Մատչելիության հղումներ

logo-print

«ՀԱԿ-ը միակ միացյալ ընդդիմությունն է ետխորհրդային տարածքում»


ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը

ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը

Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում, գնահատելով Կոնգրեսի մեկամյա գործունեությունը, ծանրակշիռ ձեռքբերումներից առանձնացրեց այն, որ ՀԱԿ-ը «միակ միացյալ ընդդիմությունն է ետխորհրդային տարածքում»:

«Ոչ միայն Հայաստանում, այլ ետխորհրդային տարածքում առաջին անգամ ստեղծվել է ընդդիմություն, որը, ըստ էության, միավորել է բոլոր քաղաքական ուժերը այն աստիճանի, որ ընկալվում է որպես միացյալ ընդդիմություն: Փաստորեն՝ միակ ռեալ ալտերնատիվը գործող իշխանություններին», - ասաց Զուրաբյանը:

Դիտարկմանը, թե կան կարծիքներ, թե այն, որ ՀԱԿ-ը միավորել է տարբեր քաղաքական ուժերի, նաեւ խոչընդոտում է միասնական քաղաքական դիրքորոշումներով հանդես գալու հարցում, Կոնգրեսի ղեկավար անդամը արձագանքեց. - «Պատասխանը միակն է՝ Հայաստանում այսօր մրցակցություն գոյություն չունի գաղափարական հենքի վրա: Հայաստանում հաստատված է դիտկատորական մի ռեժիմ, որի դեմ միավորվել են բոլոր գաղափարական ուժերը: Սրա մեջ, դուք կարող եք համարել, թուլությունն է Կոնգրեսի, բայց սրա մեջ նաեւ Կոնգրեսի ուժն է: Այսօր, փաստորեն ստեղծվել է մի սեւ-սպիտակ պատկեր՝ մի կողմից դիկտատուրան է, մյուս կողմից՝ այս միացյալ ընդդիմությունը, որը, այո, դավանում է տարբեր գաղափարական հոսանքներ»:

Անդրադառնալով ՀԱԿ-ի քաղաքական նվաճումներին՝ Լեւոն Զուրաբյանը ասաց. - «Առաջինը, մարտի 1-ից սկսված աննախադեպ բռնաճնշումների պայմաններում մենք կարողացել ենք պահպանել համախմբվածությունը. որեւէ կուսակցություն չի լքել Կոնգրեսը, ընդհակառակը՝ մենք գործում ենք ավելի ու ավելի արդյունավետ եւ համաձայնեցված: Երկրորդը, թեեւ Կոնգրեսի հռչակագիրը չէր նախատեսում, որ մենք անպայման պետք է ընտրություններին մասնակցենք դաշինքով, Երեւանի ընտրություններին մենք մասնակցեցինք որպես միասնական ուժ, եւ այդ ընտրություններում, հակառակ բոլոր կեղծիքների, բոլոր բռնաճնշումների, Կոնգրեսը հաստատեց իրենց որպես Հայաստանում հիմնական ընդդիմադիր ուժ: Շատ կարեւոր եմ համարում Հայ ազգային կոնգրեսի միջազգային հեղինակությունը: Արդեն ամբողջ աշխարհում ՀԱԿ-ը ընկալվում է որպես ալտերնատիվ այս իշխանությանը: Պատահական չէ, որ երբ բարձր պաշտոնյաներ գալիս են Հայաստան, նրանք հանդիպում են ե՜ւ իշխանությունների հետ՝ Սերժ Սարգսյանի, ե՜ւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, Կոնգրեսի ներկայացուցիչների հետ: Կարեւոր եմ համարում Եվրոպայի խորհրդում մեր ներկայության հաստատումը՝ ի դեմս մեր պաշտոնական ներկայացուցչի: Դա մեզ թույլ տվեց հասնել նրան, որ բացահայտվեց մարտի 1-ի հանցագործությունը՝ կատարված իշխանությունների կողմից, եւ պաշտոնական վերսիան տապալվեց: Եվ, միգուցե ամենակարեւոր նվաճումը ինչ-որ իմաստով այն էր, որ մենք կարողացանք հասնել նրան, որ ժողովրդի ճնշման տակ, Եվրոպայի խորհրդի եւ միջազգային հանրության ճնշման տակ կարողացանք ազատել քաղբանտարկյալների հիմնական մասին: Ճիշտ է, այսօր էլ դեռ մնում են 22 քաղբանտարկյալ, բայց ոչ ոք թող չկասկածի, որ մենք մեր հետեւողական աշխատանքով հասնելու ենք նաեւ նրանց ազատմանը»:

Հարցին, թե արդյո՞ք վերջնականապես է ձախողվել երեք ընդդիմադիր ուժերի՝ ՀԱԿ-ի «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի, մեկ ընդհանուր պլատֆորմի վրա միավորվելու փորձերը, Զուրաբյանը պատասխանեց. - «Ես բացարձակապես այդ գնահատականի հետ համաձայն չեմ: Քաղաքական դաշտում գնում են լուրջ խմորումներ: Դրանք հիմնականում կապված են այն իրադարձությունների հետ, որոնք կատարվում են Ղարաբաղի բանակցային գործընթացում, եւ ես վստահ եմ, որ եթե իշխանությունները շարունակեն այս վարքագիծը Ղարաբաղի հարցում, դա կբերի ոչ միայն ձեր նշած երեք ուժերի միավորմանը, այլ ընդհանրապես ամբողջ հայ ժողովուրդը կմիավորվի այս ռեժիմի դեմ պայքարում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG