Մատչելիության հղումներ

Ֆիլիպ Գորդոն. «Վրաստանին զենք վաճառելու արգելք չի կարող լինել»


Ֆիլիպ Գորդոն
Ֆիլիպ Գորդոն

«Վրաստանին զենք վաճառելու արգելք չկա: Վրաստանին զենք վաճառելու արգելք չի կարող լինել: Վրաստանը ինքնապաշտպանության անառարկելի իրավունք ունի, եւ մենք դրան ուժեղ աջակցում ենք», - հայտարարել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղար Ֆիլիպ Գորդոնը Սենատում անցկացված լսումների ժամանակ:

Լսումները անցկացվել են օգոստոսի 4-ին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Դրանք ամբողջությամբ նվիրված էին Վրաստանին ու անցկացվել են «Վրաստան. օգոստոսյան պատերազմից մեկ տարի անց» խորագրով:

Վերջերս Ռուսաստանը սպառնացել էր, թե պատժամիջոցներ կկիրառի ամերիկյան այն ընկերությունների նկատմամբ, որոնք կօժանդակեն Վրաստանի պաշտպանության ամրապնդմանը: Ֆիլիպ Գորդոնն ասել է, թե այդ սպառնալիքները չեն խանգարի պաշտոնական Թբիլիսիի հետ աշխատելուն` երկրի ինքնապաշտպանությունը բարելավելու ուղղությամբ:

«Մենք շարունակելու ենք ուժեղ աջակցությունը Վրաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը եւ նրա տարածքային ամբողջականությանը` միջազգայնորեն ճանաչված սահմաններով: Մենք մերժում ենք ազդեցության գոտիների մոտեցումը: Մենք սատարում մենք Վրաստանի եւ մյուս երկրների իրավունքը` ինքնուրոյւն ընտրելու իրենց դաշնակիցներին: Միաժամանակ, մենք հորդորում ենք Վրաստանին մեծ համբերություն ցուցաբերել` խուսափելու համար ապագա հակամարտությունից, եւ հետեւել քաղաքական ու տնտեսական բարեփոխումներին», - հայտարարել է պետքարտուղարի տեղակալը:

Գորդոնը շեշտել է, որ Աբխազիան ու Հարավային Օսիան վերադարձնելու ռազմական ճանապարհ չկա , եւ որ ուշադրությունը կենտրոնացնելով քաղաքական ու տնտեսական բարեփոխումների վրա` ժամանակի ընթացքում Վրաստանը հրապուրիչ կդառնա այդ շրջանների ժողովուրդների համար:

Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ֆիլիպ Գորդոնից բացի, լսումներին մասնակցել է նաեւ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի` միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն:

Վերշբոուն նշել է, որ Վրաստանին ցուցաբերվող աջակցությունը հատկապես կարեւոր է` օգնելու համար Վրաստանի ռազմական ենթակառուցվածքներին մոտենալու եվրատլանտյան չափանիշներին: Ընթացիկ օգնությունը ուշադրություն է դարձնում ենթակառուցվածքների ձեւավորմանը, ռազմական դոկտրինին, զինծառայողների կրթական ծրագրերին, վարժանքերին, Աֆղանստանում Վրաստանի զորախմբի տեղակայման նախապատրաստմանը:

Ալեքսանդր Վերշբոուն ասել է, թե Վրաստանի զորախումբը Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությանը կմիանա, ամենայն հավանականությամբ, 2010 թվականի առաջին կեսին:

Նա նշել է, որ Վրաստանի զինված ուժերի համար կարճաժամկետ առաջնահերթություններ են նրանց արհեստավարժ դարձնելը, վարժանքային ծրագրերը, սակայն կարող են իրականացվել նաեւ օգնության այլ ձեւեր:

Վերշբոուն հայտնել է, որ պաշտպանության նախարարությունը մահաբեր զենքեր չի տրամադրել Վրաստանին` անցած տարվա օգոստոսից այդպիսի օգնություն չի եղել: «Սակայն մենք առանցքային որոշ վայրեր ենք որոշել, որտեղ Վրաստանի ռազմական ուժերը կստանան Միացյալ Նահանգների օգնությունը», - հավելել է նա:

«Միացյալ Նահանգները գտնում է, որ ցանկացած ինքնիշխան երկիր տարածքի պաշտպանության հնարավորությունների օրինական իրավունք ունի, եւ Վրաստանը բացառություն չէ», - Սենատում հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի տեղակալը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG