Մատչելիության հղումներ

Դավիթ Հովհաննիսյան. «Հայ - թուրքական հարցում հոկտեմբերին առաջընթաց չեմ ակնկալում»


Երեւանի պետհամալսարանի Քաղաքակրթական ու մշակութային ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Դավիթ Հովհաննիսյանը հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում հոկտեմբերին որեւէ առաջընթաց չի ակնկալում:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վերլուծաբանը կարծիք հայտնեց, որ հայ - թուրքական բանակցությունների առաջիկա ճակատագիրը, նախ եւ առաջ, հարկ է դիտարկել թուրք - ամերիկյան հարաբերությունների համատեքստում. - «Ես կարծում եմ, որ դա կապված չէ հայ - թուրքական հարաբերությունների հետ, ոչ էլ հայ - ադրբեջանական հարաբերությունների հետ է կապված: Կարծում եմ, որ եթե որոշակի զարգացումներ լինեն թուրք - ամերիկյան հարաբերությունների շրջանակում, ապա դրանք նաեւ կընդգրկեն հայ - թուրքական հարաբերությունները, հատկապես` սահմանի բացման խնդիրը»:

«Այսինքն, դուք շատ ավելի լայն քաղաքական համատեքստում եք դիտարկում այդ զարգացումները», - այս դիտարկմանը Դավիթ Հովհաննիսյանը արձագանքեց. - «Ես կարծում եմ, որ Թուրքիան հենց այդպես է մոտենում հարցին, որ հայ - թուրքական հարաբերությունները իր խաղաքարտերից մեկն են այն բանակցություններում, որոնք այդ երկիրը վարում է թե’ Եվրամիության հետ եւ թե’ Միացյալ Նահանգների հետ»:

Նրա համոզմամբ` բուն հայ - թուրքական բանակցությունների գործընթացը` իբրեւ գործոն, «թուրքական կողմը ակտիվորեն օգտագործում է Միացյալ Նահնագների հետ իր հարաբերություններում, բազմաթիվ այլ խնդիրների շուրջ, որոնց շուրջ առեւտուր է գնում, կամ սակարկում են հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավոր նախադրյալները ստեղծելու համար, այս հարցը նույնպես շատ ակտիվորեն օգտագործվում է Թուրքիայի կողմից»:

Հարցին, թե ի՞նչ է սպասում հոկտեմբերին, երբ կայանալու է ֆուտբոլի 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Թուրքիա - Հայաստան պատասխան խաղը, որը դիտելու համար Թուրքիա է հրավիրված Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Դավիթ Հովհաննիսյանը պատասխանեց. - «Ճիշտն ասած, առանձնապես բան չեմ սպասում, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին որեւէ բան չեմ սպասում: Բայց այս այն դեպքն է, որ շատ ուրախ կլինեմ, որ սխալվեմ»:

«Դուք հակված չե՞ք կանխատեսել մերձեցման ուղղությամբ որեւէ զարգացում», - այս հարցին վերլուծաբանը արձագանքեց. - «Իսկ ի՞նչ է փոխվել. օբյեկտիվ բոլոր պայմանները, բոլոր այն գործոնները, որոնք կային մինչեւ այսօր, հիմա էլ կան: Այսինքն, կոնկրետ մեր բանակցային գործընթացում որեւէ փոփոխություն իրական չի կարող լինել»:

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն անցած շաբաթ հայտարարել էր, թե իր երկրի կառավարությունը դեռ վճռական է` նորմալացնելու հարաբերությունները հարեւան Հայաստանի հետ:

Միաժամանակ, Դավութօղլուն նշել էր, թե «կարեւոր է տեսնել նույն վճռականությունը միջազգային հանրությունից ու հատկապես Հայաստանից` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության շուրջ»:

Օրերս էլ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե հոկտեմբերին Թուրքիա կմեկնի կամ բաց սահմանով, կամ այն դեպքում, երբ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման լուրջ նախադրյալներ ստեղծված լինեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG