Մատչելիության հղումներ

logo-print

Որքանո՞վ են արդյունավետ փոքր ու միջին ձեռնարկություններին աջակցելուն ուղղված կառավարության քայլերը


Այն փոքր ու միջին ձեռնարկությունները, որոնք զբաղվում են, օրինակ, առեւտրով, եթե փորձեն բանկերից որպես վարկ ստանալ կառավարության կողմից իրենց օգնելու նպատակով առանձնացված միջոցները, ապա բանկերին վճարելու են շուկայական տոկոսադրույքներ։

Այսինքն, եթե չլիներ պետական որեւէ աջակցություն, եւ այդ ձեռնարկություններն էլ ուղղակի դիմեին բանկերին, վճարելու էին նույն տոկոսադրույքները։ Հետեւաբար, հարց է առաջանում` ինչքանո՞վ են արդյունավետ ճգնաժամի պայմաններում փոքր ու միջին ձեռնարկություններին օգնելու կառավարության քայլերը։

Հայաստանում այդ ձեռնարկություններին պետական աջակցություն ցուցաբերելու համար ստեղծված են Փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնն ու Գերմանա-հայկական հիմնադրամը։

Ըստ վերջինիս ղեկավար Գեւորգ Թումանյանի, հիմնադրամի հատկացրած միջոցներից հունիս ամսվա ընթացքում փոքր ու միջին ձեռնարկություններին հայաստանյան բանկերի տված վարկերի մոտ 80%-ը հատկացվել է 20-24% տոկոսադրույքներով, որոնք այսօրվա շուկայական ամենաբարձր տոկոսադրույքներն են։

Ներկայացվում է մի հիմնավորում` Համաշխարհային բանկն ու գերմանական KFW բանկը, միջոցներ հատկացնելով Հայաստանին, պայման են դրել, որ իրենց տված գումարներից հայաստանյան բանկերի միջոցով փոքր ու միջին ձեռնարկություներին տրվող վարկերի տոկոսադրույքները չեն կարող շուկայականից ցածր լինել։

ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության Ֆինանսական ոլորտի զարգացման ծրագրի աշխատախմբի ղեկավար Էդգար Կարապետյանի կարծիքով, սակայն, տվյալ դեպքում հնարավոր էր կիրառել այլ մեխանիզմ, օրինակ՝ սուբսիդավորել տոկոսադրույքները:

Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանի խոսքով, եթե պետությունը բանկերին պարտադրի ցածր տոկոսադրույքներ, դա «խեղաթյուրումներ կմտցնի շուկայում»:

«Բանկային համակարգը նույնպես տնտեսության մի հատված է», - պարզաբանեց փոխնախարարը: - «Եթե դու փորձում ես ոչ շուկայական մեխանիզմներ դնել, դա խեղաթյուրում է մտցնում, որովհետեւ ռիսկերը ճիշտ չեն կշռվում: Կարող է դա ձեռնտու լինել ձեռնարկության համար, բայց ձեռնտու չլինի բանկային համակարգի համար: Եվ արդյունքում բանկային համակարգը վնասներ կրի»:

Այսինքն` եթե ձեռնարկությունը չկարողացավ մարել վարկը, միեւնույն է բանկը պետք է պետությանը վերադարձնի նշված գումարը, ուստի բանկն էլ իրավունք ունի սահմանել տոկոսադրուքները։ Եթե կառավարությունը ստիպի բանկերին վարկեր տրամադրել շուկայականից ցածր տոկոսադրուքներով, ապա վարկեր կարող են վերցնել նաեւ ոչ մրցունակ ձեռնարկությունները։ Այդ դեպքում հավանականությունը, որ վերցված վարկը չի վերադարձվի, մեծանում է, ուստի պարտքի մարումը ընկնում է բանկի վրա եւ այն կանգնում է խնդիրների առջեւ։

Կարելի է համաձայնվել։ Բայց այդ դեպքում ստացվում է, որ կառավարությունը օգնում է ոչ թե փոքր ու միջին ձեռնարկություններին, այլ` բանկերին։ Ի դեպ, նշենք նաեւ, որ արտերկրից վարկերը ձեռք են բերվում մի քանի անգամ ավելի ցածր տոկոադրույներով, քան հետագայում բաշխվում են Հայաստանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG