Մատչելիության հղումներ

logo-print

Օգոստոսի 12-ի մամուլ


«Հրապարակ» թերթում հայ-թուրքական հարաբերություններին ծավալուն անդրադարձ է կատարել քաղաքագետ Մանվել Սարգսյանը։ Քաղաքագետը նշում է. - «Ինչքան մոտենում է Սերժ Սարգսյանի՝ Թուրքիա ֆուտբոլային պատասխան այցելության ժամկետը, այնքան հաճախ է հայ հանրությունը հարց տալիս՝ կա՞ արդյոք հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու հեռանկար։ Եվ այդ հարցի պատասխանը փնտրելու ժամանակ բոլորի հայացքներն ուղղված են ոչ այնքան Հայաստանի իշխանություններին, որքան ազդեցիկ տերությունների այս կամ այն ներկայացուցիչներին։ Հատկապես նրանց շուրթերից են ուզում իմանալ, թե ինչ է սպասվում Հայաստանին սույն քաղաքական ուղղության մեջ։ Թերեւս, բոլորը ենթագիտակցորեն զգում են, որ գործերի ներկա վիճակը Հայաստանի իշխանություններից ամենաքիչն է կախված։ Բոլորովին պատահական չէ, որ ամերիկացի ամենահաս համանախագահ Մեթյու Բրայզայի վերջերս արտահայտած միտքն այն մասին, որ նա սկսել է հեռատեսորեն վերաբերվել մոտ ապագայում հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հեռանկարին, դարձել է միջազգային խնդիրների վիճակի լակմուսը։ Շատերը սրանում տեսան Սերժ Սարգսյանի՝ Թուրքիա կատարելիք առաջիկա այցի ձախողման նախանշան։

«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, պարզվում է, Անվտանգության խորհրդի քարտուղարի իր «պարտականությունները» կատարելուց ազատ ժամանակ զբաղվում է նաեւ իր բիզնեսի բարգավաճման հարցերով։ Ինչպես փոխանցում են իշխանական մեր աղբյուրները,Արթուր Բաղդասարյանը իրեն պատկանող Եվրոպական ակադեմիայում, ուր այժմ շինարարություն է ընթանում, պատրաստվում է կլինիկա բացել։ Սույն կլինիկան հավակնում է դառնալ առաջատարը Հայաստանում։ Համենայնդեպս, ըստ մեր ստացած հավաստի տեղեկությունների, այստեղ տեղադրվելու են խիստ թանկարժեք բուժսարքավորումներ, օրինակ՝ 370 հազար դոլար արժողությամբ Յամեր։ Ըստ իշխանական մեր աղբյուրների,Արթուր Բաղդասարյանը նաեւ Ոսկեվազում մեծ կոնյակի գործարան է կառուցում։ Իսկ թե ինչպես է Անվտանգության խորհրդի քարտուղարը հասցնում իր աշխատավարձով այդքան բան անել ու հետն էլ` տարին մի քանի անգամ հանգստանալ Դուբայում եւ այլ երկրներում` կանգ առնելով տեղի թանկարժեք հյուրանոցներում` դժվար է երեւակայել։ Փաստը, սակայն մնում է այն, որ ԱԽՔ-ը, իր բիզնեսով հանդերձ, բարգավաճում է»։

«Առավոտ» թերթի խմբագրականն անդրադառնում է հսկիչ դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) կտրոններին։ Թերթը գրում է. - «Այս տարի Հայաստանի իշխանությունները գործարարներին ու խանութպաններին հարկային դաշտ բերելու միանգամայն բարի նպատակով «Շահող կտրոն» վիճակախաղ հորինեցին, բայց ժողովուրդը շուտով դադարեց պահանջել կտրոնները՝ հասկանալով, որ տվյալ վիճակախաղում շահելու շանսերն այնքան մեծ չեն, որպեսզի ամեն օր երեսդ պնդացնես ու վաճառողներից պահանջես օրենքով քեզ հասանելիք կտրոնները։ Հիմա, վիճակախաղից բացի, շահելու այլ ձեւեր էլ են համապատասխան մարմինները նախաձեռնել. եռամսյա ժամկետում հավաքում ես որոշակի քանակությամբ կտրոններ եւ որոշակի գումարի տեր ես դառնում, եթե, իհարկե, առավոտից իրիկուն երեսդ պնդացնելով՝ վաճառողներից պահանջես քեզ հասանելիք կտրոնները, իսկ այդ անելն այսօր ավելի դժվար է, քան նախկինում, որովհետեւ, եթե նախկինում վաճառողներն ու վաճառողուհիները կտրոնները չէին տալիս, որպեսզի իրենց տերերը զով ստվերում թաքնվեն, ապա այսօր կրկնակի ու եռակի դժկամությամբ են մեզ մեր հասանելիք կտրոնները տրամադրում, որովհետեւ մեր կտրոնները տպելով ու մեզ չտալով՝ կարող են վիճակախաղում մեր կտրոններով շահել կամ, վատագույն դեպքում, եռամսյակի վերջում մեր բաժին կտրոնների դիմաց չափազանց կլորիկ գումարներ ստանալ»։

«Հայաստանի Հանրապետություն» թերթից տեղեկանում ենք, որ նվազել է զբոսաշրջիկների հոսքը դեպի Ծաղկաձոր։ Ըստ Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանի, այդ նվազումը, անցած տարվա համեմատ, կազմել է 30 տոկոս։ Քաղաքապետը, սակայն, այս հանգամանքը միանշանակ չի կապում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցության հետ։ «Մեծ դեր են խաղում նաեւ եղանակային պայմանները. Հանրապետության մյուս բնակավայրերում շատ շոգ չէ, իսկ Ծաղկաձորում նույնիսկ ցուրտ է։ Ամեն դեպքում, Ծաղկաձորը պատրաստ է զբոսաշրջային ցանկացած սեզոնի հանգստացողների մեծ հոսք ընդունել. Քաղաքում բոլոր ենթակառուցվածքներն ապահովված են», - ասում է Գարուն Միրզոյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG