Մատչելիության հղումներ

Թուրքիայի իշխանությունները մերժել հայազի երգչի վերջին ցանկությունը


Թուրքիայի իշխանությունները չեն թույլատրել հայազգի երգիչ Արամ Տիգրանի հուղարկավորությունը Դիարբեքիրում: Դա օրերս մահացած 75-ամյա երգչի վերջին ցանկություն էր:

Թուրքական մամուլի փոխանցմամբ, Արամ Տիգրանի ընտանիքի անդամները եւ Դիարբեքիրի տեղական իշխանությունների ներկայցուցիչները այս հարցով դիմել էին Թուրքիայի համապատասխան գերատեսչություններին, սակայն նրանց խնդրանքը մերժվել է:

Ըստ Թուրքիայում գործող օրենքների, օտարերկրյա քաղաքացին Թուրքիայում կարող է հուղարկավորվել ներքին գործերի, արտաքին գործերի ու մշակույթի նախարությունների թույլտվությամբ։

Արամ Տիգրանը կյանքի վերջին տարիներին ստացել էր Հունաստանի քաղաքացիություն։

Երգչի իսկական ազգանունը Մելիքյան է։ Նա ծնվել է 1934 թվակաին Սիրիայում, որտեղ ծնողներն ապաստան էին գտել՝ փրկվելով 1915-ի ցեղասպանությունից։ 1966 թվականին Արամ Տիգրանը տեղափոխվել էր Երեւան, որտեղ 18 տարի աշխատել էր հայկական ռադիոյում։ 1995-ին մեկնել է Հունաստան, ապրում էր Աթենքում, որտեղ էլ մահացել է օգոստոսի 8–ին:

Թուրքիայի իշխանությունների մերժումից հետո, երգչի ընտանիքը որոշել է նրան հուղարկավորել Բրյուսելի հայկական գերզմանատանը։ Արարողությունը նշանակվել է օգոստոսի 17–ին։

Թուրքական մամուլը Արամ Տիգրանին բնորոշում է որպես «քրդական երաժշտության առանցքային դեմքերից մեկը», ով ավելի քան 100 երգ է գրել քրդերեն ու հայերեն եւ 400-ից ավելի երգեր է կատարել տարածաշրջանի տարբեր ժողովուրդների լեզուներով։

Երեկ Դիարբեքիրի հայկական գերազմանատանը հիշատակի արարողություն է անցկացվել, որին մասնակցել են քուրդ պատգամավորներ, Դիարբեքիրի քաղաքապետը։ Վերջինս, խոսելով իշխանությունների որոշման մասին, ասել է, թե «ամոթ է ոչ թե մեզ համար, այլ նրանց համար, ովքեր ընդունեցին այդ որոշումը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG