Մատչելիության հղումներ

Ղրղըզստանում մեկնարկել է ՀԱՊԿ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովը


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ նրա որդին ժամանում են Բիշքեկ, 30 հուլիսի, 2009

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ նրա որդին ժամանում են Բիշքեկ, 30 հուլիսի, 2009

Ուրբաթ օրը ղրղըզական Չոլպան-Ատա հանգստավայրում մեկնարկեց ՀԱՊԿ-ի անդամ երկրների ղեկավարների երկօրյա ոչ պաշտոնական հավաքը։

Հանդիպեցին Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի եւ հյուրընկալող կողմի` Ղրղըզստանի նախագահները։

Տաջիկստանի նախագահի ինքնաթիռը ուշացումով ժամանեց Բիշկեկ, եւ Երեւանի ժամանակով ժամը 3-ին նախատեսված հանդիպումը երկու ժամով հետաձգվեց` երեկոյան 5-ի սահմաններում միայն մեկնարկեց։

Նախագահները նախ հանդիպեցին այսպես կոչված «Այտմատովի տանը», որտեղ ծառեր տնկեցին։ Ապա մեկնարկեց նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովը։

Նախատեսվում էր, որ նախագահների հանդիպման ժամանակ քննարկվելիք գլխավոր թեման կդառնա Օպերատիվ արձագանքման հավաքական ուժեր ստեղծելու հարցը եւ այդ ուժերը տեղակայելու համար Ղրղըզստանում նաեւ բազա հիմնելու խնդիրը։ Ռուսաստանի նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոյի խոսքերով` այդ բազայի ստեղծման հետ կապված բոլոր հարցերը գրեթե լուծված են, պայմանավորվածությունը անդամ պետությունների հետ ձեռք է բերված։

Ռուսաստանյան մամուլը, մինչդեռ, իր առաջին էջերում անդրադառնալով այս խնդրին, այսօր գրել է, թե «Ռուսաստանը կորցնում է ՀԱՊԿ-ի վրա իր վերահսկողությունը»։ «Կոմերսանտ»-ի գնահատմամբ` Մոսկվայի ծրագրերը` ուժեղացնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմական գործոնը եւ այդպիսով ստեղծել ՆԱՏՕ-ի կրկնօրինակը, ձախողման վտանգի առաջ են հայտնվել։ «Մոսկովսկի Կոմսոմոլեց»-ի գնահատմամբ, պաշտոնական Երեւանից եւ Աստանայից բացի, Մոսկվան հիմա չունի «գոնե հարաբերական առումով ոչ խնդրահարույց գործընկեր այդ կազմակերպությունում»։

Մոսկվայի հիմնական խնդիրը, իհարկե, Մինսկի հետ է: Երբ Ռուսաստանն ու Բելառուսը սկսեցին այսպես ասած «կաթնային պատերազմը», որով արգելվեց բելառուսական կաթի ներմուծումը Ռուսաստան, Ալեքսանդր Lուկաշենկոն անգամ հրաժարվեց մասնակցել հունիսին Մոսկվայում նախատեսված ՀԱՊԿ անդամ երկրների հավաքին, որտեղ Բելառուսը Հայաստանից, ի դեպ, պետք է ընդուներ նախագահությունը այդ կազմակերպությունում։

Այս անգամ Լուկաշենկոն ժամանել է Ղրղըզստան եւ ռուսական կողմը հույս ունի, որ, թեեւ ուշացումով, բայց կընդունի նախագահությունը։

Պաշտոնական Մոսկվան նաեւ հույս ունի, որ Լուկաշենկոն կստորագրի «Օպերատիվ արձագանքման հավաքական ուժեր ստեղծելու մասին» ՀԱՊԿ-ի երկրների համաձայնագիրը: «Այլապես ինչո՞ւ էր Lուլաշենկոն գալիս հավաքին մասնակցելու», - հայտարարել է Պրիխոդկոն։

Նախագահների ոչ պաշտոնական հանդիպումը կավարտվի վաղը։ Օգոստոսի 1-ին նախագահները հիմնականում ոչ պաշտոնական հանդիպումներ կանցկացնեն միմյանց հետ, պաշտոնական որեւէ արարողություն օրակարգով նախատեսված չէ։

Ռուսաստանյան ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների այս գագաթնաժողովը համընկել է վերջերս Ղրղըզստանի նախագահի պաշտոնում վերընտրված Կուրմանբեկ Բակիեւի հոբելյանի հետ։ Նա վաղը 60 տարեկան կդադնա։

Հյուրերի անվտանգությունը ղրղըզական ներքին զորքերի 5.000 աշխատակիցներ են ապահովում։ Երկրի իրավապահ մարմինները հանգստավայրի այցելուներին նաեւ կոչ են արել այս երկու օրերին սահմանափակել հիմնական մայրուղիով տրանսպորտային միջոցներով երթեւեկությունը: Տեղի բնակչությանն արգելել են այսօր եվ վաղը ընտանի կենդանիների հոտերն արածացնել ավտոճանապարհի երկայնքով, որպեսզի նախագահներին ուղեկցող շարասյուները խցանումների մեջ չհայտնվեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG