով խոստանում է իշխանության գալու դեպքում մեկ միլիոն աշխատատեղ ստեղծել եւ մեկ միլիոն տուն կառուցել։

Քարզայի մյուս մրցակիցը` նախկին արտգործնախարար Աբդուլա Աբդուլան, հրաժարվել է բանավեճին մասնակցելու առաջարկից։

Իրենց քարոզարշավն են վարում նաեւ թալիբները, որոնք հորդորում են աֆղանցիներին չմասնակցել հինգշաբթի կայանալիք ընտրություններին. նախօրեին գրոհայինները թռուցիկներ են բաժանել, որոնցում պնդել են, թե նշանառության տակ են առնելու բոլոր ընտրատեղամասերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG