Մատչելիության հղումներ

logo-print

Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան ուրբաթ օրը կտրականապես հերքեց շրջանառվող մեկնաբանությունները, թե Ղարաբաղյան կարգավորման բանակցություններում միջնորդները ճնշում են գործադրում, մասնավորապես, Հայաստանի վրա:

«Մենք որեւէ կողմի վրա ճնշում գործադրել չենք կարող», - Ծաղկաձորում ուրբաթ օրը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախաձեռնությամբ անցկացված երիտասարդական համաժողովում ասաց Մեթյու Բրայզան: - «Մենք միայն փորձում ենք աջակցել կողմերին համաձայնության գալ»:

Մեթյու Բրայզան կրկին շեշտեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին՝ մոսկովյան հանդիպմանը որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել, եւ ափսոսանք հայտնեց, որ Սերժ Սարգսյանին եւ Իլհամ Ալիեւին չհաջողվեց հայտարարել «կոնցեպտուալ խնդիրների շուրջ ձեռք բերված համաձայնության մասին»:

«Պաշտոնական համաձայնություն չեղավ, բայց նրանք [նախագահները] շատ մոտ էին դրան», - ասաց նա՝ հույս հայտնելով, որ համանախագահների՝ սեպտեմբերի կեսերին սպասվող տարածաշրջանային այցելությունից հետո «նախագահները ընդհուպ կմոտենեն հիմնարար սկզբունքների վերջին՝ չհամաձայնեցված տարրերը համաձայնեցնելու նախաշեմին»:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդրին՝ ամերիկացի համանախագահը ասաց, թե ԼՂ վերջնական կարգավիճակը որոշվելու է հանրաքվեով. - «Ես երբեք չեմ ասել, թե Ղարաբաղը վերադարձվելու է Ադրբեջանին: Ես ասել միայն, որ միջանկյալ կարգավիճակը կորոշվի հիմա, իսկ վերջնական կարգավիճակը կորոշի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը»:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Բրայզան հայտարարեց, որ Միացյալ Նահանգները այս հարցում եւս որեւէ ճնշում չի գործադրում կողմերի վրա: Պարզապես, նրա խոսքով, ԱՄՆ-ի վերջնական նպատակն է, որ այդ հարաբերությունները կարգավորվեն:

Մեթյու Բրայզան այսօր Երեւանում հանդիպումներ է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաեւ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG