Մատչելիության հղումներ

logo-print

Վարչական դատարանը չի ընդունել Թեղուտի պաշտպանության խմբի հայցը


Վարչական դատարանը մերժել է Թեղուտի պաշտպանության խմբի հուլիսի 21-ի հայցը, որով բողոքարկվում էր 3 կազմակերպությունների կողմից ներկայացված հայցադիմումը չընդունելու մասին նույն դատարանի կայացրած որոշումը:

«Վարչական դատարանի այն հիմնավորումը, թե հայցադիմումը չի ընդունվել, քանի որ հայցորդ հանդես եկող «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» եւ «ԷԿՈԴԱՐ» բնապահպանական հասարակական կազմակերպությունները պատշաճ հայցվոր չեն եւ իրավասու չեն վիճարկել բնապահպանական խնդիրներ, անհեթեթ են», - չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը:

Նրա համոզմամբ, Վարչական դատարանն ընդամենը շատ լուրջ պատվեր է ստացել վերեւից. - «Ուղղակի մեր Վարչական դատարանը իր համար չարյաց փոքրագույնն է ընտրել: Հավանաբար, պատվերը ստացել է, որ այս հայցը չպիտի բավարարվի, եւ գերադասել է առհասարակ չքննել, քան քննել, հետո մեր հայցը մերժել»:

«Մեր Վարչական դատարանին բնորոշ չեն նման անհեթեթ որոշումներ: Որպես կանոն, մեր մյուս դատարաններից այն աչքի է ընկնում իր լուրջ, պատճառաբանված որոշումներով: Բայց այս դեպքում ես չեմ ճանաչում մեր Վարչական դատարանին», - տարակուսանքով շարունակեց Ալումյանը՝ ենթադրելով. - «Մեր Վարչական դատարանի նման դատարանը, եթե այսպիսի անհեթեթ որոշումներ է սկսել կայացնել, դա նշանակում է, որ պատվեըը շատ լուրջ տեղերից է իջեցված: Ես կարծում եմ, որ ներպետական ատյաններում այնքան էլ մեծ շանսեր չունենք այս հարցի դրական լուծման համար: Թեկուզ, ես հույս ունեմ»:

Առաջիկա 10 օրերի ընթացքում Թեղուտի պաշտպանության խումբը Վարչական դատարանի որոշումը կվիճարկի Հայաստանի Վճռաբեկ դատարանում, եւ քանի որ ընթացակարգը թույլ է տալիս, զուգահեռաբար, կդիմի նաեւ Եվրոպայի տնտեսական հանձնաժողով:

Հիշեցնեմ նաեւ, որ Թեղուտի պաշտպանության խումբը նախագահ Սերժ Սարգսյանին իր ծննդյան օրը` հունիսի 30-ին, շուրջ 5000՝ այդ թվում ներկայիս եւ նախկին առաջին տիկիններ Ռիտա Սարգսյանի եւ Բելլա Քոչարյանի ստորագրություններով նամակ-դիմում էր հղել, որով Հայաստանի քաղաքացիները պահանջում էին դադարեցնել Թեղուտի հանքի շահագործումը: Նույն նամակի պատճենները ուղարկվել էին նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG