Մատչելիության հղումներ

Ղարաբաղի պատգամավորները պահանջում են ներում շնորհել Հացպանյանին


Հայաստան -- Սարգիս Հացպանյան

Հայաստան -- Սարգիս Հացպանյան

Լեռնային Ղարաբաղի Ազգային Ժողովի 11 պատգամավոր, մտավորականներ, դիմել են Հայաստանի Արդարադատության նախարարությանը` ղարաբաղյան պատերազմի մասնակից Սարգիս Հացպանյանին ներում շնորհելու պահանջով:

Ֆրանսահայ Սարգիս Հացպանյանը, ով հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով, ՀՀ Քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասով (սուտ մատնություն) դատապարտվել է 3,5 տարի ազատազրկման եւ արդեն 9 ամիս գտնվում է բանտում։ Սարգիս Հացպանյանի դեմ քրեական գործ էր հարուցվել «Հայկական ժամանակ» օրաթերթի մի հրապարակման հիման վրա, որտեղ Հացպանյանը պնդել էր, թե «Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ է նախապատրաստվում»:

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 2009 թվականի հունիսի 19-ի համաներման մասին օրենքը տարածվում է Հացպանյանի վրա, սակայն նրան ազատ արձակելու գործընթացը ձգձգվում է։ Ոչ Հայաստանի, ոչ էլ Ղարաբաղի պաշտպանության նախարարությունները համապատասխան տեղեկանք չեն տրամադրում, որով Հացպանյանը կկարողանա ապացուցել, որ ինքը մասնակից է եղել Ղարաբաղում ծավալված պատերազմական գործողություններին եւ որպես մարտական գործողությունների մաuնակից կարողանա օգտվել համաներման իր իրավունքից։

Լեռնային Ղարաբաղի Ազգային Ժողովի առաջին եւ երկրորդ գումարման պատգամավոր Ներսես Օհանջանյանը, ով Մարտակերտի շրջանի ինքնապաշտպանական շտաբի ռազմական խորհրդի անդամ է եղել, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վկայեց, որ Հացպանյանը ակտիվորեն մասնակցել է ռազմական գործողություններին։

«Ես իրեն գիտեմ 92 թվականից։ Ինքը աջակցում էր ազատագրական բանակի արցախյան թեւին։ Օգնությունները տարբեր բնույթի էին՝ սկսած ռազմական, պարենային եւ այլն։ Իսկ 92-ին, Շահումյանը հանձնելուց հետո, երբ Մարտակերտի վիճակը վատացավ, Սարգիսը արդեն ստացիոնար այստեղ էր եւ մասնակցում էր շրջանի ինքնապաշտպանությանը։ Այնուհետեւ, ես տեղյակ եմ, որ ինքը Քարվաճառի ազատագրմանն է մասնակցել», - պատմեց Օհանջանյանը։

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Բաղդասարյանը ցավով արձանագրեց, որ ներկայումս Հայաստանում «այդպիսի մարդիկ են հայտնվում բանտում, եւ այդպիսի մարդիկ են դուրս մնում համաներման ցուցակից՝ արցախյան պատերազմին սեփական մասնակցությունը փաստաթղթային ձեւով ապացուցելու անկարողության պատճառով»։

«Ինչ վերաբերում է Արցախին, ես առիթ եմ ունեցել ցավով նշելու, որ նորանկախ երկիրը ԺԵԿ-ի չափ ինքնուրույնություն չունեցավ համապատասխան տեղեկանք տրամադրելու Սարգիս Հացպանյանին, իսկ մինչ այդ՝ Ժիրայր Սեֆիլյանին», - ասաց պատգամավորը։

Ազգային ժողովի հունիսի 19-ի «Համաներում հայտարարելու մասին» որոշմամբ Հայաստանի Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից օգոստոսի 11-ի դրությամբ ազատ են արձակվել թվով 301 դատապարտյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG