Մատչելիության հղումներ

Թուրքիան վերահաստատում է Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու մտադրությունը


Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն կիրակի օրը թուրքական «Կանալ 7» մասնավոր հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ Թուրքիան վճռական է տրամադրված Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու հարցում։

Դավութօղլուն ասել է, թե Կովկասում Թուրքիայի քաղաքականության հեռանկարն է՝ բարելավել հարաբերությունները Թուրքիայի ու Հայաստանի միջեւ, ինչպես նաեւ նորմալացնել հարաբերությունները Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ։ Նա հայտարարել է, որ Թուրքիան վճռական է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում եւ հայտնել է, որ բանակցությունները ընթացքի մեջ են։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը ասել է, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը կնպաստի նաեւ Հայաստան–Ադրբեջան խնդրի կարգավորմանը։

Հարցազրույցում Դավութօղլուն խոսել է ռուս-թուրքկան վերջին բանակցությունների, Ռուսաստանի վարչապետի՝ Թուրքիա կատարած այցելության ժամանակ էներգետիկ ոլորտում համագործակցության վերջին համաձայնությունների մասին։ Ռուսաստանի հետ հարաբերությունների համատեքստում, Թուրքիայի արտգործնախարարը նաեւ ասել է, թե Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնումը որոշակիորեն կնպաստի Ղարաբաղի հակամարտության կարգավորման ակտիվացմանը։

«Մենք պետք է խուսափենք տարածաշրջանային ու գլոբալ հակամարտությունների ռիսկերից Սեւ ծովի ու Կովկասի տարածաշրջաններում», - ասել է Դավութօղլուն։

Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ առեւտրի ոլորտում Ռուսաստանը Թուրքիայի թիվ մեկ գործընկերն է. Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը կազմում է 40 միլիարդ դոլար, իսկ Թուրքիան Ռուսաստանի թիվ 5 գործընկերն է։

Ռուսաստանի հետ էներգետիկ ոլորտի համագործակցության վերաբերյալ Դավութօղլուն ասել է, որ Ռուսաստանի հետ ստորագրված «Հարավային հոսք» ծրագրի համաձայնագիրը այլընտրանք չէ արեւելք-արեւմուտք «Նաբուկո» ծրագրին, որին Թուրքիան եւս միացել է։ Նա ասել է, թե այս տարբեր էներգետիկ միջանցքները մեկը մյուսի այլընտրանքը չէ եւ մեկը մյուսին չի խանգարում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG