Մատչելիության հղումներ

Սուքիասյանների ընտանիքը դիմել է Եվրադատարան


Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյան

Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյան

Սուքիասյանների ընտանիքը եւ «Բջնի» հանքային ջրերի գործարանը դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ավելի քան 214 միլիոն եվրո գնահատելով գործարանին պետության կողմից հասցված նյութական եւ բարոյական վնասը:

«Եվրոպական դատարանում նախնական հաշվարկի արդյունքում ներկայացված նյութական եւ ոչ նյութական վնասի ամբողջ չափը՝ ինչպես նաեւ ծախքերը հաշված, կազմում է 214 միլիոն 194 հազար 940 երվո», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Բջնի» գործարանի շահերը ներկայացնող փաստաբան Արա Զոհրաբյանը՝ շարունակելով. - «Սա դեռ ամբողջը չէ: Ընկերությունը կրկին կրում է վնասներ, եւ այդ վնասները նույնպես «ՍԻԼ կոնցեռն»-ի մասնագետների կողմից հիմա հաշվարկվում են, եւ այս պահանջները, կարծում եմ, հետագայում նույնպես կարող են հստակեցվել»:

Զոհրաբյանի խոսքով, դիմումի հիմքում ներպետական ատյաններով անցած երկու գործեր են, որոնցում «Բջնի» ընկերությունը պարտվել էր: Խոսքը Պետական եկամուտների կոմիտեի ստուգումների հիման վրա 2008 թվականի հոկտեմբերի 10-ին վարչական դատարանի՝ «Բջնի» ընկերությունից ավելի քան 4 միլիարդ դրամ բռնագանձելու մասին վճռի եւ դրան հետեւած՝ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության գործողությունների օրինականության մասին է:

«Գործում եղած փաստերը հստակ մի բանի մասին են վկայել, որ պետական մարմինը «Բջնի» ընկերության նկատմամբ կամայական մոտեցում է ցուցաբերել: Եվ կարծում եմ, որոշակի իմաստով Հայաստանի Հանրապետության համար դժվար է լինելու, որովհետեւ արդեն կոպիտ ասած՝ այդ հարցը որոշակի առումով քաղաքական հարց է դառնում», - փոխանցեց փաստաբանը:

Այժմ հետախուզման մեջ գտնվող Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ղեկավարած «ՍԻԼ կոնցեռն»-ի ներկայացուցիչները բազմիցս բարձրաձայնել են, որ Սուքիասյանների նկատմամբ «հատուկ ուշադրությունը եւ ապօրինի ստուգումները» սկսվել են 2007 թվականի սեպտեմբերի 21-ից հետո, երբ Սուքիասյան եղբայրները իրենց զորակցությունը հայտնեցին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին:

Արա Զոհրաբյանի փոխանցմամբ, Եվրադատարանի կողմից հայցը քննության ընդունելը կարող է պահանջել շուրջ երկու տարի. - «Ես կարծում եմ, որ մոտ երկու տարվա ընթացքում մենք կարող ենք առաջին փուլի մասին նույնիսկ տեղեկություն ունենալ: Բայց, հաշվի առնելով, որ ընկերությունն այս պահին վնասվում է, ընկերությունն ունի գույք, եւ այդ գույքը սնանկության գործով ցանկանում են աճուրդով օտարել, միգուցե ընթացքում կողմը միջնորդի եւ Եվրոպական դատարանին խնդրի, որ այս ընդունելության հարցն էլ արագացնեն, որովհետեւ դա կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ»:

Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունից հրաժարվեցին որեւէ մեկնաբանություն անել: Մեկնաբանությունից հրաժարվեց նաեւ «Բջնի»-ի սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիկչյանը՝ խոստանալով առաջիկայում հարցազրույց տալ «Ազատություն» ռադիոկայանին:

Այս տարվա փետրվարի 16-ին կայացած կրկնաճուրդի ժամանակ «Բջնի» գործարանը 4 միլիարդ 451 միլիոն դրամով գնել էր գործարար, Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, սակայն չէր վճարել գումարը: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ապրիլի 6-ի վճռով «Բջնի»-ն կրկին ճանաչվեց սնանկ:

Այս տարվա մարտին Կոտայքի մարզում կայացած կառավարության արտագնա նիստի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանը խոստացավ հետեւել, որպեսզի «Բջնի»-ի շուրջ գործընթացները հնարավորինս շուտ ավարտվեն, եւ գործարանը աշխատի որպես ամբողջական համալիր:

«Մենք գիտենք, որ մարզում մտահոգություն կա «Բջնի» գործարանի ապագայի նկատմամբ, մասնավորապես, լուրեր էին պտտվում, թե գործարանը մասնատվելու է. բաժանվելու է մասերի եւ այլն: Ես ուզում եմ փարատել այդ մտավախությունները, մտահոգությունները. այդպիսի բան չի լինելու, գործարանը ամբողջական ձեւով աշխատելու է, եւ այն դատական գործընթացները, որ այսօր ընթանում են, չեն ենթադրում, որ գործարանը մաս-մաս պետք է վաճառվի», - ասել էր վարչապետը:

Արա Զոհրաբյանը այս կապակցությամբ այսօր ասաց. - «Փաստորեն ամբողջ ձմռան ժամանակահատվածում գործարանը չէր աշխատում: Եվ, բանականաբար, այսօր գործարանը հետ վերակենդանացնել, աշխատեցնել, կարծում եմ, շատ դժվար բան են մտածել: Այս ամեն ինչի մեղավորը հենց վարչական մարմիններն են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG