Մատչելիության հղումներ

logo-print

Չորեքշաբթի երեկոյան «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, Հատուկ գնդի նախկին հրամանատար Համլետ Հովհաննիսյանը. նրա նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխարինվել է երկրից չհեռանալու ստորագրությամբ:

Հովհաննիսյանը «Մարտի 1»-ի գործով նախկինում հետախուզման մեջ գտնվող 5 ընդդիմադիրներից մեկն էր եւ ոստիկանություն էր ներկայացել հուլիսի 30-ին:

Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով` «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեջ:

Համլետ Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ իրեն ազատ արձակելը ամենեւին էլ բարի կամքի դրսեւորում չի համարում. - «Չէ, ես բարի կամքի դրսեւորում չեմ համարում, քանի որ բարի կամքի դրսեւորում կարելի է համարել այն, երբ բոլոր այդ քրեական գործերը, որոնք կառուցված են արհեստական, կարճվեին եւ մեղադրանքները հանվեին: Այս պարագայում, ես ժողովրդի, մեր պայքարի ճնշման արդյունք եմ համարում»:

Քաղաքից չբացակայելու ստորագրություն տալու նպատակով Հովհաննիսյանը հինգշաբթի օրը ներկայացել էր դատախազություն, եւ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իր խափանման միջոցը փոխելու` դատարանի որոշումը այսպես բացատրեց. - «Երբ չապացուցվեց հիմնական մեղադրանքը, ինձ թվում է, դա արդեն հիմք դարձավ, որ իրենք ստիպված եղան խափանման միջոցը փոխել: Առերեսման ժամանակ իրենց գլխավոր վկան` իբր թե ես «ոզնիների» պատվիրատու եմ, բոլորը հերքվեց: Մնացած բացատրությունները` իմ խնամին է ինքը [գլխավոր վկան], մենք առանձին կպարզաբանենք, թե ինչի այդպես եղավ, որ ինքը այդպես է ասել: Որովհետեւ ինքն էլ հրաժարվում է, ասում է` «ես նման բան չեմ ասել սկզբից էլ», պարզապես սա շինծու մեղադրանք է»:

Համլետ Հովհաննիսյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանի պարզաբանմամբ` առերեսումը, որի մասին խոսում է իր պաշտպանյալը, անցկացվել է Վրեժ Նիկոլյանի հետ, ով այսպես կոչված «ոզնիներ» պատրաստելու համար դատապարտվել էր 6,5 տարվա ազատազրկման:

«2009 թվականի հուլիսի 30-ին կամովին ներկայացավ նախաքննական մարմնին Համլետ Հովհաննիսյանը, եւ նախաքննությունը իր մասով վերսկսվեց, եւ կատարվեցին, հատկապես էական է, առերես հարցաքննություններ, մասնավորապես, Վրեժ Նիկոլյանի հետ. չէ որ ժամանակին հնչեցվեց հրապարակային, թե իբր պատվիրվել էր այսպես կոչված «ոզնիներ»: Առերեսումում դա կտրականապես ժխտվեց, դրանից ելնելով նաեւ հիմքեր առաջացան, որ թույլ են եղած ապացույցներն էլ կամ հիմքերը, որոնք գոյություն ունեին, եւ մեր կողմից միջնորդություն ներկայացվեց, որպեսզի փոխվի խափանման միջոցը: Այն բավարարվեց, եւ նրա նկատմամբ ընտրվեց ստորագրություն չհեռանալու մասին, եւ ազատ արձակվեց», - ասաց Հովիկ Արսենյանը:

2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ հետախուզման մեջ են մնում Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը եւ Վիրաբ Մանուկյանը, ովքեր մեղադրվում են Քրեական օրենսգրքի նույն` 225 հոդվածով:
XS
SM
MD
LG