Մատչելիության հղումներ

Մեկնարկում է Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա


Հինգշաբթի օրը մեկնարկում է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Թուրքիա: Անկարայում Պուտինի եւ նրա թուրք պաշտոնակցի` Ռեջեփ Էրդողանի բանակցությունների թիվ մեկ թեման է լինելու գործակցությունը էներգետիկ ոլորտում:

Նախօրեին Ռուսաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Յուրի Ուշակովը «Ռոյթերզ» գործակալության թղթակցի հետ զրույցում նշել է, թե պաշտոնական Անկարան իր սկզբունքային համաձայնությունն է տվել «Հարավային հոսք» գազատարի շինարարությանը:

Նախատեսվում է, որ այս խողովակաշարը Ռուսաստանից ուղղվելու է դեպի Եվրոպա` անցնելով Սեւ ծովի թուրքական հատվածով:

«Ռուսական կողմի նախաձեռնությամբ կառուցվող այս խողովակաշարը պետք է անցնի կա'մ թուրքական, կա'մ էլ ուկրաինական ջրերով», - «Հյուրիեթ» թերթին ասել է թուրք բարձրաստիճան մի պաշտոնյա` նշելով, որ ռուսական կողմը միանշանակորեն հակված է Թուրքիան, այլ ոչ թե Ուկրաինան դիտել որպես գազի տարանցիկ ուղի:

Փորձագետները նշում են, որ եթե «Հարավային հոսք» նախագիծը կյանքի կոչվի, ապա վերջնականապես կտապալվի Ռուսաստանը շրջանցող Nabucco գազատարի շինարարությունը:

Համաշխարհային էներգետիկ խորհրդի անդամ Նեջեթ Պամիրի խոսքով` Nabucco-ն եւ «Հարավային հոսքը» ոչ թե փոխլրացնող, այլ մրցակից նախագծեր են: «Եթե դրանցից մեկը կառուցվի, մյուսի շինարարությունը ստիպված են լինելու հետաձգել 10 տարով», - նշել է փորձագետը:

Մեկ այլ թուրք վերլուծաբան` Հալուք Դիրեսքենելին, իր հերթին, ասել է. - «Բոլորս էլ շատ լավ գիտենք, որ այսօր չկա այն հումքը, որի մատակարարմամբ պետք է զբաղվի Nabucco-ն: «Հարավային հոսքի» դեպքում հակառակը` պահանջվող գազի ծավալները այսօր իսկ առկա են: Nabucco-ի դեպքում հստակ մատակարարներ էլ չկան, միայն խոստումներ` ուրիշ ոչինչ: Այնպես, որ կարծում եմ, որ Պուտինը Անկարայում հիմնական շեշտը հենց այս հանգամանքի վրա է դնելու»:

Արեւմտյան մամուլում նաեւ շատ են գրում, որ «Հարավային հոսքի» եւ Nabucco-ի մրցակցության հարցում որոշիչ կարող է դառնալ Ադրբեջանի դիրքորոշումը. երկու նախագծերի հեղինակներն էլ հույս ունեն ադրբեջանական գազով լցնել կառուցվելիք խողովակաշարերը:

«Հարավային հոսքի» շինարարությունից բացի` Պուտինի այցի ընթացքում կողմերը քննարկելու են նաեւ Թուրքիայում առաջին ատոմային էլեկտրակայանի կառուցմանը ռուսական մասնակցության հարցը: Ռուսաստանյան «ԱտոմՍտրոյԷքսպորտ» եւ «Ինտեր ՌԱՕ» ընկերությունները դեռ 2008 թվականին էին շինարարարությունը իրականացնելու հայտ ներկայացրել, սակայն Թուրքիայի կառավարությունը սառեցրել է մրցույթի անցկացումը մինչեւ շինարարության վերջնական արժեքի հստակեցումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG