Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգներում շարունակում է անկում ապրել Բարաք Օբամայի վարկանիշը։ Rasmussen Reports հետազոտական կենտրոնի անցկացրած հարցումների համաձայն, այս պահին ԱՄՆ-ի գործող նախագահի վարած քաղաքականությանը կողմ է արտահայտվում երկրի բնակչության 47 տոկոսը։

Այս ցուցանիշը, ըստ կենտրոնի, ամենացածրն է Օբամայի համար՝ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր։

Սպիտակ տան ղեկավարի վարած քաղաքականությունից դժգոհ են հարցմանը մասնակցածների 52 տոկոսը։ Դեռեւս անցած ամիս Օբաման վայելում էր ամերիկացիների առնվազն 50 տոկոսի, իսկ մայիսին՝ 59 տոկոսի համակրանքը։

Մասնագետների գնահատմաբ, նախագահի վարկանիշի անկումը հիմնականում կապված է Օբամայի վարչակարգի վարած տնտեսական քաղաքականության հետ։ Բացի այդ, ԱՄՆ-ի քաղաքացիների մոտ մտահոգություններ է առաջացնում բժշկական ապահովագրության եւ առողջապահության ոլորտում Օբամայի վարած քաղաքականությունը։

Տնտեսական ճգնաժամի արդյունքում նախագահի գործունեության հանդեպ «խորը հավատ» միայն հարցվածների 29 տոկոսն ունի։

Rasmussen Report-ի հարցմանը մասնակցել է 1,500 քաղաքացի։

Նույն կենտրոնը նաեւ հարցում է անցկացրել` պարզելու համար մարդկանց կարծիքը Ամերիկայի թշնամիների եւ բարեկամների մասին։ Հարցման արդյունքներով, ամերիկացիները իրենց երկրի գլխավոր թշնամին են համարում Հյուսիսային Կորեան եւ Իրանը։ Իսկ Կանադան եւ Մեծ Բրիտանիան ամերիկացիները իրենց համար բարեկամ երկրներ են համարում։
XS
SM
MD
LG