Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-Պետրոսյան. «Հայաստանում ո'չ դատախազություն կա, ո'չ դատարան»


Լեւոն Տեր-Պետրոսյանը Կոտայքի մարզ այցելության ժամանակ, 5 օգոստոսի, 2009
Լեւոն Տեր-Պետրոսյանը Կոտայքի մարզ այցելության ժամանակ, 5 օգոստոսի, 2009

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները` Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, շաբաթ օրը այցելեցին Լոռու մարզ:

Տեր-Պետրոսյանը վերջին անգամ Լոռու մարզկենտրոն Վանաձոր էր այցելել անցած նախագահական ընտրությունների քարոզարշավին: Նրա եւ նրա համախոհների ներկայիս այցի նպատակն էր հանդիպել համակիրներին՝ քննարկելու երկրի ներկայիս վիճակն ու իրենց հետագա անելիքները, ինչպես նաեւ այցելել Հայոց համազգային շարժման Լոռու մարզային կառույցի ղեկավար, 2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ 5 տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Մանուկյանի ընտանիքին՝ բարոյական աջակցություն ցուցաբերելու նպատակով:

«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ի՞նչ է մտածում առաջին նախագահը ընդդիմության հանրահավաքների օրերին իշխանության կողմից դեպի Երեւան տանող ճանապարհների փակման վերաբերյալ, Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց. - «Ինչքան կարող են` թող շատ փակեն: Դա ցույց է տալիս իրենց թուլությունը, իրենց այլանդակությունը ամեն օր մեր ժողովրդին դրանով ապացուցում են: Դրանից ավելի լավ նվեր նրանք չեն մեզ կարող անել: Թող մեր ժողովուրդը տեսնի` ինչ իշխանությունների հետ գործ ունեն, թող տեսնի, որ այս իշխանությունները վախենում են իրենց ժողովրդից: Վախենում են, որովհետեւ գող, ավազակ իշխանություններ են: Ասում են` «Կոնգրեսի ակտիվությունը մարում է, հանրահավաքները նվազում են». եթե նվազում են, էլ ինչի՞ եք փակում, ինչի՞ց եք վախենում: Բաց թողեք` թող բոլորը տեսնեն, որ իսկապես նվազում են: Ես երջանիկ եմ` թող փակեն բոլոր ճանապարհները»:

«Ազատություն» ռադիոկայանի մեկ այլ հարցի, թե ինչպե՞ս է վերաբերվում Լոռու մարզի դատախազության` կոռուպցիայի դեմ պայքարի ակտիվ աշխատանքին, երբ անցալ կես տարում տարբեր քրեական գործեր են հարուցվել համայնքների ղեկավարների կամ էլ միջին օղակի պաշտոնյաների կոռուպցիոն գործունեության առթիվ, Լեւոն Տեր-Պետրոսյանը արձագանքեց. - «Կոռուպցիայի դեմ պայքարում են կոռուպցիայի պարագլուխները: Մեծագույն ավազակապետերը իրենք փոքրիկ օրինազանցների իբրեւ թե կարգի են հրավիրում եւ ժողովրդին ցույց են տալիս, որ կոռուպցիայի դեմ են պայքարում»:

«Հայաստանում ո'չ դատախազություն կա, ո'չ դատարան կա: Այդ ինստիտուտների աստվածը պետք է լիներ օրենքը, նրանց աստվածը իրենց անմիջական վերադասն է», - հայտարարեց առաջին նախագահը:

Լեւոն Տեր-Պետրոսյանին սպասում էին նաեւ անկուսակցական վանաձորցիները՝ իրենց խնդիրներով, որոնք տարբեր էին՝ կենցաղայինից մինչեւ քաղաքական:

Առաջին նախագահը վանաձորցիներին հուսադրում էր, թե ամեն ինչ լավ է լինելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG