Մատչելիության հղումներ

Իշխանություններին կոչ է արվում ազատ արձակել «Հայկական ժամանակ» օրաթերթի կալանավորված խմբագրին


«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին ազատ արձակելու պահանջին արդեն միացել են 84 լրագրողներ եւ հասարակական գործիչներ։

Տարածած հայտարարությամբ նրանք անհանգստություն են հայտնել լրագրողի նկատմամբ ցուցաբերված խտրական վերաբերմունքի առիթով՝ պահանջելով փոխել Փաշինյանի խափանման միջոցը։ Նիկոլ Փաշինյանը հուլիսի1-ին կամովին ներկայացավ իրավապահներին եւ անմիջապես կալանավորվեց։

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, մեկնաբանելով այս հայտարարություն, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, մասնավորապես, ասաց. - «Ես ստորագրել եմ, որովհետեւ կարծում եմ, որ անմեղ մարդիկ չպիտի նստեն բանտում, անկախ այն բանից, թե ինչ հայացքներ են նրանք դավանում։ Եւ երկրորդը՝ եթե մարդը եկել է եւ ներկայացել է իշխանություններին, ապա քննչական մարմինների այն պնդումը, թե իբր նա ինչ-որ խոչընդոտներ կհարուցի քննության համար՝ լինելով ազատության մեջ, ինձ անհետթե պատճառաբանություն է թվում»։

Հայտարարության տակ ստորագրած լրագրողները եւ հասարակական գործիչները պատրաստակամություն են հայտնել օրենքով սահմանված կարգով հանդես գալ որպես երաշխավոր՝ Նիկոլ Փաշինյանին ազատ արձակելու հարցում, «քանզի խափանման միջոցի փոփոխությունը կդիտարկվի որպես հարգանք ազատ խոսքի եւ քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ»։

«ԱԼՄ հոլդինգի» նախագահ Տիգրան Կարապետյանը, ով նույնպես միացել է հայտարարությանը, ասաց. - «Լրագրողները ընդհանրապես չպետք է լինեն մեկուսացված՝ մանավանդ քաղաքական հարցերով... մանավանդ երբ իրենք վերադառնում են եւ ցանկանում են նոր էջից սկսել, հավատում են իշխանությունների կոչին, որ համաներում է, եւ վերադառնում են։ Դա մեծ, խիզախ քայլ է, եւ ես չեմ մտածում, որ այդպիսի ավարտ պետք է ունենար այդ քայլը»։

Նիկոլ Փաշինյանին մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով: Նա մեղադրվում է «Զանգվածային անկարգությունների կազմակերպման», «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» եւ «Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելու եւ անցկացնելու» մեջ:

Փաշինյանին առաջադրված մեղադրանքների համար Քրեական օրենսգրքով նախատեսված ամենախիստ պատիժը 4-ից մինչեւ 10 տարվա ազատազրկումն է:

Հունիսի 19-ին Ազգային ժողովի ընդունած համաներման մասին որոշման համաձայն` պատժից ազատվում են մարտիմեկյան իրադարձությունների կապակցությամբ առավելագույնը 5 տարվա ազատազրկման դատապարտվածները:

Համաներումը չի կիրառվում մինչեւ Ազգային ժողովի որոշումն ընդունելը հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ` «բացառությամբ այն անձանց, որոնք մինչեւ 2009 թվականի հուլիսի 31-ը ներառյալ կամովին կներկայանան Հայաuտանի Հանրապետության իրավապահ մարմիններ, իuկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան»:
XS
SM
MD
LG