Մատչելիության հղումներ

Օգոստոսի 7-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրն անդրադարձել է Ռուսաստանում Ադրբեջան դեսպամ Փոլադ Բյուլբյուլօղլու վերջին հայտարարություններին. - «Բյուլբյուլօղլին, որը անձնական շփումներում բացարձակապես ագրեսիվ միլիտարիստի տպավորություն չի թողնում, որոշեց իր լուման ներդնել հարեւան երկրի ռազմատենչ հռետորական արվեստը զարգացնելու հարցում: Մի շարք լրատվամիջոցների տված հարցազրույցում նա հնչեցրեց Ղարաբաղի վրա հարձակվելու հերթական սպառնալիքը, եւ պատերազմն անվանեց ռուս հանդիսատեսի համար բարեհունչ բառակապակցությամբ՝ «ստիպողական խաղաղություն»: Հիշեցնենք, որ հենց այդ բառակապակցությունն էր մեկ տարի առաջ կիրառում ռուսաստանյան քարոզչությունը, երբ ի պատասխան Վրաստանի՝ Ցխինվալիի վրա հարձակման, ներխուժեց հարեւան երկրի խորքը՝ ջախջախելով վրացական ռազմական ենթակառուցվածքները: Հարգարժան դեսպանի զուգահեռը կաղում է երկու պատճառով: Առաջին. «ստիպողական խաղաղության» օպերացիան կիրառվեց մի երկրի դեմ, որը ցանկանում էր ուժով վերականգնել իր «տարածքային ամբողջականությունը», այսինքն՝ ուզում էր անել այն, ինչ այժմ սպառնում է անել Ադրբեջանը: Երկրորդ. Ռուսաստան-Վրաստան եւ Ադրբեջան-Հայաստան ռազմական պոտենցիալի հարաբերակցությունները համեմատման եզր անգամ չունեն»:

«Հայկական ժամանակ»-ն անդրադարձել է «Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարության համար նոր խոշորածավալ վարկեր վերցնելու՝ կառավարության մտադրությանը. - «Առաջին հայացքից, շատ էլ լավ ծրագիր է, մանավանդ որ, ինչպես Տիգրան Սարգսյանն է հայտարարել, մայրուղին համապատասխանելու է միջազգային չափանիշներին: Խնդիրն այն չէ՝ Ասիական բանկը կտա՞ այդ գումարը, թե՞ ոչ: Խնդիրն այն է, որ կառավարությունը նորմալ է համարում միայն մի քանի ամսվա ընթացքում արդեն 1.3 միլիարդ դոլարով արտաքին պարտքը մեծացնելուց հետո մտածել նոր պարտք վերցնելու մասին, ընդ որում՝ որեւէ տրամաբանական սխեմա այդ վարկերը փակելու, առայժմ չի հնչեցվել: 700 միլիոն դոլարի նոր վարկ վերցնելուց հետո մեր երկրի արտաքին պարտքը կանցնի 3 միլիարդ դոլարը: Երբ Հայաստանի կառավարությունը գնաց մեր արտաքին պարտքը եւս 1.3 միլիարդ դոլարով ավելացնելու քայլին, պաշտոնավորները պնդում էին, թե որեւէ վտանգ դրանում չկա, քանի որ արտաքին պարտքը չի գերազանցում վտանգավոր շեմը՝ համախառն ներքին արդյունքի 50 տոկոսը: 700 միլիոն դոլարի նոր վարկ վերցնելու պարագայում արդեն, մեղմ ասած, շեմը կգերազանցվի, եւ դա շատ լավ գիտեն նաեւ կառավարությունում: Եվ ուրեմն՝ հարց է ծագում՝ ինչո՞ւ կառավարությունն այդպես համառորեն ուզում է հատել այդ վտանգավոր շեմը: Իսկ շեմը իրոք վտանգավոր է, ընդ որում՝ Հայաստանի պես երկրի համար վտանգավոր է նույնիսկ շատ ավելի ցածր շեմը: Ամենեւին չի կարելի բացառել, իհարկե, որ սա ընդամենը ինքնագովազդի հերթական ակցիան է. «Տեսեք, միջազգային չափանիշներով ավտոմայրուղի ենք կառուցում Հայաստանի երկայնքով մեկ, իսկ դուք մեզ չեք սիրում» թեմայով: Սա, անշուշտ, հավանական տարբերակներից մեկն է, բայց կա նաեւ մեկ այլ՝ ավելի սարսափելի տարբերակ»: Այնուհետեւ թերթը բխեցնում է. - «Մի տարօրինակ «զուգադիությամբ», Հայաստանի սկսեցին վարկեր տալ հենց այն ժամանակ, երբ ակնհայտ դարձավ, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում լուրջ առաջընթաց է նշմարվում: Նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում սա հնարավոր չէ հասարակ զուգադիպություն համարել: Դժվար է գտնել այսօր որեւէ միամիտի, ով կհամարձակվեր կիսապատերազմական վիճակում գտնվող, թշնամիներով շրջապատված, մեղմ ասած՝ խիստ կասկածելի տնտեսական քաղաքականություն իրականացնող, օլիգարխների տիրապետության տակ գտնվող, հասարակության ատելությունը վայելող իշխանություն ունեցող Հայաստանի պես երկրին վարկ տալ եւ ակնկալել, թե իր փողը՝ տոկոսներն էլ հետը, հետ կստանա: Եվ ուրեմն՝ կարելի է հաստատապես պնդել, որ վարկերի առատորեն տրամադրում եւ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում առաջընթացը ամենեւին էլ զուգադիպություն չէ: Դժվար չէ կռահել, որ այսպես կոչված միջազգային հանրությունը ղարաբաղյան գլխացավանքից ազատվելու համար պատրաստ է որոշակի գումար վճարել»:

«Հայոց Աշխարհ» թերթում կարդում ենք «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանի հետեւյալ դատողությունները. - «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության այլընտրանքը պատերազմն է։ Եվ այս ակնհայտ իրողության պայմաններում հայկական կողմի վրա ճնշումներ գործադրելը, խնդիր դնելով, որ Հայաստանի Հանրապետությունը հրաժարվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության գաղափարից, նույնն է, հավասարազոր է նրան, որ Հարավային Կովկասում, մեր տարածաշրջանում նոր պատերազմի հրահրման պատասխանատվություն վերցնելը։ Սա է իրականությունը։ Հնարավոր նման զարգացումների գիտակցումն է, որ հրամայական է դարձնում մեր ժողովրդի կոնսոլիդացման խնդիրը։ Ցանկացած այլ գործողություն, որքան էլ բարեհունչ խոսքերով պարուրվի, ոչ այլ ինչ է, քան քաղաքական կարճատեսություն, եթե չասվի` տգիտության դրսեւորում կամ էլ քողարկված դավաճանություն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG