Մատչելիության հղումներ

«Մենք որեւէ պատճառ չունենք հավատալու, որ պատերազմը կարող է վերսկսվել, բայց եւ չենք թերագնահատում իրավիճակի լրջությունը», - հայտարարել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղար Ֆիլիպ Գորդոնը` պատասխանելով ռուս - վրացական նոր զինված հակամարտության հնարավորության մասին «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության հարցին:

«Մենք չենք ցանկանում անհոգ լինել: Տարածաշրջանում շատ զինված ստորաբաժանումներ կան, ինչը չի նպաստում երկու կողմերի համար լարվածության զգացողության մեղմմանը: Մենք որեւէ պատճառ չունենք հավատալու, որ պատերազմը կարող է վերսկսվել: Բնականաբար, անում ենք հնարավոր ամենը այն կանխելու համար: Բայց մենք չենք թերագնահատում իրավիճակի լրջությունը, դա է պատճառը, որ մենք այսքան ներգրավված ենք եւ փորձում ենք բոլորին խրախուսել պահպանել հանգստություն», - ասել է նա:

Որոշ քաղաքագետներ եւ վերլուծաբաններ, վերլուծելով ռուս - ամերիկյան հարաբերությունների վերաբեռնումը, կարծիք են հայտնում, որ այդտեղ լուրջ բարդություններ են սպասվում, քանի որ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունները տրամագծորեն տարբեր հայեցակարգեր ունեն: Անդրադառնալով Ռուսաստանի վարած արտաքին քաղաքականությանը` Գորդոնն ասել է, թե իր կարծիքով` վերլուծաբանները ճիշտ են, եւ եթե ռուս - ամերիկյան հարաբերություններում հնարավոր լիներ ներդաշնակության հասնել, դա կարվեր շատ վաղուց:

«Մեր շահերում եւ աշխարհում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ որոշակի տարբերություններ կան, եւ մենք դրանք անկեղծ բարձրաձայնում ենք: Միաժամանակ, մենք ունենք նաեւ ընդհանուր շահեր, որոնք ընդհանուր կասկածանքի մթնոլորտը հարթելու հույս են տալիս: Մենք` Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները, ընդհանուր շահեր ունենք Միջին Արեւելքում, մասնավորապես` միջուկային զենքի չտարածումը, իսլամական ծայրահեղականության դեմ պայքարը եւ այլն: Մենք ավելի շատ ընհանուր շահեր, քան տարբերություններ ունենք աշխարհի տարբեր ծայրերում: Այս սկզբունքն է պաշտպանում Միացյալ Նահանգները` առանց նախապատվություն տալու այս կամ այն գործչին կամ կուսակցությանը», - ընդգծել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը:

Անդրադառնալով Վրաստանի ներքաղաքական իրավիճակին եւ Կոնգրեսում կայացած լսումների ժամանակ իր հայտարարությանը, թե Վրաստանում իշխանափոխությունը պետք է կայանա 2013-ին` նորմալ ընտրությունների արդյունքում, մինչդեռ ընդդիմությունը պահանջում է Սահակաշվիլիի անհապաղ հրաժարականը, Ֆիլիպ Գորդոնն ասել է. - «Դա չի նշանակում, որ ես որեւէ ուղերձ եմ հղել ընդդիմությանը, բացի այն, որ անհրաժեշտ է հարգել Սահմանադրությունը: Վրաստանի համար լավագույնը կլինի այն, որ ժողովուրդը որոշի: Ընդդիմությունը ցանկանում է անհապաղ ազատվել գործող նախագահից, եւ դա, անկասկած, ընդդիմության իրավունքն է: Եվ եթե ազատ եւ արդար ընտրությունների ժամանակ ժողովուրդը կատարի նման ընտրություն, դա էլ կլինի արդյունքը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG