Մատչելիության հղումներ

Չիկչյան. «Օգոստոսի 8-ից «Բջնի» հանքային ջրերի գործարանը արտադրանք է թողարկում»


«Բջնի» հանքային ջրերի գործարանը արտադրանք է թողարկում։ Օգոստոսի 8-ից արդեն մոտ 40 հազար շիշ «Բջնի» արտադրվել է։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երկուշաբթի ասաց «Բջնի» հանքային ջրերի գործարանի սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիկչյանը։

Անցած շաբաթավերջին «Բջնի» հանքային ջրերի գործարանի սեփականատեր հանդիսացող Սուքիասյանների ընտանիքը Մարդու իրավունքների եվրոպական դատարան 214 միլիոն եվրոյի հայց էր ներկայացրել ընդդեմ Հայաստանի կառավարության։ Փաստաբան Արա Զոհրաբյանի պնդմամբ, պետական մարմինները հետաքրքրված չեն 483 աշխատատեղ ապահովող «Բջնի»-ի գործարանի բնականոն գործունեությամբ։

2009 թվականի հունվարին, այնուհետեւ՝ փետրվարին տեղի ունեցած կրկնաճուրդի արդյունքում գործարանը գնեց գործարար, Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը։ «Բջնի» գործարանի տնօրինությունը, սակայն, վիճարկեց աճուրդի օրինականությունը։ Դատարանը բավարարեց այս հայցը։ Այնուհետեւ գործարանի նկատմամբ սահմանվեց սնանկացման գործընթաց, որի ընթացքում դատարանի կողմից նշանակվեց սնանկության գործընթացի կառավարիչ։

«Այսօրվա դրությամբ գործարանում աշխատում է 98 մարդ։ Աշխատում է 1 արտադրամաս՝ ապակե շշի արտադրամասը։ Լցվում է «Բջնի»։ Հուլիսի 17-ին սնանկության վճիռը մտել է ուժի մեջ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց «Բջնի» հանքային ջրերի գործարանի սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիկչյանը։

«Հուլիսի 1-ին 13 օրվա աշխատավարձ են ստացել ե՛ւ ադմինիստրացիան, ե՛ւ բանվորը։ Օգոստոսի 14-ին ստացել են օգոստոսի աշխատավարձը՝ օգոստոսի 1-ից 14-ը, ավանսային կարգով», - հավելեց Չիկչյանը։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ապագայում ի՞նչ է սպասվում գործարանին, դատարանի կողմից նշանակված սնանկության գործընթացի կառավարիչը պարզաբանեց. - «Դա ոչ ոք չի կարող ասել։ Օրենքը այնքան լիբերալ է, որ ցանկացած ժամանակ հիմնադիրը կարող է իր գումարը մուծել, պարտատերերի պահանջները բավարարել եւ առողջանա այդ հիմնարկը։ Եթե դա չարվի՝ կգնա աճուրդային եղանակով։ Գնորդ կլինի թե չէ՝ դա ոչ ոք չի կարող ասել»։

«Սիլ» կոնցեռնին պատկանող «Բջնի» գործարանում 2007 թվականի նոյեմբերից իրականացված ստուգումների արդյունքում 2008 թվականի հոկտեմբերի 10-ին վարչական դատարանը վճիռ էր կայացրել «Բջնի»-ից ավելի քան 4 միլիարդ դրամ բռնագանձելու մասին։ Նույն ամսին ԴԱՀԿ ծառայությունը գործարանում գույքագրում էր կատարել եւ գույքը կալանքի տակ առել:

2008 թվականի հոկտեմբերի 23-ին գործարանը փակվեց, դադարեցվեց արտադրությունը, քանի որ անհնար համարվեց հետագա գործունեությունը:

«Սիլ» կոնցեռնի ներկայացուցիչների պնդմամբ` Սուքիասյան ընտանիքին պատկանող կամ նրա հետ համագործակցող կազմակերպությունների նկատմամբ «հատուկ» ուշադրությունը եւ, ըստ իրենց` ապօրինի ստուգումները սկսվել են 2007 թվականի տարվա սեպտեմբերի 21-ից հետո, երբ Սուքիասյան եղբայրները իրենց զորակցությունը հայտնեցին նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին:

«Սիլ» կոնցեռնի նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ներկայումս հետախուզման մեջ է մարտի 1-2-ի դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործով:
XS
SM
MD
LG