Մատչելիության հղումներ

Մասնագետները չեն բացառում «խոզի գրիպի» մուտքը Հայաստան


«Իհարկե, բացառված չէ մուտքը հանրապետություն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հինգշաբթի օրը ասաց Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության համաճարակաբանության բաժնի գլխավոր մասնագետ Լիաննա Թորոսյանը: - «Կա տուրիզմի ակտիվ ժամանակաշրջան, կա բնակչության ակտիվ տեղաշարժ: Նաեւ կլինի այսպես ասած՝ սեզոնային գրիպի սեզոն, աշնան ժամանակահատված, եղանակը կցրտի... Բացառված չէ նաեւ մեր երկրում արձանագրումը: Բայց նույնիսկ արձանագրման դեպքում այսօր կան հնարավոր լծակները եւ միջոցները, որպեսզի կարողանանք բուժումը ապահովել»:

«Զվարթնոց» օդանավակայանում մոտ մեկ ամիս առաջ տեղադրվել է «ջերմացույց» կոչվող սարքը, որը հեռավորության վրա հայտնաբերում է ջերմություն ունեցողին:

Լոնդոնից Երեւանով դեպի Թբիլիսի թռչող մեկ ուղեւորի մոտ այս հիվանդությունը հաստատվել է: Լիաննա Թորոսյանի խոսքով, նույն ինքնաթիռով Հայաստան եկող ուղեորներին վարակը չի փոխանցվել:

«Վրաստանի ուղեւորը երկիր մուտք չի գործել», - փոխանցեց նա: - «Այն ուղեւորները [նույն ինքնաթիռի], ովքեր իջել են մեր հանրապետությունում, բոլորը վերցվել են 7-օրյա հսկողության տակ: Մաքսիմալ ինկուբացիայի շրջանում մենք ոչ մի ահազանգ չենք ստացել: Կապ ենք հաստատել Վրաստանի հետ, հիվանդը հիմա բավարար վիճակում է, բուժվել է»:

Հայաստանի գլխավոր վարակաբան Արա Ասոյանի հավաստմամբ, սովորական սեզոնային գրիպի համեմատությամբ H1N1 գրիպի վարակելիությունը շատ ավելի ցածր է՝ 24-27 տոկոս՝ առաջինի 92-93 տոկոսի դեպքում:

Լիաննա Թորոսյանը կոչ է անում խուճապի չմատնվել, քանի որ հիվանդությունը սովորական գրիպից ավելի թեթեւ է ընթանում. - «Բարդություններ եւ մահացու ելքեր արձանագրվել են միայն այն մարդկանց մոտ, ովքեր տառապում են շնչառական համակարգի հիվանդություններով: Իսկ այդ հիվանդների համար այսօր ունենք համապատասխան սարքավորումներ եւ դեղորայք»:

Մասնագետների հաշվարկներով, սեզոնային գրիպից մահացության դեպքերը 0.8 տոկոս են կազմում, մինչդեռ այս գրիպի դեպքում՝ 0.5 տոկոս:

Հարցին, թե այդ դեպքում ինչով է պայմանավորված ողջ աշխարհում առկա անհանգստությունը, Թորոսյանը արձագանքեց. - «Հարուցիչը նոր է, նոր ենթատեսակ է գրիպի: Մարդու օրգանիզմը ընկալ է այս հարուցիչի նկատմամբ; Բայց, կրկնում եմ, սեզոնային գրիպից ավելի շատ բարդություններ են լինում»:

Բա նաեւ հավելեց, որ Հայաստանը լիովին ապահովված է այս գրիպի բուժման համար արդյունավետ դեղամիջոցի՝ «Տամիֆլյու»-ի, բավարար քանակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG