Մատչելիության հղումներ

1999 թվականի «Հոկտեմբերի 27»-ի 10-ամյա տարելիցի օրը Ազգային ժողովի այգում կբացվի ահաբեկչության զոհերի հուշակոթողը:

«Որոշում է կայացվել Ազգային ժողովի այգում նախկինում տեղադրված հուշաքարի փոխարեն տեղադրել մշտական հուշակոթող», - «Ազատություն» ռադիոկայանին երկուշաբթի օրը ասաց Ազգային ժողովի նախագահի մամուլի խոսնակ Նաիրի Պետրոսյանը:

Նրա խոսքով, Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովը 1999 թվականի հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին նվիրված կոթողի կապակցությամբ երկու աշխատանքային նիստ է գումարել: 14 անդամներից բաղկացած հանձնաժողովը ղեկավարում է խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը, տեղակալը մշակույթի նախարարն է:

Հանձնաժողովի կազմում են նաեւ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները, մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահը, ճարտարապետների եւ նկարիչների միությունների ղեկավարները, Երեւանի գլխավոր ճարտարապետը։

Վերջինս «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ նախատեսվում է տեղադրել Երվանդ Քոչարի` տասնամյակներ առաջ ստեղծած քանդակներից մեկը. - «Ինքը այդպիսի ստեղծագործություն ունի, որը հիմա իր բովանդակությամբ համահունչ է»:

Հովիկ Աբրահամյանի մամուլի խոսնակն ասաց, որ հանձնաժողովը որոշել է հուշակոթողի հետ կապված հարցերը քննարկել զոհերի հարազատների հետ. - «Մշտական կապ է իրականացվում տուժածների, զոհերի ընտանիքների հետ՝ անկախ նրանից, թե ով ինչ քաղաքական ճամբարում է գտնվում»:

Այդուհանդերձ, 1999 թվականի հոկտեմբերի 27-ին զոհված Ռուբեն Միրոյանի կինը` Արծվիկ Միրոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ իրեն որեւէ մեկը հանձնաժողովի անունից որեւէ հարցի մասին դեռ չի տեղեկացրել։ Նույնն ասաց նաեւ ահաբեկչության մեկ այլ զոհի՝ Հենրիկ Աբրահամյանի այրին՝ Սիլվա Աբրահամյանը:

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո ստորագրվել էր երկրի նախագահի հրամանագիր, որով հանձնարարվել էր Մաշտոցի պողոտայում տեղադրել Կարեն Դեմիրճյանի արձանը: Արձանը մինչեւ օրս տեղադրված չէ:

Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդը` Ստեփան Դեմիրճյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, թե «որոշ մարդիկ շարունակում են վախենալ անգամ Կարեն Դեմիրճյանի հիշատակից». - «Ամեն ինչ արվում է հիշատակը մոռացության տալու համար: Ես խոսում եմ փաստերով: Փաստ է, որ 10 տարի է [անցել], իսկ հուշարձանի հարցը լուծված չէ: Սա պարզապես ամոթ է այս իշխանության համար»:

«Անցյալ տարի քաղաքապետարանը հայտարարեց մրցույթ, սակայն որեւէ մեկը հաղթող չճանաչվեց», - շարունակեց նա: - «Եվ այդպես էլ այդ հարցը մնաց… Հարցը պետք է լուծվի՝ կա որոշում: Եվ սա պետության արժանապատվության հարցն է»:

«Անկախ նրանից, թե երբ կտեղադրվեն «Հոկտեմբերի 27»-ի զոհերի հիշատակի հուշարձանները, անհրաժեշտ է լիարժեք բացահայտել այդ ոճրագործությունը», - հավելեց Ստեփան Դեմիրճյանը: - «Ոչ միայն հուշարձաններով, կոթողներով պետք է հարգել զոհերի հիշատակը, այլ նաեւ պետք էր լիարժեքորեն բացահայտել այդ ոճրագործությունը, պատասխանատվության ենթարկել կազմակերպիչներին: Իսկ այն, որ կազմակերպիչներ եղել են, կարծում եմ, քչերի մոտ է կասկած առաջացնում»:
XS
SM
MD
LG