Մատչելիության հղումներ

Օրենքի խախտումով համաներումը կիրառվել է Շամշյանի նկատմամբ


Գագիկ Շամշյանը դատարանում:

Գագիկ Շամշյանը դատարանում:

Վերաքննիչ քրեական դատարանը օրենքի խախտում է թույլ տվել ու համաներում կիրառել «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» օրաթերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի նկատմամբ։

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը անցած գարնանը Գագիկ Շամշյանին մեղավոր էր ճանաչել դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար եւ սահմանել 350 հազար դրամ տուգանք։ Շամշյանը բողոքարկել է վճիռը վերաքննիչ դատարանում, որը, հուլիսի 15-ի նիստում անփոփոխ էր թողել դատավճիռը:

Սակայն մի քանի օր անց լրագրողին կրկին դատարան են կանչել:

«Գնացի դատական նիստին», - «Ազատություն» ռադիոկայանին պատմեց Գագիկ Շամշյանը: - «Ասացին՝ քո նկատմամբ կիրառվում է համաներման տարբերակը: Ես էլ ասացի՝ հարգելի դատարան, դուք իրավունք չունեք իմ նկատմամբ կայացնեք համաներման որոշում, քանի որ դուք խախտում եք օրենքը: Օրենքում արգելվում է իմ նկատմամբ համաներում կիրառել, որովհետեւ իմ նկատմամբ կիրառվել է համաներում: Դատավարների պատասխանն էր՝ շուխուռ մի արա, մենք քեզ լավություն ենք անում: Ես էլ ասում եմ՝ ինձ լավություն պետք չէր: Ձեր լավությունը այն կլինի, որ լրագրողների աշխատանքը չխոչընդոտեք դատարաններում»:

Ազգային ժողովի «Համաներում հայտարարելու մասին»2009 թվականի հուլիսի 19-ի որոշման մեջ նշված է, որ համաներումը չպետք է կիրառել այն անձանց նկատմամբ, որոնց նկատմամբ վերջին 10 տարում համաներում կիրառվել է։ Նախկինում, դեռ 2007 թվականին, դարձյալ իր մասնագիտական գործունեության շրջանակներում Գագիկ Շամշյանը դատապարտվել էր եւ ՀՀ նախագահի որոշմամբ հայտարարված համաներումը նրա վրա նույնպես տարածվել էր։ Այս մասին վերաքննիչ դատարանում ֆոտոլրագրողը հայտնել է դատավորներին` Մհեր Արղամանյանին ու նրա 2 գործընկերներին։ Ասել է, որ երկրորդ համաներումն իր նկատմամբ կատարվում է օրենքի խախտումով։

Դատավորները, սակայն, լրագրողի ասածը հաշվի չեն առել։ Հետո ֆոտոլրագրողը բողոք է ներկայացրել նաեւ գլխավոր դատախազին ու արդարադատության նախարարին:

Երեկ Գագիկ Շամշյանը գրություն է ստացել գլխավոր դատախազի տեղակալից, որտեղ ասված է. - «Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը Շամշյանի նկատմամբ համաներում կիրառելու մասին անհիմն է, առանց օբյեկտիվ հիմքերի։ Արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որ ազդել է գործի ելքի վրա, խաթարել արդարադատության բուն էությունը։ Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է բեկանման»։

Սա ենթադրում է, որ դատարանի գործողությունները քննության են առնվելու Վճռաբեկ դատարանի վարույթում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG