Մատչելիության հղումներ

Հուլիսի 31-ի մամուլ


«Հայք»-ը խմբագրականում համադրում է Մոլդովայի եւ Հայաստանի հետընտրական զարգացումները. - «Մոլդովան այնքան տարածք ունի, որքան Հայաստանը, այնքան բնակչություն, որքան Հայաստանը: Մի քիչ ավելի, մի քիչ պակաս: Մոլդովան էլ, Հայաստանն էլ նախկին խորհրդային երկրներ են: Մոլդովայում էլ, Հայաստանում էլ տեղի են ունեցել ընտրություններ, որոնց արդյունքները, մեղմ ասած, վիճահարույց են: Քիշնեւում էլ, Երեւանում էլ մարդիկ դուրս են եկել փողոցներ: Երեւանում ընթացել են խաղաղ ցույցեր, մոլդովացիները շատ ավելի ագրեսիվ են եղել եւ գրավել են խորհրդարանի շենքը եւ ավերածություններ արել: Բայց Մոլդովայի իշխանությունները բավարարվեցին կարգ ու կանոն հաստատելով, իսկ Հայաստանում վարչախումբը սպանեց տասը խաղաղ ցուցարարի, բանտերը լցրեց քաղբանտարկյալներով, արտակարգ դրություն հայտարարեց: Հայաստանում վարչախումբը համառորեն խնդում է, թե ամեն ինչ լավ է, եւ որ մարդիկ մոտ են երջանկությանը: Ավելին՝ հրավառություններն ու համերգները եւ նույնիսկ շքերթները անպակաս են… Մոլդովայում որոշեցին նոր ընտրություններ անցկացնել: Անցկացրեցին եւ հաղթեց ընդդիմությունը: Եվ իշխանությունները չփորձեցին կեղծել ընտրությունների արդյունքները: Ավելին՝ բանակը դուրս չի եկել փողոց եւ չի կրակում խաղաղ անցորդների վրա: Ընդդիմության առաջնորդներն էլ չեն ձերբակալվում»:

«Իրավունք»-ի համար «Մադրիդյան սկզբունքները» մեկնաբանել է պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը: Լրագրողը հարցնում է. - «Ինչպե՞ս եք նայում խաղաղարար ուժերի տարածաշրջան մուտք գործելու հնարավորությանը»: Հարությունյանը պատասխանում է. - «Մադրիդյան սկզբունքների հեղինակները լավ են հասկանում, որ այսօր չկա ղարաբաղյան հարցի լուծում: Նրանց նպատակն է հակամարտության գոտի մտցնել խաղաղարար ուժեր, եւ այդ սկզբունքներն ուղղված են հենց դրան, որպեսզի փոխվի ռազմաքաղաքական իրավիճակը: Սա պայքար է տարածաշրջանի համար: Այդ ուժերը անվտանգության երաշխիք չեն, դրա վառ օրինակը Հարավսլավիան է, Օսեթիան եւ այլն: Դեռեւս 1994 թվականին, երբ կնքվում էր զինադադարի պայմանագիրը, Ադրբեջանը հատուկ դեմ էր արտահայտվում ռուսական զորքի տեղակայմանը եւ պահանջում էր միջազգային ուժեր: Թուրքիան նույնպես դեմ կլինի ռուսական ուժերին, եւ ընդհակառակը՝ Ռուսաստանը եւ Իրանը չեն համաձայնվի արեւմտյան ռազմական ներկայությանը: ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությանը տարածաշրջանում այնքան էլ ուրախ չի լինի Չինաստանը: Այնպես որ, առաջարկվող լուծումը կբերի գերտերությունների հակասությունների սրման մեր տարածաշրջանում»:

«Երկիր»-ը գրում է. - «Շավարշ Քոչարյանից զարմանքով իմացանք, որ մադրիդյան սկզբունքները, որոնցից, ներեցեք, խորշում են թե՛ Հայաստանի, թե՛ Լեռնային Ղարաբաղի հասարակությունները, պարզվում է, հաշվի են առնում պաշտոնական Երեւանի բոլոր մտահոգությունները: Եթե նկատի ունենանք, որ այդ սկզբունքներում ոչ մի խոսք չկա Ադրբեջանի օկուպացրած տարածքները Լեռնային Ղարաբաղին ու Հայաստանին վերադարձնելու անհրաժեշտության մասին, կարելի է եզրակացնել, որ Հայաստանի իշխանությունները մտահոգ չեն առնվազն Շահումյանի, Գետաշենի, Մարտունաշենի, Մարտակերտի շրջանների եւ նույնիսկ Արծվաշենի ճակատագրով: Պատերազմից հարյուրտոկոսանոց երաշխիքներ չկան եւ չեն կարող լինել, առավել եւս` ներկայիս միջազգային ու տարածաշրջանային անկայունության եւ անորոշության պայմաններում: Ըստ այդմ` հայկական դիվանագիտությունը պետք է ոչ թե մատնանշի Բաքվի քաղաքականության այս կամ այն թերությունը, այլ զբաղվի Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շահերի պաշտպանության ուղիների որոնմամբ, դիրքերի ամրապնդմամբ: Փոխանակ այդ ուղղությամբ աշխատելու, Հայաստանի ԱԳՆ-ն Ադրբեջանի ու միջազգային միջնորդների հետ փորձում է հանրությանը նոր պատերազմով վախեցնել: Եվ դա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` իրենց նորացված սկզբունքներով տարածաշրջան կատարելիք այցի նախօրեին»:

«Առավոտ»-ը խմբագրական գրում է. - «Հայաստանյան ոչ ազդեցիկ կուսակցություններից մեկի ղեկավարը վերջերս կարծիք է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ԱՄՆ Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյա Մեթյու Բրայզայի տեսակետները ձեւավորվում են անկողնում՝ իր թուրք կնոջ հետ շփվելիս: Վերջին տարիներին մեր պաշտոնյաները եւ քաղաքական գործիչները ժամանակ առ ժամանակ բողոքում են մամուլի «դեղնությունից», բայց ես վաղուց եմ նկատել, որ այդ այրերի մեծ մասը շատ ավելի «դեղին» է ու գռեհիկ, քան ցանկացած մամուլ: Եթե նրանց դատողությունների մակարդակն այդպիսին է, ապա ի՞նչ եք սպասում լրագրողներից եւ հասարակ քաղաքացիներից: Եթե Մեթյու Բրայզան ամուսնանար հայի հետ կամ ավելին՝ եթե նույնիսկ պարոն Բրայզան անձամբ հայ լիներ, ապա նա միեւնույն տեսակետները կունենար: Բանն այն է, որ նա պետական ծառայող է, դիվանագետ է, որն արտահայտում եւ պաշտպանում է Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերը: Իսկ թե ինչու այդ շահերն այսօր զգալի չափով հակասում են մեր շահերին՝ դա պարոն Բրայզայի եւ նրա տիկնոջ ազգության հետ որեւէ կապ չունի»:

«Հայոց Աշխարհ»-ին հարցազրույց է տվել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Նա ասում է. - «Հայաստանի Հանրապետության առանցքային զարգացման խնդիրները լուծելու համատեքստում եւս երկրի նախագահը եւ ես ռազմավարական դաշնակիցներ ենք, եւ մեր դիրքորոշումները համընկնում են։ Ես եւս մեկ անգամ պնդում եմ, որ Հայաստանի նախագահն ու իշխանությունները չեն կատարի որեւէ քայլ, որը մազաչափ անգամ կարող է վնասել մեր երկրի ու ժողովրդի անվտանգությունը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG