Մատչելիության հղումներ

Օգոստոսի 1-ի մամուլ


«Հրապարակ»-ի վերլուծաբանը բողոքում է. - «Ոչ ոք չի դնում շարունակվող հակամարտության իրական էության հարցը: Հակառակը՝ մեծ ոգեւորությամբ համոզում են սեփական ժողովրդին, որ նա մեղավոր է եւ պետք է խելոք պահի իրեն: Իսկ այդ հնազանդությունից զարմացած տերությունները որոշել են բաց տեքստով բացատրել «կոմպրոմիսային լուծման տարբերակի» էությունը՝ «վերադարձրեք ձեր տնօրինության տակ գտնվող ամեն ինչ Ադրբեջանին, եւ նա ձեզ չի սպանի» տարբերակով… Այսպես է կառուցված քաղաքական աշխարհը՝ պետք է հարգես ինքդ քեզ: Համենայն դեպս, պետք չէ թույլ տալ, որ քեզ հետ խոսեն ինչպես մեղավորի հետ: Թող միջազգային հանրությունը իր վրա պատասխանատվություն վերցնի իր մեղքի դիմաց: Իսկ ղարաբաղցիները ոչ մեկին պարտական չեն: Առավել եւս, ոչ մեկին պարտական չէ Հայաստանը: Լեռնային Ղարաբաղի շուրջ կոնֆլիկտը կոմպրոմիսային լուծում չունի»:

«Հայոց Աշխարհ»-ը զրուցել է Հանրային խորհրդի Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի հետ: Նա ասում է. - «Մադրիդյան սկզբունքները արձանագրում են նաեւ Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակը վերջնականորեն ճշգրտելու, այս կարգավիճակը միջազգայնորեն ճանաչելու եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը ապահովող միջազգային երաշխիքներ տրամադրելու գործոնները։ Առանձնակիորեն ընդգծված է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտման միջոցով։ Մադրիդյան սկզբունքները հայկական կողմի համար անընդունելի են այն մասով, որ զիջումների հիմնական բեռը դնում են Արցախի վրա։ Մադրիդյան սկզբունքները ոչ այնքան փոխզիջումային են, որքան զիջումային։ Կարծում եմ, Լեռնային Ղարաբաղը չունի օկուպացրած, գրաված տարածքներ, ուստի ազատագրված տարածքները զիջելու պարտավորություն չի կարող ստանձնել։ Իսկ Ադրբեջանը դեռեւս օկուպացված է պահում Լեռնային Ղարաբաղի մի հատվածը»։

«Առավոտ»-ին տված հարցազրույցում հայ-թուրքական հարաբերություններին է անդրադարձել «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը. - «Ես երբեք չեմ մտածել եւ որեւէ մտածող հայ չի կարող պատկերացնել, որ Հայաստանը կունենա այնպիսի նախագահ, որը պատմաբանների հանձնաժողովի ստեղծման առաջարկ կանի կամ այդ առաջարկին կհամաձայնի: Սրա գնահատականը շատ խիստ է լինելու: Ակնհայտ է, որ իշխանությունները զգում են իրենց սխալը, բայց ետ կանգնելու ելքը չեն տեսնում: Ստացվում է, որ այսօրվա իշխանությունները սփյուռքի լուծարման խնդիր են դնում , եւ միեւնույն ժամանակ աշխարհի այն պետությունները, որ ընդունել են կամ ընդունելու են Ցեղասպանությունը, թշնամական վերաբերմունք են ունենալու Հայաստանի պետության նկատմամբ: Սա պետք է անպայման ուղղել»:

«Գոլոս Արմենիի»-ին գրում է. - «Մեր տարածաշրջանում առնվազն 4-5- երկիր կա, որոնք, ինչպես եւ մենք, ունեն իշխանության փոփոխության խնդիր, բայց առայժմ չեն կարողանում դա լուծել: Շատ երկրների դա չի հաջողվում շտապողականության պատճառով. արագ են սկսում եւ արագ էլ մարում են: «Մեր շարժումը արդեն ուղիղ երկու տարի է գոյություն ունի», - օրերս հայտարարել է հհշական Արամ Մանուկյանը՝ մեկնաբանելով առաջիկայում Կոնգրեսի խնդիրները տարածված «Դանդաղ շտապիր» շրջաբերականի լույսի տակ: Կոնգրեսի անդամների շրջանում իրապես քիչ չեն այնպիսիները, որոնք անփորձության պատճառով դեռեւս հավատում են, որ Լեւոն Հակոբովիչը քնում եւ տեսնում է մեկ առանձին վերցրած երկրում 17 թզուկ կուսակցությունների ջանքերով իշխանության փոփոխությունը: Իրականում իշխանության փոփոխությունը զուտ դեկլարատիվ է, իրականում Տեր-Պետրոսյանը շատ լավ էլ հասկանում է, որ արտահերթ ընտրություններ չեն լինի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG