Մատչելիության հղումներ

Շաբաթ երեկոյան Ռեջեփ Էրդողանը կառավարության հինգ անդամների հետ միասին հանդիպել է Թուրքիայի ազգային ու կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ:

Հայ համայնքից ավելի քան մեկ տասնյակ ներկայացուցիչներ են մասնակցել հանդիպմանը: Պատվիրակությունը գլխավորել է Պոլսո հայոց պատրիարքարանի արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը: Հանդիմանը հրավիրվել է նաեւ Թուրքիայում գործող Հայաստանի միակ դիվանագետը` Սեւծովյան Տնտեսական Համագործակցության կազմակերպությունում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Միրզոյանը:

Հանդիպմանը հրավիրել էր նաեւ Թուրքիայում հրատարակվող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը։ Հեռախոսով նա «Ազատություն» ռադիոկայանին որոշ մանրամասներ պատմեց հանդիպման մասին։

«Բավականին հետաքրքիր հանդիպում էր», - ասաց Գոչունյանը. - «ինքը անդրադարձավ այս վերջին շրջանում եղած զանազան ժողովրդավարական բարեփոխումներին։ Ասաց, որ եթե ներքին համակեցությունը կարողանանք ամրապնդել, զարգացնել, երկիրը պիտի մի մեծ ոստյուն ապահովի»։

Հանադիպումը կազմակերպել էին ոչ կառավարական մի շարք կազմակերպություններ: Արա Գոչունյանը ասաց, որ նրանց ողջույնի խոսքից հետո Էրդողանը մոտ 20 րոպե ելույթ է ունեցել։

«Նա անդրադարձավ իր երիտասարդական տարիների հուշերին՝ նկատի ունենալով, որ երիտասարդական տարիներին ֆուտբոլ է խաղացել եւ ասաց, որ իր խաղացած ակումբում հայ խաղակից ընկերներ է ունեցել, այդպիսի մի դրվագ մեջ բերեց։ Խոսակցությանը շարունակությանը ասաց, թե իրենց իշխանությունը հենց առաջին փուլից բոլոր խնդիրներին համահավասար կարեւորություն է ընծայել եւ երկրի մեջ բոլոր շրջանակներին եւ հասարակության բոլոր խավերի նկատմամբ համահավասար հեռավորության վրա են», - պատմեց Գոչունյանը։

Թուրքիայի վարչապետը հանդիպմանն ասել է. - «Մեզ համար հնարավոր չէ քայլեր անել, եթե սպասենք ուրիշների խոսքերին»:

Նա ասել է, թե երբ կառավարությունը 8 տարի առաջ իշխանության եկավ, երեք հիմնական խնդիր դրեց. - «Մենք ասացինք. չենք ունենա տարածաշրջանային, էթնիկ ու կրոնական խտրականություն: Մենք ջանքեր ենք գործադրում անարդարությունները վերացնելու համար»:

«Մեզ համար հիմա հատկապես կարեւոր է հարգանքով ու սիրով գրկախառնվել այս երկրի բոլոր 71,5 միլիոնանոց ժողովրդի հետ», - հայտարարել է Էրդողանը։

Արա Գոչունյանի փոխանցմամբ, Էրդողանը ասել է, թե կառավարությունը փորձում է լուծել բոլորի հարցերը։

«Ընդհանրապես շատ կառուցողական մոտեցմամբ խոսակցություն էր, որը բավականին լայն արձագանք է գտել թուրքական ԶԼՄ-ներում։ Բոլորի դիտարկումը այն է, որ վարչապետի արտահայտություններում զգացվում էր ամուր քաղաքական կամքի դրսեւորում, ինչը առաջիկայի վերաբերյալ ակնկալությունների եւ գործնական սպասելիքների առումով բավական հուսադրող է», - կարծիք հայտնեց Թուրքիայում հրատարակվող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը։
XS
SM
MD
LG