Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պուտին. «Ռուսաստանը ամեն կերպ կօժանդակի Ղարաբաղի հարցում համաձայնություններ գտնելուն»


Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Էրդողանի ասուլիսը, Անկարա, 6 օգոստոսի, 2009

Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Էրդողանի ասուլիսը, Անկարա, 6 օգոստոսի, 2009

Ռուսաստանը շահագրգրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ եւ շահագրգռված չէ որեւէ հակամարտությամբ Կովկասում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը Անկարայում թուրք պաշտոնակից Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ:

Ռուսաստանի վարչապետին տարածաշրջանային հակամարտությունների վերաբերյալ հարց է ուղղել թուրքական «Զաման» պարբերականի թղթակիցը, ասելով, որ հայտնի է Թուրքիայի տեսակետը Ղարաբաղի հարցում` Թուրքիան կողմնակից է Ղարաբաղի «օկուպացիայի» վերացմանը, իսկ կոնկրետ ի՞նչ աշխատանքներ են տարվում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ:

Վլադիմիր Պուտինը արձագանքել է. - «Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հարցին, ժամանակին ես բազմիցս խոսել եմ այդ մասին, իսկ այժմ այդ աշխատանքներում ակտիվորեն ներգրավվել է նաեւ նախագահ Մեդվեդեւը, նա կանոնավոր կերպով հանդիպում է երկու երկրների ղեկավարների հետ եւ մեծ դրական աշխատանք է կատարում Ղարաբաղյան խնդրի լուծման հետ կապված»:

«Ես ասում եմ առանց որեւէ չափազանցության` հենց մեծ դրական աշխատանք», - շեշտել է Պուտինը ՝ հավելելով. - «Ռուսաստանը շահագրգռված է այս կարգավորմամբ եւ հակառակը` շահագրգռված չէ որեւէ հակամարտությամբ Կովկասում, քանի որ յուրաքանչյուր կոնֆլիկտային իրավիճակ խանգարում է մեր հարաբերությունների զարգացմանը այս կամ այն երկրի հետ: Սակայն Ռուսաստանի դիրքորոշումը միշտ էլ եղել է այն, որ մենք չենք կարող մեզնով փոխարինել հակամարտող կողմերը, մենք կարող ենք միայն որպես երաշխավոր հանդես գալ այդ գործընթացի եւ այդ համաձայնությունների համար: Մենք ամեն կերպ կօժանդակենք, որ այդ համաձայնությունները եւ կոմպրոմիսները գտնվեն եւ հանգեցնեն հակամարտության վերջնական եւ լիակատար լուծմանը»:

Վլադիմիր Պուտինը նաեւ մանրամասնել է, թե ինչի վերաբերյալ են երկուեւկես ժամ բանակցել եւ շուրջ մեկ տասնյակ համաձայնագրեր ստորագրել երկու երկրների վարչապետները:

Մասնավորապես, նա հայտարարել է, որ Ռուսաստանը ավելացնելու է Թուրքիա մատակարարվող գազի ծավալները: Ռուսաստանն ու Թուրքիան մի շարք ծրագրեր են իրականացնելու միջուկային, նավթի եւ գազի ոլորտներում: Թուրքիայի առաջին ատոմակայանի կառուցման մրցույթը ռուս - թուրքական համատեղ ընկերությունն է շահել, երկու կողմերը պայմանավորվել են նաեւ «Հարավային հոսք» եւ «Երկնագույն հոսք - 2» գազատարների կառուցման շուրջ: «Հարավային հոսք» գազատարը, որը շրջանցելով Ուկրաինան` Սեւ ծովի թուրքական հատվածով ռուսաստանյան գազը հասցնելու է Եվրոպա, փորձագետները համարում են Nabucco գազատարի մրցակիցը:

Անդրադառնալով այս հարցին` Պուտինը ասել է. - «Ինչ վերաբերում է փորձագետների կարծիքին ... Հայտնի է , որ «Հարավային հոսքը» եւ Nabucco-ն մրցակից են, սակայն նույնիսկ «Հարավային հոսքի» կառուցումը չի փակում Nabucco-ն, եւ ընդհանուր առմամբ, կախված մեր հիմնական սպառողների պահանջարկից` կարելի է ապագայում իրականացնել նաեւ դա, սակայն մեզ համար առաջնայինը, իհարկե, «Հարավային հոսքն» է:

Վերջերս եվրոպական չորս երկրների հետ Nabucco գազատարի համար տարանցիկ երկիր հանդիսանալու համաձայություն ստորագրած Թուրքիայի վարչապետը, իր հերթին, նշել է, որ երկու գազատարները մրցակից չեն, այլ միտված են Եվրոպայի էներգետիկ աղբյուրները առավել բազմազան դարձնելուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG