Մատչելիության հղումներ

logo-print

Անկախ հանձնաժողովը հավանություն տվեց Արման Բաբաջանյանին վաղաժամկետ ազատ արձակելու միջնորդությանը


Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովը երեքշաբթի օրը հավանություն է տվել Արման Բաբաջանյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությանը:

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքից ստացված հաղորդագրությունում այդ առնչությամբ ասված է. - «Հաշվի առնելով լրատվության միջոցների ներկայացուցիչների բազմաթիվ հարցումները դատապարտյալ Արման Բաբաջանյանին պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ՝ հայտնում ենք, որ ս. թ. օգոստոսի 4-ին «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով» անկախ հանձնաժողովը հրավիրված նիստում քննարկել է նաեւ հիշյալ դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովի միջնորդությունը եւ տվել հավանություն: Քրեակատարողական ծառայությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անմիջապես համապատասխան միջնորդություն է ներկայացրել դատարան ի թիվս այլ դատապարտյալների Արման Բաբաջանյանին եւս պայմանական վաղաժամկետ ազատելու մասին: Դատապարտյալներին պայմանական վաղաժամկետ ազատելու միջնորդությունն ըստ էության կքննվի եւ կլուծվի դատարանի կողմից»:

Դատարանը միջնորդությունը քննարկում է այսօր:

«Էրեբունի» քրեակատարողական հիմնարկից հուլիսի սկզբին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ տեղափոխված` «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում հայտնել էր, որ պատրաստվում է հրաժարվել ցավազրկող դեղամիջոցներ ընդունելուց եւ չի բացառում նաեւ հացադուլը:

Դատապարտյալների հիվանդանոցում Բաբաջանյանին հիմնականում ցավազրկող դեղորայք են ներարկում. այլ հնարավորություններ, կոնկրետ` նրա հիվանդության մասով, տեղի բուժանձնակազմը չունի:

«Ժամանակ Երեւան»-ի գլխավոր խմբագրի մոտ գլխուղեղի ուռուցք է հայտնաբերվել, եւ նրա առողջական վիճակը օրեցօր վատանում է: Բժիշկներն ասել են, որ նա անպայման պետք է վիրահատվի, սակայն Արման Բաբաջանյանը հրաժարվում է վիրահատվել Հայաստանում:

Պարտադիր զինծառայությունից խուսափելու նպատակով փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով 3,5 տարվա ազատազրկման դատապարտված Արման Բաբաջանյանի պատժաժամկետը լրանում է այս տարվա սեպտեմբերի 16-ին:

Արման Բաբաջանյանի ներկայացուցիչները նրան նախնական կալանքի եւ ընդհանրապես նրան պատասխանատվության ենթարկելու գործերով դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG