Մատչելիության հղումներ

2008 թվականի օգոստոսյան իրադարձություններում մեղքի իր բաժինն ունի նաեւ միջազգային հանրությունը: Շաբաթ օրը «Ռոյթերզ» գործակալությանը տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:

«Ցավոք սրտի, աշխարհը անտեսել է այն զանգվածային սպանություններն ու էթնիկ զտումները, որ տեղ գտան Վրաստանում թե’ անցած ամռանը եւ թե’ տարիներ առաջ` այսպես կոչված ռուսական խաղաղապահ գործողությունների ժամանակ: Հետագա իրադարձությունները ապացուցեցին, որ այդ գործողություններն իրականում օկուպացիայի մեկ այլ դրսեւորում էին», - հայտարարել է Վրաստանի նախագահը:

Վրաստանը, Սահակաշվիլիի խոսքով, «վերջին տարիներին ապացուցեց, որ այս աշխարհամասում հնարավոր է զարգացած ժողովրդավարական հաստատություններով ժամանակակից պետություն կառուցել»: «Մենք ապացուցեցինք, որ մեզ համար ժողովրդարավարությունը դատարակ խոսք չէ», - ասել է նա:

Ինչ վերաբերում է նոր պատերազմի հավանականությանը, ապա, Վրաստանի ղեկավարի պնդմամբ, պաշտոնական Թբիլիսին 2008-ի օգոստոսյան իրադարձությունների կրկնությանը հաստատ չի ձգտում. - «Արդյոք որեւէ մեկը ցանկանո՞ւմ է Եվրոպայում Ռուսաստանի մասնակցությամբ նոր պատերազմի ականատեսը դառնալ: Պատասխանը միանշանակ է` իհարկե ոչ: Այս ուղերձը մեզ փոխանցեց նաեւ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, եւ ես կարող եմ միանշանակորեն ասել, որ Վրաստանը լիովին կիսում է այդ մոտեցումը»:

Սահակաշվիլիի խոսքով, սակայն, Մոսկվայում իրավիճակը այլ է: Որպես նոր պատերազմի գլխավոր ջատագով Վրաստանի նախագահը մատնանշում է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին:

«Ես դեռ այս աշխատասենյակում եմ նստած, թեեւ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը մի շարք լուրջ խոստումներով էր հանդես եկել` հայտարարելով, թե կկախի ինձ մարմնիս տարբեր մասերից, կկործանի վրացական պետությունը: Դուք գիտեք այդ մարդու համբավը` նա, որպես կանոն, նման սպառնալիքներն ու խոստումները ի կատար է ածում: Մենք կասկած անգամ չունենք, որ քանի դեռ Պուտինը լուրջ դերակատարություն ունի ռուսաստանյան քաղաքական ասպարեզում, նա փորձելու է կյանքի կոչել այդ խոստումները», - «Ռոյթերզ»-ին տված հարցազրույցում ասել է Վրաստանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG