Մատչելիության հղումներ

Բորդյուժան լավատես է Ղարաբաղյան կարգավորման հարցում


ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հեռուստակամրջի միջոցով պատասխանում է լրագրողների հարցերին:

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հեռուստակամրջի միջոցով պատասխանում է լրագրողների հարցերին:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հինգշաբթի օրը հույս է հայտնել, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կհանգի «խաղաղ հանգուցալուծման»:

«Հույս ունեմ, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի՝ այսօրվա բավականին ակտիվ աշխատանքը եւ [Հայաստանի ու Ադրբեջանի] նախագահների հանդիպումները, իրոք, կբերեն հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը», - Մոսկվա-Երեւան հեռուստակամրջի միջոցով կազմակերպված լրագրողների հետ հանդիպմանը ասաց Բորդյուժան։ - «Եվ այսօր ամեն ինչ խոսում է հենց դրա օգտին։ Հատկապես վերջին հանդիպումները, որոնք տեղի ունեցան Մոսկվայում ու Սանկտ-Պետերբուրգում` Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ, վկայում են, որ [կարգավորման] գործընթացը շարունակվում է, եւ կողմերից յուրաքանչյուրը պատրաստ է փնտրել եզակիորեն բարդ այս հակամարտության խաղաղ կարգավորման տարբերակներ»։

Հայկական ատլանտյան ասոցիացիայի գործադիր տնօրեն Թեւան Պողոսյանի խոսքով, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, թե տարբեր միջազգային կազմակերպություններում ՀԱՊԿ անդամ պետությունների մի մասը մի քանի անգամ քվեարկել է կազմակերպության մեկ այլ անդամի դեմ, ապա դժվար է պատկերացնել` նման «համերաշխության» պարագայում ի՞նչ կլինի այդ երկրների որոշումը՝ եթե խոսք գնա պատերազմի մասին։

«Շատ ժամանակ բաներ կան, որոնք գրված են թղթի վրա, բայց չեն իրականացվում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Պողոսյանը: - «Ես այսօրվա դրությամբ երբեւէ չէի դնի վստահություն, որ դա կլինի իրականություն»:

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե որն է լինելու ՀԱՊԿ-ի դիրքորոշումը՝ եթե Հայաստանը հարձակման ենթարկվի Ադրբեջանի կողմից, Բորդյուժան արձագանքեց. - «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը հիմնվում է Հավաքական անվտանգության պայմանագրի վրա, ուր գոյություն ունի չորրորդ հոդվածը, որտեղ ասված է` ՀԱՊԿ անդամ պետություններից մեկի նկատմամբ ագրեսիան դիտարկվում է որպես ագրեսիա կազմակերպության յուրաքանչյուր անդամի նկատմամբ։ Եվ մենք հիմք ենք ընդունում սա»:

Նա խոսեց նաեւ Ղարաբաղյան հակամարտության գոտում ՀԱՊԿ-ի՝ խաղաղապահ առաքելության իրականացման հնարավորության մասին։ Հակամարտության գոտում միջազգային խաղաղապահների տեղակայման հնարավորությունը քննարկումների առարկա դարձավ հատկապես վերջերս, երբ հրապարակվեց «Մադրիդյան սկզբունքների» մի մասը։

«[Ղարաբաղյան հակամարտության գոտում] ՀԱՊԿ խաղաղաղապահ ուժերի տեղակայման հարցը երբեք չի քննարկվել։ Բացի այդ, պետք է ասեմ, որ կազմակերպության խաղաղապահ ուժերը դեռ կազմավորվում են եւ պատրաստ կլինեն միայն այս ամսվա վերջին», - հայտարարեց ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը։

Ասուլիսի ընթացքում Բորդյուժան ներկայացրեց նաեւ հուլիսի վերջին Ղրղըզստանում կայացած ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքները։ Մասնավորապես, խոսք գնաց նաեւ այն հարցի շուրջ, թե ինչու կազմակերպության անդամ Բելառուսն ու Ուզբեկստանը հրաժարվեցին ստորագրել ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման մասին համաձայնագիրը։

«Ես կարծում եմ, որ Բելառուսի կողմից համաձայնագրի չստորագրումը զուտ տեխնիկական խնդիր է եւ առաջիկայում այն կկարգավորվի։ Ինչ վերաբերում է Ուզբեկստանին, ապա պետք է ասեմ, որ համաձայնագրի այն տեքստը, որին կողմ էին ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ղեկավարները, չորս կետի հետ կապված չգոհացրեց Ուզբեկստանին, եւ հայտարարվեց, որ Տաշկենտն առայժմ պատրաստ չէ ստորագրել համաձայնագիրը, բայց դեմ չէ այդ փաստաթղթին եւ չի խոչընդոտի, որպեսզի այն ստորագրվի կազմակերպության անդամ մյուս երկրների կողմից։ Ուզբեկստանի նախագահը նշեց, թե առայժմ մտադիր չէ միանալ համաձայնագրի այն տարբերակին, որն առկա է», - ասաց Բորդյուժան։
XS
SM
MD
LG