Մատչելիության հղումներ

Հայաստանի պետական ինտերնետային կայքերի դեմ հաջողված հարձակումների քանակը աճում է


Հայաստան -- Հակերների կողմից «դիմազրկված» Հարկային պետական ծառայության կայքէջը, 10-ը օգոստոսի, 2009 թ.
Հայաստան -- Հակերների կողմից «դիմազրկված» Հարկային պետական ծառայության կայքէջը, 10-ը օգոստոսի, 2009 թ.

Ինտերնետային հանցագործների կողմից Հայաստանյան պետական տարբեր ատյանների պաշտոնական կայքէջերի դեմ հաջողված հարձակումների քանակը արդեն կարեւոր ահազանգ է, որ շուտով Հայաստանը ամբողջովին շատ խոցելի կարող է դառնալ։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հինգշաբթի այսպիսի կարծիք հայտնեց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Ադրբեջանի ոչ-պաշտոնական կիբեռբանակ» կոչվող հակերական խումբը օրերս կոտրել էր Հայաստանի պետական հարկային ծառայության պաշտոնական կայքէջը։ Ինտերնետային հանցագործներին հաջողվել էր «դիմազրկել»՝ փոխել կայքի արտաքին տեսքը եւ առաջին էջում փակցնել 2004 թվականին Հունգարիայում հայ սպային կացնահարած ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի նկարը։

«Հաջողված հարձակումների քանակը արդեն կարեւոր ահազանգ է, որպեսզի պարզ լինի, որ եթե այսպես գնա, շատ շուտով Հայաստանը ամբողջովին շատ խոցելի կարող է դառնալ», - ասում է փորձագետը, հավելելով. - «Առօրյա կյանքում գուցե դրա վնասը այնքան էլ մեծ չլինի, բայց պատկերացրեք, որ դա արվի պատերազմական իրավիճակում եւ Հայաստանի պետական կայքերով Հայաստանի մասին ապատեղեկատվություն տարածվի»։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի ղեկավար Արծվին Բաղրամյանը վստահեցրեց, որ ԱԱԾ-ում գործում է համապատասխան մարմին, որը զբաղվում է Հայաստանյան ինտերնետային կայքերի անվտանգության խնդիրներով։

Տեղեկատվական ոլորտի Smart-Tech ընկերության անվտանգության գծով փոխտնօրեն Ռուբեն Մուրադյանը, ով իր բլոգում պարբերաբար տեղեկություններ է հրապարակում պաշտոնական կայքէջերի վրա կատարված հարձակումների մասին, նշում է, որ սա նմանօրինակ առաջին դեպքը չէ։

«Բոլորովին վերջերս կոտրվել էր կառավարության կայքէջը՝ Gov.am-ը։ Անցած տարվա օգոստոս ամսին՝ Արդարադատության նախարարության, Սպորտի եւ երիտասարդության նախարարության, Հայաստանի գլխավոր դատախազի կայքէջերը», - ասաց Մուրադյանը։

Ընդ որում, տեղեկատվական փորձագետները պնդում են, որ Հայաստանում կան գերազանց պաշտպանված կայքէջեր, որոնք, չնայած բազմաթիվ փորձերին, հակերները առայժմ չեն կարողացել «կոտրել»։

«Խնդիրը սկսել է գիտակցվել Հայաստանում շատ ուշ։ Համակարգված մոտեցումներ դեռեւս չկան։ Օրինակ նախագահի կայքը չեն կարողանում կոտրել։ Այսինքն՝ մենք կարող ենք ասել, որ ինչ-որ դեպքերում պաշտպանվածությունը խիստ մեծ է, եւ չենք կարող ասել, որ հայկական ամբողջ ինտերնետը խոցելի է», - գտնում է Սամվել Մարտիրոսյանը։

Երեկ տարածված հաղորդագրությունում, տեղեկատվական ոլորտի Smart Systems ընկերության տնօրեն Ստեփան Ասլանյանը պնդել էր, թե ադրբեջանական հակերների հարձակումները կազմակերպված բնույթ են կրում եւ հստակ ղեկավարվում են մեկ կենտրոնից եւ կարծիք էր հայտնել, որ անցյալ շաբաթվանից սկսվել է ադրբեջանցի հակերների զանգվածային հարձակումը հայկական կայքերի վրա։

Ոլորտի այլ փորձագետները, սակայն, խորհուրդ են տալիս որոշակի վերապահումներով մոտենալ նման պնդումներին, նշելով, որ աշխարհի բոլոր երկրների պետական կայքերը, եւ ընդհանրապես բոլոր տեսակի սերվերները պարբերաբար ենթարկվում են ինտերնետային հանցագործների հարձակումներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG