Մատչելիության հղումներ

logo-print

ՀԱԿ-ը չի դադարեցնելու պայքարը, քանի դեռ «մեկ քաղբանտարկյալ անգամ մնում է բանտում»


Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ուրբաթ օրը Շիրակի մարզում հայտարարեց, որ ընդդիմադիրները իրենց պայքարը շարունակելու են մինչեւ վերջ՝ քանի դեռ մեկ քաղբանտարկյալ անգամ մնում է բանտում:

Մարալիկում, ուր Կոնգրեսի ղեկավար անդամների ու համաներմամբ ազատ արձակվածներից շատերի ուղեկցությամբ այցելել էր դեռեւս ազատազկման մեջ գտնվող Հարություն Ուռուտյանի տուն, Տեր-Պետրոսյանը՝ բացատրելով մարզային այցելությունների նպատակը, ասաց. - ««Այցելությունները, որ սկսվեցին Հրազդանից, այսօր Մարալիկ, հետո Թալին, վաղն էլ Վանաձոր, պարզապես այցելություններ են մեր ընկերների հարազատներին, ովքեր դեռեւս բանտում են: Այստեղ ոչ մի քաղաքական նպատակ չպետք է փնտրել. սա մեր ընկերական պարտքն է»:

«Երկրորդ, որոշ բարոյական աջակցություն ո'չ իսկ ընտանիքներին, այլ նրանց հարեւաններին», - շարունակեց ՀԱԿ-ի առաջնորդը: - «Ընտանիքները դրա կարիքը չունեն: Մենք նրանցից ավելի շատ բարոյական քաջալերություն, աջակցություն կարող ենք ստանալ, քան մենք կարող ենք տալ: Որովհետեւ նրանք համոզված մարդկանց ընտանիքներ են, որոնք ոչնչի համար չեն զղջում, պատրաստ են ցանկացած զրկանք կրել հանուն իրենց գաղափարների, հանուն իրենց նպատակների իրագործման: Երրորդ խնդիրն էլ՝ հավաստիացնելու, որ մենք չենք հանգստանալու, Կոնգրեսը մի պահ անգամ չի դադարեցնելու իր պայքարը, քանի դեռ մեկ քաղբանտարկյալ անգամ մնում է բանտում: Մենք շարունակելու ենք մինչեւ վերջ»:

Նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի Անիի նախընտրական շտաբի պետ Հարություն Ուռուտյանը 6 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ ընտրությունները խոչընդոտելու եւ Սերժ Սարգսյանի վստահված անձին մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով: Հուլիսյան համաներումը չտարածվեց Ուռուտյանի վրա:

«Ինձ թեւ տվեց Լեւոն Տեր-Պետրոսյանը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ուռուտյանի մայրը՝ 81-ամյա Եվգինե Ուռուտյանը:

Մարալիկում Հայ ազգային կոնգրեսի գրասենյակում ակտիվիստների ու համակիրների հետ հանդիպումից հետո, Տեր-Պետրոսյանը իր ուղեկիցների հետ մեկնեց Ջորակապ, որտեղ այցելեց անազատության մեջ գտնվող Մուշեղ Սաղաթելյանի ընտանիքին:

«Զորակցություն եմ համարում այս այցը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մուշեղ Սաղաթելյանի որդին՝ Սեւակը: - «Ես զգում եմ, մենք մենակ չենք այս պայքարում: Մենք ո'չ հիասթափվել ենք, ո'չ հուսալքվել ենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG