Մատչելիության հղումներ

Կառավարությունը ազդարարում է Հյուսիս - Հարավ ավտոմայրուղու շինարարության մեկնարկը


Հայաստանի կառավարությունը հինգշաբթի օրվա նիստոմ հաստատեց մի շարք որոշումներ, որոնցով, վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով՝ տրվում է միջազգային չափանիշներին համապատասխանող Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության մեկնարկը:

«Մենք սկսում ենք մի մեծ գործընթաց ճանապարհաշինարարության, որի տարողունակությունը կարող է կազմել, ըստ Ասիական [զարգացման] բանկի գնահատականների, մինչեւ մեկուկես միլիարդ դոլար», - հայտարարեց Տիգրան Սարգսյանը: - «Հայտը, որ մենք ներկայացնում ենք առաջին փուլը սկսելու համար, որը պետք է սեպտեմբերին Ասիական բանկի տնօրենների խորհուրդը հաստատի, կարող է լինել մինչեւ 700 միլիոն դոլար»:

Խոսքը ոչ թե նոր ավտոմայրուղու կառուցման, այլ Իրանի սահմանից մինչեւ Վրաստանի սահմանը Հայաստանի ավտոճանապարհների վերակառուցման եւ ընթարձակման մասին է։ Միաժամանակ չի բացառվում, որ նախագծային աշխատանքների ավարտին ի հայտ գա առանձին հատվածներում նոր թունելների կամ կամուրջների կառուցման անհրաժեշտությունը։

Հուլիսի սկզբին Հյուսիս-Հարավ միջանցքի հայեցակարգի քննարկման ժամանակ Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը հայտարարել էր, որ պետք է կառուցվի առաջին կարգի ավտոմայրուղի, որն անցնելու է Իրանից մինչեւ Վրաստան:

«Դա հնարավորություն է տալու շատ լուրջ տարանցիկ դեր կատարել տվյալ տարածաշրջանում: Այդ նախագիծը ընդհանրապես ոչ թե հայկական նախագիծ է, այլ տարածաշրջանային բնույթի նախագիծ », - ասել էր նախարարը:

Գործադիրը այսօր որոշեց Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Երեւան-Աշտարակ հատվածի նախագծահաշվարկային աշխատանքներն իրականացնելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից տրամադրել 18,5 միլիոն դրամ` մինչեւ տարեվերջ Ասիական զարգացման բանկից նշված գումարը հետ ստանալու պայմանով:

«Սա Ասիական բանկի պայմաններից մեկն է», - պարզաբանեց վարչապետը: - «Որպեսզի մենք գործընթացը արագ իրականացնենք, անհրաժեշտ է, որ մենք հիմա 18 միլիոն դրամ կանխավճար կատարենք եւ նախագծանախահաշվային աշխատանքները սկսելու համար լինի գումար: Եվ դա տնօրենների խորհրդի նիստին ներկայացնելու համար [անհրաժեշտ] գործոններից մեկն է, որի հիման վրա պետք է հաստատվի այս երկարժամկետ ծրագիրը»:

Կառավարության մեկ այլ որոշմամբ երեք տարով հետաձգվեց «Նատֆուդ» ընկերության կողմից ներկրվող տեխնոլոգիաների ԱԱՀ գումարների վճարման ժամկետը։ Ընկերութունը պատրաստվում է ներմուծել ավելի քան 3,5 միլիարդ դրամի արդի թանկարժեք տեխնոլոգիաներ` Ջրվեժում մսամթերքի ժամանակակից գործարան կառուցելու համար։

«Արդյուքնում Հայաստանը կդառնա մսամթերքի վերամշակման տարածաշրջանային կենտրոն», - այս կապակցությամբ հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը` հավելելով, թե հաջողության դեպքում փորձը կկիրառվի նաեւ այլ ոլորտներում։

Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը «Ազատություն» ռադիոկայանին պարզաբանեց. - «Տարածաշրջանային նշանակությունն այն է, որ նման տեխնոլոգիա՝ ծայրից ծայր մշակված եւ ներդրված, տարածաշրջանում չի լինելու»:

Նախարարի խոսքով, շինարարական աշխատանքները արդեն մեկնարկել են, իսկ ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 20 միլիոն դոլար է. - «2010 թվականին պիտի ավարտվի շինարարությունը, եւ ես հնչեցրեցի, որ 2011-2012 թվականներին օրական 20 տոննա արտադրանք պետք է տա տարբեր տեսակի… Այս ծրագիրը նաեւ վերաֆինանսավորվում է Եվրոպական բանկի կողմից»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչն է պատճառը, որ Հայաստանի արդյունաբերությունը առաջին կիսամյակի արդյունքներով մոտ 12 տոկոս անկում է ապրել այն դեպքում, երբ գունավոր մետաղների գները միջազգային շուկայում աճում են, Ներսես Երիցյանը պատասխանեց. - «Սովորաբար արդյունաբերության մեջ, եթե անկում է լինում՝ արագ է լինում, վերականգնումը՝ դանդաղ: Որովհետեւ կապված է պատրաստվելու, կարողությունները, աշխատուժը նորից հետ բերելու եւ արտադրության ծավալները վերականգնելու հետ: Եվ մենք ակնկալում ենք, որ այն քաղաքականության արդյունքում, որ իրականացրել ենք, եւ օժանդակության արդյունքում, որ տրամադրել ենք, [տարվա] երկրորդ կեսին հակառակ միտումը կտեսնենք»:
XS
SM
MD
LG