Մատչելիության հղումներ

Ինչո՞ւ Հռիփսիմե Հակոբյանը դուրս մնաց «Նովայա Վոլնա» երգի մրցույթից


«Նովայա Վոլնա» ամենամյա երգի մրցույթին մասնակից ներկայացնելու իրավունքը Հայաստանում պատկանում է «Էմի Բի» պրոդյուսերական կենտրոնին, որի տնօրեն Նադեժդա Սարգսյանը հրաժարվեց մեզ որեւէ բացատրություն տալ, թե ինչո՞ւ այս տարվա մասնակից` Հռիփսիմե Հակոբյանին չհաջողվեց մասի 28-ին արդեն մեկնարկած մրցույթում ներկայացնել Հայաստանը։

«Դրա մասին արդեն բազմիցս խոսվել է, ես ասում եմ՝ no comment» - ասաց Նադեժդա Սարգսյանը։

Որպես մրցույթից Հայաստանի դուրս մնալու միակ պատճառ, նշվում են նախորդ տարվա մասնակցի` մոսկվաբնակ հայ երգիչ Մհերի գումարային պարտքերը։ Լուրերի համաձայն, նախորդ տարի 5-րդ տեղ զբաղեցրած Մհերը մրցույթի կազմակերպիչ «Արս» ընկերությանը պարտք է մնացել մի քանի հազար դոլար։

«Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում Մհերը չհերքեց այս փաստն ու նշեց, որ խնդիրները սկիզբ են առել դեռ նախորդ տարվանից, երբ ինքը որոշել էր մրցույթում ներկայացնել Հայաստանը։ Հետագայում հասկանալով, որ մասնակցության համար հսկայական գումարներ են հարկավոր, երգիչն ինքնուրույն է սկսել զբաղվել դրանց հայթայթմամբ։ Այդ ընթացքում, Մհերին մի քանի հովանավորներ խոստացել էին օգնել, սակայն արդեն վերջին պահին բոլորը հրաժարվել էին՝ բացառությամբ «Անելիք» բանկի։ «Արս» ընկերության տնօրինության հետ բանակցելուց հետո պարտքերը մարելու համար ժամանակ էր տրամադրվել Մհերին։

«Երբ Հռիփսիմեն գնացել էր մասնակցելու, այդ ժամանակ իմ խնդիրը դեռ բաց էր։ Ինձ ասացին, որ պետք է վճարեմ, որից հետո իրենք կզրուցեն Հռիփսիմեի հետ։ Ես վճարեցի նախատեսվածից մեկ շաբաթ էլ շուտ։ Դրանից հետո Հռիփսիմեն ինքը պիտի վճարեր իր հասանելիք գումարը: Թե ինչո՞ւ չի վճարել, ես չգիտեմ։ Նա ներկայացրեց այնպես, որ իբի իմ պարտքերի պատճառով իրեն թույլ չեն տվել մասնակցել», - ասաց Մհերը։

Հռիփսիմե Հակոբյանի հետ զրուցել մեզ չհաջողվեց։ Նրա մտերիմ ընկերուհին` Երգի պետական թատրոնի հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը «Մաքսլիբերթ»-ին փոխանցեց, որ Հռիփսիմեն Հայաստանում չէ եւ կվերադառնա միայն օգոստոսի 15-ին։ Մանեն, սակայն, որոշակիորեն տեղյակ էր ընկերուհու մրցույթից դուրս մնալու պատճառներից։ Նա հերքեց Մհերի ասածը` թե իր պարտքերը չեն խանգարել Հռիփսիմե Հակոբյանի մասնակցությանը։

«Ֆինանսական խնդիրներ են եղել այս տարի, Մհերի գումարը դրա հետ կապ է ունեցել», - ասաց Մանեն։
XS
SM
MD
LG