Մատչելիության հղումներ

Նախարարն ամփոփեց քննությունների արդյունքները


Ավարտվեցին միասնական, ներբուհական եւ մասնագիտական քննությունները։ Երեկ կայացել է Հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը, որի ժամանակ քննարկվել եւ որոշվել է որոշ թափուր տեղերի վերաբաշխում կատարել։ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ամփոփելով քննությունները, նշեց, որ իրենք առաջին հերթին 80 անվճար, վճարովի, առանց տարկետման համակարգերով տեղեր են ավելացրել մարզերի բուհերի մասնաճյուղերում։

«75 տեղ տրամադրել ենք մշակութային 3 բուհերին` Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտին, կոնսերվատորիային եւ գեղարվեստի ակադեմիային։ Հանձնաժողովը փորձել է թուլացնել մրցութային լարվածությունը այն մասնագիտությունների գծով, որոնք բարձր վարկանիշ եւ պահանջարկ ունեն, այստեղ եւս հավելումներ ենք կատարել։ Դրանց թվում են իրավագիտությունը, միջազգային հարաբերությունները, Հայաստանի պետական տնտեսագիտական, ինչպես նաեւ բժշկական համալսարանների բոլոր մասնագիտությունները», - ասաց նախարարը։

Այս տարի բացի «էլիտարներից», ուշադրության են արժանացել նաեւ բնագիտական եւ ճշգրիտ առարկաների գծով մասնագիտությունները։

Նախարարը տեղեկացրեց, որ իրենք ատեստատների ներկայացման ժամկետը երկարաձգել էին մինչեւ հուլիսի 30-ը, սակայն սա էլ իր արդյունքը չտվեց, քանի որ 90 բավական բարձր միավորներ հավաքած ուսանողներ չեն բերել դրանք եւ դուրս մնացել բուհերից` դեռ չընդունված։

Հիշեցնենք, որ վաղը բուհերը կփակցնեն ընդունվածների ցուցակները։
XS
SM
MD
LG