Մատչելիության հղումներ

Ղրղըզստանում ռուսական նոր ռազմակայանի ստեղծումը մտահոգել է Ուզբեկստանին եւ ՆԱՏՕ-ին


Ղրղըզստանում ռուսական նոր ռազմակայանի ստեղծումը լրջորեն անհանգստացրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մեկ այլ անդամի` Ուզբեկստանին:

Ուզբեկստանի արտգործնախարարությունը երեքշաբթի օրը հանդես եկավ կոշտ հայտարարությամբ` նշելով թե «այս բարդ ու անկանխատեսելի տարածաշրջանում նման նախագծերի իրականացումը կարող է խթանել ռազմատենչ տրամադրությունները, հանգեցնել ազգայնական հակամարտությունների ծագմանն ու ծայրահեղական ուժերի ակտիվացմանը»:

Ղրղըզստանում երկրորդ ռուսական ռազմակայանի ստեղծումը մտահոգել է նաեւ ՆԱՏՕ-ի ղեկավարությանը: Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում Հյուսիսատլանտյան դաշինքի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը, մասնավորապես, հայտարարել է. - «Մենք այս հարցը քննարկել ենք ուզբեկական կողմի հետ, եւ նրանք նշում են, թե պարզ չէ` ում դեմ են ուղղված լինելու այս ուժերը եւ ընդհանրապես ինչով է զբաղված լինելու այդ զորախումբը Ղրղըզստանի տարածքում: ՆԱՏՕ-ն ցանկանում է հարաբերություններ ունենալ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների հետ, բայց մենք չէինք ցանկանա, որ այս կառույցը զսպող դերակատարություն ունենար մեր եւ կազմակերպության անդամ պետությունների միջեւ հարաբերություններում: Դրանք անկախ երկրներ են եւ իրավունք ունեն սեփական հարաբերություններն ունենալ»:

Մոսկվայից հնչող տեսակետները, սակայն, տրամագծորեն հակառակն են: ԱՊՀ-ի երկրների ինստիտուտի ղեկավար, Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի խոսքով, մասնավորապես, Մոսկվան պետք է վերջապես իր մեջ ուժ գտնի եւ հստակեցնի իր իրական դաշնակիցների ցանկը, որոնց թվին, ըստ Զատուլինի, Ուզբեկստանը չի պատկանում:

«Չեմ կարծում, որ այդ ռազմակայանը լուրջ սպառնալիք է Ուզբեկստանի համար: Հակառակը` Ուզբեկստանն է վտանգ ներկայացնում տարածաշրջանի մի շարք պետությունների, մասնավորապես` Տաջիկստանի համար: Այս պայմաներում ՀԱՊԿ-ին մաս կազմող պետությունները պետք է իրենց անդամակցությունը ընկալեն որպես լուրջ ընտրություն: Ոմանք դրան պատրաստ չեն եւ կարծում են, թե կարելի է լինել ամենուր», - հայտարարել է Զատուլինը` Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովին մեղադրելով երկակի խաղ վարելու մեջ:

«Եթե Քարիմովը Ռուսաստանից դեպի Ամերիկա իր պարբերական վազքի մեջ խճճվել է` իր ներքին խնդիրն է: Անձամբ ես կարծում եմ, որ եթե Ուզբեկստանը պատրաստ չէ մասնակցել ՀԱՊԿ-ի զարգացման գործողություններին, ապա պետք է դաշինք ստեղծել նրանց հետ, ովքեր պատրաստ են», - հայտարարել է ռուսաստանցի քաղաքագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG