Մատչելիության հղումներ

Շաբաթ օրը Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնում «S.O.S. Թեղուտ» երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգքրի 333-րդ հոդվածի առաջին մասով, այն է` սուտ մատնություն։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել քաղաքից չբացակայելու մասին ստորագրությունը:

Համաձայն Էրեբունու քննչական բաժնի, 2008 թվականի նոյեմբերին Մարիամ Սուխուդյանը «շահադիտական դրդումներով սուտ տեղեկություններ է տրամադրել ԶԼՄ-ներին, թե Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցի արդեն նախկին ուսուցիչ Լեւոն Ավագյանի կողմից դպրոցի սաների նկատմամբ սեռական բնույթի ոտնձգություններ են կատարվել»։

Մարիամ Սուխուդյանը հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները եւ ասում, որ ինքը լրատվամիջոցներին այդ դեպքերի վերաբերյալ տեղեկություններ է տրամադրել` հիմք ընդունելով սաներից մեկի՝ Դիանա Ամիրխանյանի ասածները։ Իրենք անգամ տեսագրել են Դիանա Ամիրխանյանին ու տեսագրությունը տրամադրել են ԶԼՄ-ներին։

Բայց հետագայում, ըստ Մարիամ Սուխուդյանի, Դիանա Ամիրխանյանի նկատմամբ ճնշումներ են իրականացվել, որպեսզի նա ետ կանգնի իր ասածներից։

«Վերջին խոսակցությունը, որ եղել է այդ երեխայի հետ, այն էր, թե՝ կներեք, եթե գնամ ոստիկանություն, ստելու եմ, որովհետեւ իմ մայրը ինձ ծեծել է, որովհետեւ դպրոցից եկել է ոմն սպիտակ մազերով մեկը, խոսել է ծնողներիս հետ, որից հետո ինձ արգելել են որեւիցե բան ասել», - «Ազատություն» ռադիոկայանին պատմեց Սուխուդյանը:

Խոսքը անցած տարի աղմուկ բարձրացրած մի պատմության մասին է։ 2008 թվականի նոյեմբերին Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրով եթեր հեռարձակվեցին երկու ռեպորտաժներ, որոնցում խոսվում էր, թե Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցի սաները սեռական բնույթի ոտնձգությունների են ենթարկվել ուսուցիչ Լեւոն Ավագյանի կողմից։ Հեռարձակված ռեպորտաժների կապակցությամբ Էրեբունու քննչական բաժնում ձեռնամուխ են լինում նյութերի նախապատրաստմանը, սակայն արդյունքում արդեն այս տարվա փետրվարի 11-ին քրեական գործ է հարուցվում դպրոցի սաներից մեկի՝ Դիանա Ամիրխանյանի կողմից զրպարտություն կատարելու փաստի առթիվ, թե իբր իրականում Լեւոն Ավագյանի կողմից նման ոտնձգություներ չեն եղել, եւ Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակված ռեպորտաժում Դիանա Ամիրխանյանը զրպարտել է Լեւոն Ավագյանին։ Ընթանում է նախաքննություն, եւ արդեն այսօր փոխվում է մեղադրանքի բնույթը` մեղադրանք է ներկայացվում Մարիամ Սուխուդյանի նկատմամբ։

Վերջինիս փաստաբան Նոնա Գալստյանն ասում է, որ Էրեբունու քննչական բաժինը իր մեղադրանքի մեջ չի հիմնավորում, թե Մարիամ Սուխուդյանը շահադիտական ինչ նպատակներ է ունեցել, որպեսզի սուտ տեղեկություներ տրամադրի գիշերօթիկ դպրոցի նախկին ուսուցիչ Լեւոն Ավագյանի վերաբերյալ։ Նոնա Գալստյանը նշում է նաեւ Էրեբունու քննչական բաժնի կողմից թույլ տրված մի շարք սխալների մասին:

«Նախաքննության ընթացքում չի կատարվել գործով կարեւոր վկաների հարցաքննություն, չեն կատարվել Մարիամ Սուխուդյանի, նրան թիմակիցների եւ դպրոցի սաների միջեւ առերես հարցաքննություններ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց փաստաբանը՝ շարունակելով. - «Որեւէ գնահատական վարույթն իրականացնող մարմնի կողմից չի տրվել Մարիամ Սուխուդյանի եւ նրա թիմակիցների կողմից ներկայացված հեռախոսային խոսակցության ձայնագրությունը, որը տեղի է ունեցել Դիանա Ամիրխանյանի հետ»:

Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցի տնօրեն Մերուժան Ենգիբարյանը հրաժարվեց մեկնաբանություններից:

Մարիամ Սուխուդյանը, ով զբաղվում է նաեւ Թեղուտի անտառների պաշտպանությամբ, ասաց, որ չի կարող չկապել այս գործը իր հիմնական գործունեւության հետ:

«Որովհետեւ առաջինը անգամ է չէ, որ իմ թիմակիցները տարբեր ճնշումների են ենթարկվում…. Տարբեր զանգեր, հանդիպումներ, որ՝ մոռացեք, թողեք այդ ակտիվիզմը: Իրենց դա դուր չէր գալիս: Մենք մեր բնության համար ենք պայքարում, մեր ապագայի համար, բայց, դուրս է գալիս, որ ինչ-որ մարդկանց դեմ է սա», - ասաց Մարիամը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG