Մատչելիության հղումներ

logo-print

Մահմուդ Ահմադինեջադը եւս չորս տարով ստանձնեց Իրանի նախագահի պաշտոնը


Մահմուդ Ահմադինեջադի պաշտոնակալության արարողությունը, Թեհրան, 5 օգոստոսի, 2009

Մահմուդ Ահմադինեջադի պաշտոնակալության արարողությունը, Թեհրան, 5 օգոստոսի, 2009

Իրանի խորհրդարանում չորեքշաբթի օրը տեղի է ունեցել երկրի նախագահի պաշտոնում վերընտրված Մահմուդ Ահմադինեջադի երդման արարողությունը: Ավելի վաղ` շաբաթվա սկզբին, հունիսին տեղի ունեցած վիճահարույց նախագահական ընտրությունների արդյունքները հաստատել էր Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին:

Ահմադինեջադը, ով եւս չորս տարով ստանձնեց Իրանի նախագահի պաշտոնը, հայտարարել է, թե իր վերնըտրվելը երկրում մեծ փոփոխությունների սկիզբն է:

Ակնարկելով Արեւմուտքը` Իրանի նախագահը խոստացել է դիմակայել «կեղեքիչ ուժերին»:

Պաշտոնակալության արարողությունից հետո երկու շաբաթվա ընթացքում Ահմադինեջադը պետք է նոր կառավարություն ձեւավորի:

Ընդդիմությունը, որի պնդմամբ` հունիսի 12-ի քվեարկությունը ուղեկցվել է կեղծիքներով, Ահմադինեջադի երդմնակալության արարողության ժամանակ փորձել է բողոքի ցույց անցկացնել խորհրդարանի շենքի մոտ, որը, սակայն, խոչընդոտվել է անվտանգության ուժերի կողմից : Ըստ որոշ հաղորդագրությունների` ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը արցունքաբեր գազ է օգտագործել:

«Չնայած իշխանության խստիվ արգելքներին ու բիրտ միջոցներին` մեր պայքարը շարունակվելու է», - նախօրեին հայտարարել էին նախագահի նախկին թեկնածուներ Միր-Հոսեյն Մուսավին եւ Մեհդի Քարուբին` խոստանալով շարունակել բողոքի ցույցերը, քանի դեռ չեն վերանայվել ընտրությունների արդյունքները, ազատ չեն արձակվել 100-ից ավելի ընդդիմադիրները:

«Ներքաղաքական այս ճգնաժամը պետք է հաղթահարվի որքան հնարավոր է շուտ, պետք է պատասխան տան բոլոր նրանք, ովքեր մեղավոր են հունիսին ոստիկանության հետ բախումների արդյունքում զոհված 20 ցուցարարների մահվան համար», - արեւմտյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել էին իրանցի բարեփոխականները:

Հետընտրական իրադարձությունները շարունակում են քննադատել նաեւ միջազգային կառույցները, Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի առաջնորդները հայտարարել են, թե չեն պատրաստվում շնորհավորական ուղերձ հղել Ահմադինեջադին:

Ներքին ու արտաքին քննադատությանը դիմակայելուց բացի, ըստ փորձագետների, Ահմադինեջադը առաջիկայում պետք է նաեւ մեկ այլ մարտահրավեր հաղթահարի. նախագահի պաշտոնում հաստատվելուց հետո երկու շաբաթվա ընթացքում նա պետք է ներկայացնի կառավարության կազմը, ինչը բավական բարդ խնդիր է լինելու ներկայիս պայմաններում:

«Ահմադինեջադի հարաբերությունները հոգեւոր առաջնորդի հետ այլեւս այնքան ջերմ չեն, որքան նախկինում», - փաստում են վերլուծաբանները:

Հարաբերությունների լարվածությունը անկհայտ դարձավ, երբ հոգեւոր առաջնորդը հավանություն չտվեց երկրի փոխնախագահի պաշտոնում Ահմադինեջադի ամենամտերիմ դաշնակիցներից մեկի` Էսֆանդիար Ռահիմ Մաշայիի նշանակմանը: Ի պատասխան, Ահմադինեջադը պաշտոնանկ արեց մի քանի նախարարների ու բարձրաստիճան պաշտոնյաների, որոնց, իրանական աղբյուրների հաղորդմամբ, աջակցում էր հոգեւոր առաջնորդը:

Կուլիսներում աճող այս լարվածությունը առավել ակնհայտ դարձավ երկուշաբթի օրը. Խամենեին, ճիշտ է, հաստատեց Ահմադինեջադին նախագահի պաշտոնում, սակայն հանդիսավոր արարողության ժամանակ պերճախոսությամբ աչքի չընկավ եւ թույլ չտվեց Ահմադինեջադին համբուրել իր ձեռքը: «Խամենեիի այդ պահվածքից անակնկալի եկավ անգամ Ահմադինեջադը եւ համբուրեց հոգեւոր առաջնորդի ուսը», - նկատում են Իրանի եւ Արեւմուտքի վերլուծաբանները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG