Մատչելիության հղումներ

Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Կենսաթոշակային հիմնադրամի ոլորտում համաշխահային ֆինանսատնտեսական ճգնաժամը ազդեցություն չի ունեցել:

«Առ այսօր որեւիցե լարվածություն կենսաթոշակների վճարման հետ կապված մենք չունենք, որպես այդպիսին չենք ունենա նաեւ մինչեւ տարեվերջ», - հայտարարեց Խաչիկյանը:

Անդրադառնալով կենսաթոշակների բարձրացմանը՝ ծառայության պետը հիշեցրեց, որ վերջին ընտրություններին դա ընդգրկված է եղել իշխանական կոալիցիային մաս կազմող կուսակցությունների նախընտրական ծրագրերում, այնուհետեւ՝ կառավարության ծրագրերում. - «Հիմա հաշվարկներ են կատարվում, եւ մեկ ամսից մենք կիմանանք, թե ինչ չափով կամ արդյոք կբարձրանան կենսաթոշակները թե ոչ: Հանրապետության վարչապետը հայտարարեց, որ 2010 թվականին մենք կունենանք տնտեսական աճ մոտ 1 տոկոսի սահմաններում: Այս տարվա համար գիտեք, որ կանխատեսվում է տնտեսական անկում»:

Այսօրվա դրությամբ Հայաստանում 517 հազար կենսաթոշակառու կա. մոտ 37 հազարով ավելի, քան գրանցված աշխատողներն են, որոնց սոցիալական վճարների հաշվին է բաշխվում կենսաթոշակը: Ընդ որում, տարեսկզբից ի վեր գործազուրկների թիվը Հայաստանում 15 հազարով աճել է:

«2007 թվականի նկատմամբ մեր մոտ կենսաթոշակները աճել են շուրջ երկու անգամ: Բնականաբար, գները Հայաստանի Հանրապետությունում վերջին երկու տարում երկու անգամ չեն աճել», - ասաց Վազգեն Խաչիկյանը՝ դիտարկմանը, թե կենսաթոշակառուներն այլ կարծիքի են, պատասխանելով. - «Եթե խնդրին չնայենք հոգեբանական տեսակետից, այլ նայենք զուտ թվերի տեսակետից եւ զուտ փաստերի տեսակետից՝ օրինակ, այս տարի կենսաթոշակներն աճել են միջինը մոտ 15-16 տոկոսով, իսկ գնաճը 3-4 տոկոսի սահմաններում է»:

Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող նվազագույն պարենային զամբյուղը 22 հազար դրամ է, նվազագույն սպառողական զամբյուղը՝ 35 հազար դրամ: Միջին կենսաթոշակը մոտ 4 հազարով գերազանցում է պարենային զամբյուղը, բայց 10 հազարով պակաս է նվազագույն սպառողական զամբյուղից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG