Մատչելիության հղումներ

logo-print

Փաստահավաք խմբի ընդդիմադիր նախկին անդամները նոր հարցեր են բարձրացրել, մասնավորապես, անցած տարվա մարտյան իրադարձությունների ժամանակ զոհված զինծառայող Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքների առնչությամբ:

Չորեքշաբթի օրը լրագրերից մեկում հրապարակված զեկույցում հիմնվելով իրենց տրամադրության տակ եղած փաստերի ու տվյալների վրա, Անդրանիկ Քոչարյանը եւ Սեդա Սաֆարյանը եզրակացնում են, որ 2008 թվականի մարտի 1-ին սպանված զինծառայող Տիգրան Աբգարյանին հրազենային վնասվածքները պատճառվել են «ընդհուպ կրակահերթով»:

Ընդդիմադիր փորձագետները բազմաթիվ հարցեր են ուղղում թե՜ նախաքննության մարմնին եւ թե՜ փորձագետներին: Մասնավորապես՝ ինչո՞ւ է քննիչը դեպքից մեկ շաբաթ հետո առգրավել Տիգրան Աբգարյանի հագուստը, ինչո՞ւ է զինծառայողի ձմեռային բաճկոնը հայտնվել զորամասում, ո՞ւր է մնացած հագուստը՝ զրահաբաճկոնը, զինվորական կիտելը, որոնք եղել են Տիգրանի հագին, ինչո՞ւ դրանք չեն առգրավվել եւ ինչո՞ւ քննության չեն ենթարկվել:

Այս եւ մի շարք այլ հարցերի պատասխանները չկան Հատուկ քննչական ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին տրամադրված տեղեկանք-առարկություններում:

Զեկույցի հեղինակների վկայությամբ, փորձագետները փաստել են, որ բաճկոնի օձիգի վրա պղնձի հետքեր են եղել, բայց խուսափել են մեկնաբանությունից: Եվ հենց այս հիմքով փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամները կարծում են, որ ավտոմատ զենքից ընդհուպ կրակոցի ժամանակ է նման հետք մնում: Հատուկ քննչական ծառայությունը անտրամաբանական, «նույնիսկ աբսուրդի հասնող անհեթեթություն» է համարում նման եզրահանգումը: Փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամների կարծիքով, Տիգրանի գլխի ծոծրակային շրջանում ֆիզիկական ներգործության հետքեր կան, Հատուկ քննչական ծառայությունը պնդում է, որ զինծառայողի մարմնի վրա «հարվածին բնորոշ որեւէ վնասվածք չի հայտնաբերվել»:

Փաստահավաք խմբի անդամներն իրենց զեկույցի վերջում եզրահանգում են, որ փորձագետներն ամեն ինչ արել են, որպեսզի բացառվի ընդհուպ կրակոցի եւ ֆիզիկական ներգործության փաստը։ Հատուկ քննչական ծառայությունն էլ ջանքեր է գործադրել Աբգարյանի մահվան հանգամանքներն աղավաղելու ուղղությամբ։ Հատուկ քննչական ծառայության կարծիքով, զեկույցում նշված փաստական հանգամանքներն ակնհայտ խեղաթյուրված են եւ դա «ապացուցում են հոդվածի հեղինակների ներկայացրած դատողությունների սնանկությունը»։ «Ազատություն» ռադիոկայանին ուղարկած պատասխանից ենթադրվում է, որ Հատուկ քննչական ծառայությունում զեկույցը մանրամասն եւ ուշադիր չեն ուսումնասիրել:

Իսկ զեկույցում կա՞ն փաստական այնպիսի տվյալներ կամ հարցադրումներ, որոնք կարող էին նպաստել գործի քննությանը։ Երեկ հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ, քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը հրաժարվեց պատասխանել «Ազատություն» ռադիոկայանի հարցերին, այսօր էլ տեղում չի եղել ողջ օրվա ընթացքում։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Վահագն Հարությունյանը առողջական վիճակի պատճառով աշխատանքի չի գնացել։

Այդուամենայնիվ, մեր հարցի պատասխանը փորձեցինք ստանալ փաստահավաք խմբի նախկին ղեկավար, Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ Վահե Ստեփանյանից:

«Փաստաթղթում կան բավական էական նյութեր եւ այնպիսի նյութեր, որ, համենայն դեպս, ժամանակին մեզ Հատուկ քննչական ծառայության կողմից տրամադրված տեղեկատվությունների մեջ չկար: Ես դժվարանում եմ հիմա գնահատել օբյեկտիվության, ճշմարտացիության տեսանկյունից, բայց մեկ բան ինձ համար ակնհայտ է՝ այս փաստաթուղթը լուրջ ուսումնասիրման կարիք ունի ոչ միան Հատուկ քննչական ծառայության կողմից, այլ նաեւ պարոն Նիկոյանի հանձնաժողովի կողմից: Եվ միայն այդպիսի շատ լուրջ ուսումնասիրությունը հնարավորություն կտա գնահատել այս փաստաթուղթը: Բայց որ կան նյութեր, որոնց չէր տիրապետում ժամանակին ո՜չ հանձնաժողովը, ո՜չ էլ Հատուկ քննչական ծառայությունը, դա փաստ է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ստեփանյանը:

Հարցին, թե կարո՞ղ էր Հատուկ քննչական ծառայությունը փաստահավաք խմբին չտրամադրել որոշակի նյութեր, Ստեփանյանը արձագանքեց. - «Չէ: Նրանք մեզ հավատացնում էին ժամանակին, ասում էին, որ՝ մենք բոլոր նյութերը ձեզ ենք տրամադրել: Դա եղել է 2009 թվականի փետրվար, մարտ ամիսների դրությամբ: Եթե մինչեւ այդ նրանք մեկուկես տարում նոր նյութեր չեն ունեցել, ես ենթադրում եմ, որ մարտից հետո նրանք դժվար թե նոր նյութեր ունենային»:

Ի դեպ, Փաստահավաք խմբի նախկին ղեկավարը, երբ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովին է հանձնել իրենց տրամադրության տակ եղած բոլոր նյութերը, կից գրության մեջ նշել է, որ 10 զոհերի մահվան հանգամանքների բացահայտման առնչությամբ «Հատուկ քննչական ծառայության կողմից փաստահավաք խմբին տրամադրած փաստաթղթերից բխում է, որ նախաքննության մարմինը որոշակի գործողություններ է իրականացրել 2008 թվականի մարտ-ապրիլ ամիսներին։ Դրանից հետո, ըստ Վահե Ստեփանյանի, հատուկենտ քննչական գործողություններ են կատարվել։

Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը «Ազատություն» ռադիոկայանին նախ հայտնեց, որ փաստահավաք խմբի ընդդիմադիր նախկին անդամների զեկույցն այս պահին ուսումնասիրում են հանձնաժողովի անդամներն ու փորձագետները, այն ուղարկել են նաեւ Հատուկ քննչական ծառայություն՝ պատասխան-պարզաբանում ստանալու ակնկալիքով։

Միեւնույն ժամանակ Սամվել Նիկոյանն ասաց. - «Այդ փաստերը մեր ձեռքի տակ եղել են: Բազմաթիվ անգամ մենք անդրադարձել ենք այս խնդրին, եւ վերջին անդրադարձը եղավ 10 օր առաջ, երբ անհրաժեշտություն առաջացավ եւս մեկ անգամ դատաբժշկական փորձագետին հրավիրել, եւս մեկ անգամ փորձել գտնել առաջացած հարցերի պատասխանները… Ցավոք սրտի, մեր ձեռքի տակ եղած փաստերով, մահվան հանգամանքների հետ կապված մենք չկարողացանք ճշտել, թե ինչն է եղել պատճառը, կամ ո՞ւմ հրազենից է մահը պատճառվել»:

Նիկոյանը «օգտակար» որակեց փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամների հրապարակած զեկույցը. - «Իհարկե, մտքեր կան, գաղափարներ կան, թերություններ կան, որ նշված են այնտեղ, խոսքը վերաբերում է քննչական գործողություններին կամ օպերատիվ աշխատանքներին, որոնք հանձնաժողովն էլ էր նկատել, իրենց էլ են նկատել, եւ միանշանական դրանք կօգտագործվեն: Բայց դա չի նշանակում, որ ամբողջությամբ զեկույցը իր եզրակացությունով հանդերձ, հանձնաժողովը պետք է նույնությամբ վերցնի եւ օգտագործի»:
XS
SM
MD
LG