Մատչելիության հղումներ

Նախկին փոխարտգործնախարարը «անկատար» է համարում Հայաստանի դիվանագիտական համակարգը


Արման Նավասարդյանը, ով տարիներ առաջ զբաղեցրել է Հայաստանի փոխարտգործնախարարի պաշտոնը, ինչպես նաեւ, իբրեւ Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, պաշտոնավարել է մի շարք երկրներում, Լոս-Անջելեսում Հայաստանի նախկին հյուպատոսի անվան հետ առնչվող աղմկահարույց իրադեպը համարում է Հայաստանի դիվանագիտական համակարգի անկատարության հետեւանք։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Նավասարդյանը, ով նաեւ հյուպատոսական աշխատանքի հարուստ փորձ ունի (մասնավորապես, խորհրդային տարիներին եղել է ԽՍՀՄ-ի հյուպատոսը Ալժիրի Անաբա քաղաքում), նշեց, թե իր պրակտիկայի ընթացքում, թեեւ հազվադեպ, այնուամենայնիվ, առնչվել է այդօրինակ փաստերի։

«Ինչ-որ կատարվել է, դա, իհարկե, ես արտառոց դեպք եմ համարում դիվանագիտության մեջ, որովհետեւ, ինչպես ասում են՝ դիվանագետը, ինչպես Կեսարի կինը, պետք է զերծ լինի բոլոր տեսակի կասկածներից», - ասաց նա:

Նավասարդյանի խոսքով, տարածված մի թյուր պատկերացում կա, թե հյուպատոսներն ու հյուպատոսական ծառայության աշխատակիցներն ընդամենը տեխնիկական գործառույթներ են իրականացնում։ Նրա համոզմամբ, հյուպատոսական գործունեությունը եւս պետական քաղաքականություն է, եւ՝ «շատ կարեւոր քաղաքականություն»։ Այդ քաղաքականությունը, մասնավորապես, առնչվում է արտերկրում ապրող կամ ժամանակավորապես գտնվող մեր հայրենակիցների շահերին, եւ նրանց հետ շփումների մակարդակով էլ, որոշ առումով, կարելի է գնահատել հյուպատոսությունների գործունեությունը։

«Հյուպատոսական աշխատանքը գնահատվում է այն ցուցանիշներով, որը ամփոփում է իր քաղաքացիների նկատմամբ ունեցած վերաբերմունքի մակարդակով: Եթե որեւէ երկրում հյուպատոսությունը համապատասխան բարձրության վրա չի գտնվում իր երկրի, իր քաղաքացու շահերը պաշպանելու գործում, այդ հյուպատոսական աշխատանքի օգտակար գործողության գործակիցը հավասարվում է զրոյի», - ասաց նա՝ շարունակելով. - «Դրա համար գոյություն ունի հյուպատոսական քաղաքականություն, որը պետք է մշակված լինի սկզբից մինչեւ վերջ»:

Մինչդեռ, ասում է դիվանագետը, վերանալով խնդրո առարկա կոնկրետ փաստից, ցավով արձանագրում ենք, որ Հայաստանի հյուպատոսական ծառայությունները, մի շարք երկրներում, մեղմ ասած, իրենց բարձրության վրա չեն։

Հարցին, թե Հայաստանում կա արդյոք հյուպատոսական որակյալ եւ հուսալի կադրեր աճեցնելու, ընտրելու որոշակի մեխանիզմ, Նավասարդյանը պատասխանեց. - «Եթե կա՝ այդ մեխանիզմը այնքան էլ լավ չի գործում… Նորից գալիս, հանգեցնում է կադրային քաղաքականության թերություններին: Սա գալիս է ասելու, որ մեր դիվանագիտական ծառայությունը լրիվ կայացած չէ առ այսօր»:

Նա ուշադրություն հրավիրեց մեր դիվանագիտության համար շատ բնորոշ դարձած մի այլ բացասական դրսեւորման վրա. շատ դիվանագետներ, արտերկրում ծառայության ժամկետն ավարելուց հետո պարզապես չեն վերադառնում. - «Սա հայկական երեւույթ է, որը, դժբախտաբար, գոյություն ունի: Եվ սա չի վերաբերում միայն հյուպատոսության աշխատողներին: Ինչո՞ւ չենք ասում, թե քանի երկրում քանի դեսպան է մնացել եւ չի վերադարձել: Նորից վերադառնում ենք նրան, որ ի սկզբանե սխալ է կատարվում կադրային քաղաքականությունը»:

Նավասարդյանի կարծիքով, Լոս Անջելեսի միջադեպը, բնականաբար, բացասական անդրադարձ կունենա Հայաստանի արտաքին իմիջի վրա: Նախկին արտգործնախարարը, այդուհանդերձ, նկատեց, որ դիվանագիտությունը թեեւ յուրահատուկ, այսպես ասած` ավելի ցցուն ոլորտ է, այնուամենայնիվ, այն ինքնին չի կարող կատարյալ լինել՝ երբ կատարյալ չէ պետական համակարգն իր ամբողջության մեջ։

«Դիվանագիտությունը հայելին է տվյալ երկրի քաղաքական համակարգի, տվյալ հասարակության… Եվ եթե դիվանագիտական ծառայությունը, դիվանագիտությունը ունի նման բացթողումներ, նշանակում է համակարգային լուրջ խնդիր կան, որոնք անհրաժեշտ է լուծել», - ասաց Արման Նավասարդյանը՝ եզրակացնելով. - «Եթե լոսանջելեսյան միջադեպից չարվեն համապատասխան հետեւություններ, ապա առաջիկայում նման փաստեր էլի կլինեն»։

Երկու տարի տեւած ուսումնասիրությունների արդյունքում, այս շաբաթասկզբին Միացյալ Նահանգներում ձերբակալվել է Լոս Անջելեսում Հայաստանի նախկին հյուպատոս (1999-2003) Նորայր Ղալումյանը: Նախկին հյուպատոսը եւ եւս 4 անձինք մեղադրվում են ներգաղթողներին կեղծ փաստաթղթեր տրամադրելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG