Մատչելիության հղումներ

Ամերիկացի 82 կոնգրեսականներ` Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնի եւ Մարկ Քըրքի, ինչպես նաեւ հայամետ կոնգրեսականներ Ադամ Շիֆի եւ Ջորջ Ռադանովիչի գլխավորությամբ, հինգշաբթի օրը նամակ են հղել Բարաք Օբամային` ԱՄՆ-ի նախագահի ուշադրությունը հրավիրելով Հայաստանի հետ հարաբերությունները առանց նախապայմանների կարգավորելու իր հանձնառությունից Թուրքիայի նահանջի վրա:

Ամերիկայի հայկական համագումարի հաղորդագրության համաձայն` նամակում կոնգրեսականները մտահոգություն են հայտնում «Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների նորմալացման համաձայնեցված ճանապարհային քարտեզից Թուրքիայի նահանջի առնչությամբ»:

Հիշեցնելով, որ ըստ Միացյալ Նահանգների հռչակած քաղաքականության` «կարգավորումը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների եւ ժամանակային բանական շրջանակներում», նամակի հեղինակները մատնանշում են Հայաստանի կառուցողական մոտեցումը եւ մտահոգություն հայտնում Թուրքիայի` այդ գործընթացին չնպաստող գործողությունների առնչությամբ. - «Հայաստանի կառավարությունը հավատարիմ է մնում ճանապարհային քարտեզին եւ վաղուց առաջարկում է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, մինչդեռ ապրիլի 24-ից հետո Թուրքիայի հրապարակային հայտարարությունները եւ գործողությունները խստիվ հակասում են այդ համաձայնությանը»:

Նամակին միացել են կոնգրեսականներ ինչպես Դեմոկրատական, այնպես էլ Հանրապետական կուսակցություններից:

Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին ողջունել է ամերիկացի օրենսդիրների նախաձեռնությունը` շեշտելով. - «Հայաստանը հետեւողականորեն առաջարկում է Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացում առանց նախապայմանների, ինչը մերժվում է Թուրքիայի կողմից: Մենք սատարում ենք նաեւ կոնգրեսականների այն դիրքորոշումը, որ վարչակազմը պետք է տարբերակի կարգավորման եւ Ցեղասպանության ճանաչման հարցերը: Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության հաստատումը չպետք է հարաբերությունների կարգավորման պատանդը լինի»:

Հայ - թուրքական հարաբերությունների կարգավորմանը հինգշաբթի օրը անդրադարձել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` Սեւանում հանդիպելով սփյուռքահայ երիտասարդների հետ:

Հիշեցնելով, որ հայկական կողմը, չնայած պատմական խնդիրներին, Հայոց ցեղասպանության փաստին, իր մեջ ուժ գտավ եւ պաշտոնական Անկարային առաջարկեց դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, նախագահը հավելել է. - «Մեկ տարվա ընթացքում Հայաստանն ու Թուրքիան բանակցություններ են վարել, համաձայնել երկու փաստաթղթի շուրջ, սակայն դրանից հետո Թուրքիայի որոշ քաղաքական ուժեր փորձում են պայմաններ առաջադրել եւ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կապել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման եւ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների հետ»:

«Մենք ընդունում ենք, որ Թուրքիան մեծ երկիր է, ընդունում ենք նրա դերը թե’ տարածաշրջանում, թե’ ամբողջ աշխարհում: Սակայն, դրա հետ մեկտեղ, մենք` հայերս, անկախ, ինքնուրույն պետություն ենք, եւ մեզ հետ չի կարելի խոսել նախապայմանների լեզվով: Ցանկացած կոշտ քայլ առաջ է բերում հակաքայլեր», - հայաստանյան մամուլի փոխանցմամբ` հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG