Մատչելիության հղումներ

Արման Բաբաջանյանը մեկնելու է արտասահման՝ բուժվելու


Արման Բաբաջանյանը պատասխանում է լրագրողների հարցերին, 4-ը օգոստոսի, 2009

Արման Բաբաջանյանը պատասխանում է լրագրողների հարցերին, 4-ը օգոստոսի, 2009

Ավելի քան երեք տարի անազատության մեջ անցկացրած եւ անցած շաբաթ, առողջական վիճակի հետ պայմանավորված, մոտ 40 օր շուտ ազատ արձակված «Ժամանակ Երեւան» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանը, ինչպես ինքն է փոխանցել «Ազատություն» ռադիոկայանին, արդեն վաղը կմեկնի արտասահման՝ որտեղ չորեքշաբթի օրը կենթարկվի վիրահատության:

Բաբաջանյանը չցանկացած նշել այն երկիրը, ուր պատրաստվում է մեկնել:

Նա գերադասեց խոսել իր ապագա անելիքի մասին. - «Միարժեք ես մնալու եմ քաղաքականության մեջ, վերադառնալու եմ Հայաստան: Կարծում եմ, որ 2006 թվականից հետո Հայաստանի խնդիրները ավելի խորացել, ավելի լրջացել են: Եվ այդ արդարության դեֆիցիտը, որ ես այս մեկ շաբաթվա ընթացքում նշմարում եմ Հայաստանում, հայ ժողովրդի, մեր քաղաքացիների մոտ, կարծում եմ, լրջագույն աշխատանք է ենթադրում: Պատրաստվում եմ թե' քաղաքական ասպարեզում, թե' լրագրական իմ ծառայությունները բերել»:

Նա միանշանակորեն ասաց, որ իր քաղաքական գործունեությունը ծավալելու է Հայ ազգային կոնգրեսի քաղաքական ծրագրերի շրջանակում:

Նշելով, թե չի պատրաստվում անդամակցել որեւէ քաղաքական ուժի, Բաբաջանյանը ասաց. - «Ես կլինեմ Հայ ազգային կոնգրեսի կողքին եւ թերթը [«Ժամանակ Երեւան»] նույնպես կծառայեցնեմ Հայ ազգային կոնգրեսի նպատակներին»:

Հարցին, թե իրեն «քաղբանտարկյալ» համարո՞ւմ է, Բաբաջանյանը արձագանքեց. - «Ես գտնում եմ, որ ես ենթարկվել եմ քաղաքական հետապնդման եւ ես առաջին լրագրողն եմ եղել, որ Հայաստանում երբեւէ ձերբակալվել է՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք գոնե, եւ դա, փաստորեն, արձանագրել են նաեւ միջազգային կազմակերպությունները»:

Բաբաջանյանը, հիշեցնենք, 3,5 տարվա ազատազրկման դատապարտվել պարտադիր զինծառայությունից խուսափելու նպատակով փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով:

«Այն գործարքները, որ ինձ առաջարկվում էին անազատության պայմաններում, ինքնին փաստում էին, որ իշխանությունը ինքը եւս հասկանում է, որ այն պատժաչափը եւ այն հանցանքը, որ ինձ վերագրվել է, ուղղակի ֆարս է», - շարունակեց նա՝ փոխանցելով, այդօրինակ առաջարկությունների մեկի համառոտ պատմությունը. - «Միջազգային կազմակերպությունների, հատկապես Միացյալ Նահանգների պետքարտուղարության ղեկույցի նախօրեին ինձ առաջարկ բերվեց անվտանգության մարմիններից՝ թերթը փակելու դիմաց եւ Հայաստանը լքելու դիմաց ազատություն շնորհել: Եվ ասվեց, որ այդ առաջարկը բերվում է ուղղակի Ռոբերտ Քոչարյանից: Ես, իհարկե, հրաժարվեցի: Դրանից հետո եղել են բազմաթիվ առաջարկներ՝ իշխանության հետ աշխատելու, իշխանության մեջ աշխատելու, այդ գնով ազատություն շնորհելու ինձ»:

«Ինքը իշխանությունը այս գործարքների առաջարկով փաստել է, որ ես անհիմն եմ անազատության մեջ», - եզրափակեց Արման Բաբաջանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG