Մատչելիության հղումներ

Գյումրեցի 3 ոստիկաններ դատապարվեցին 7-ական տարվա ազատազրկման


Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հինգշաբթի օրը 7-ական տարվա ազատազրկման դատապարտեց ոստիկանության Գյումրիի բաժնի նախկին աշխատակիցներ Սեյրան Պետրոսյանին, Սարգիս Պարսամյանին եւ Հովհաննես Գրիգորյանին՝ «առանձնապես խոշոր չափերի կաշառակերության համար»:

2008 թվականի օգոստոսի 2-ին Գյումրիի կենտրոնական շուկայում Երեւանից ժամանած հատուկ ջոկատայինների ու ոստիկանների իրականացրած հատուկ գործողության արդյունքում բազմաթիվ մարդիկ բերման էին ենթարկվել Ոստիկանության Շիրակի մարզային վարչություն:

Ավելի ուշ համատեղ հայտարարություն էին տարածել Ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունները: Ըստ այդմ՝ միջոցառումը իրականացվել էր շուկայի տարածքում ոստիկանության Գյումրիի բաժինի աշխատակիների կողմից շուկայի տարածքում առեւտուր անող անձանցից գումարներ շորթելու փաստերի առնչությամբ: Ոստիկաններ Սեյրան Պետրոսյանին, Սարգիս Պարսամյանին եւ Հովհաննես Գրիգորյանին առաջադրվեց մեղադանք՝ «առանձնապես խոշոր չափերի կաշառակերություն՝ իրականացված կազմակերպված խմբի կողմից»:

Գործի քննությունը դատարանում տեւեց 5 ամիս: Գործով տուժող ճանաչված 39 անձինք, ըստ քրեական գործի, 4 տարվա ընթացքում ամբաստանյալներին 15 միլիոն 629 հազար կաշառք են տվել:

Ամբաստանյալներից ոչ մեկը իրեն մեղավոր չճանաչեց: Նրանք հայտարարեցին, որ քրեական գործը շինծու է, քանի որ միակ ապացույցը ոստիկանության կետում գտնված տետրերն են՝ անուն-ազգանուններով, հեռախոսահամարներով եւ ավտոմեքենաների պետհամարանիշներով:

Իսկ ամբաստանյալ Սեյրան Պետրոսյանը իր պաշտպանական ճառում մատնանշեց նախաքննական մարմնի կատարած օրինախախտումները:

«2008 թվականի օգոստոսի 2-ին մեզ անօրինական կերպով ձերբակալելու ընթացքում, ինչպես նաեւ մի խումբ քաղաքացիների ձերբակալելիս եւ բերման ենթարկելիս թույլ են տվել բազմաթիվ իրավախախտումներ՝ կոտրել խանութների ապակիներ, քաշքշել, թափել եւ ոտքի տակ ոչնչացրել մարդկանց վաճառվող ապրանքները: Եվ այս բոլոր օրինազանցությունները պարտակելու եւ ղեկավարույթան մոտ արդարանալու եւ պատասխանատվությունից խուսափելու համար նախաքննական մարմինը գնացել է ամեն անօրինական քայլի, որպեսզի մեր դեմ կարողանա ինչ-որ ապացույցներ հավաքել», - ասաց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG