Մատչելիության հղումներ

Դավիթ Շահնազարյան. «Կրակովում արդեն աշխատանքը սկսվել է մեծ պայմանագրի վրա»


«Իմ խորին համոզմամբ` Կրակովում արդեն աշխատանքը սկսվել է [Ղարաբաղյան կարգավորման] մեծ պայմանագրի վրա. դրա բոլոր ապացույցները կան», - հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը` կարծիք հայտնելով, թե շրջանակային համաձայնագրի մասը արդեն մնացել է անցյալում:

Սարգսյան - Ալիեւ վերջին` մոսկովյան հանդիպումից հետո հայաստանյան որոշ լրատվամիջոցներ գրեցին, թե Ռուսաստանի մայրաքաղաքում հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնագիր է ստորագրվել: Ըստ Դավիթ Շահնազարյանի` «դրա ապացույցը [ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի] եռանախագահողների հայտարարությունն էր կրակովյան հանդիպումից հետո, որտեղ շնորհակալություն են հայտնում որոշակի անձանց` ազգանունները դուք գիտեք. շատ ուշագրավ է, իհարկե, Քոչարյանին եւ Օսկանյանին հայտնած շնորհակալությունը»:

«Շնորհակալություն են հայտնում այն դեպքում, երբ արդյունք կա: Եթե արդյունք չկա, շնորհակալություն չի հայտնվում», - ընդգծեց ընդդիմադիր գործիչը:

Ինչ վերաբերում է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների մոսկովյան հանդիպմանը, ապա, Շահնազարյանի խոսքերով, իր մոտ կասկած գոյություն չունի, թե պայմանավորվածություն է կայացվել, իսկ թե համաձայնագի՞ր է ստորագրվել, կամ պայմանավորվածությունը բանավո՞ր է եղել, թող Հայաստանի իշխանություններն իրենք ասեն. - «Առնվազն, որ շատ լուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Մոսկվայում, եթե ոչ ինչ-որ փաստաթղթի ստորագրում»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, որ եթե ինքը համոզված է, որ Կրակովում արդեն աշխատանք է սկսվել Ղարաբաղյան կարգավորման մեծ պայմանագրի վրա, այդ դեքում ինչ է պատրաստվում անել Հայ ազգային կոնգրեսը` զարգացումները ոչ հայանպաստ ուղղությունից շեղելու համար, Դավիթ Շահնազարյանը պատասխանեց. - «Գործողությունների առումով, այո, այդ գործողությունները մշակվում են եւ, կախված իրավիճակից, մենք դա անելու ենք… Կոնկրետ քայլերի հերթականությունը մշակվում է: Եթե նույնիսկ մշակված լիներ, կներեք, ես ձեզ չէի ասի»:

Շահնազարյանի խոսքերով, այն, ինչ ներկայում անում են հայաստանյան քաղաքական որոշ ուժեր` մասնավորապես Դաշնակցությունը, օրինակ` պահանջելով իշխանություններից ապահովել Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին, ոչ այլ ինչ է, քան ժամանակին իրենց իսկ ջանքերի շնորհիվ այսօր ստեղծված իրավիճակի համար պատասխանատվությունից խուսափելու փորձ:

«Դաշնակցությունը ինքը առաջին հերթին պատասխանատվությունից խուսափելով է զբաղված` դա առաջին հերթին հենց վերաբերում է Դաշնակցությանը: Դաշնակցությունը այս ամենի ոչ միայն մասնակիցն է, այլեւ ակտիվ իրականացնողը այս քաղաքականության` ինչ որ 11 տարի կատարվել է», - հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչը:

Դավիթ Շահնազարյանի այս հայտարարության կապակցությամբ ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը «Ազատություն» ռադիոկայանին նախ ասաց, թե անցած տասնմեկ տարիների համար ՀՅԴ-ն պատասխանատվություն կրում է այնքանով, որքանով որ եղել է դերակատար եւ այդ առնչությամբ ոչինչ չունի թաքցնելու` հատկապես ղարաբաղյան խնդրի կապակցությամբ:

«Փոխանակ ներկայացնելու Կոնգրեսի տեսակետները այս խնդրի մասին, որտեղ կան հակասական բազմաթիվ տեսակետներ, [Շահնազարյանը] փորձում է մեզ վրա հարձակվելով ուշադրությունը շեղել իրականում իրենց մեջ գոյություն ունեցող այդ տարաձայնություններից», - հավելեց Մանոյանը:

Դավիթ Շահնազարյանի պնդմամբ` պատասխանատվությունից խուսափելով է զբաղված նաեւ Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որը, ըստ նրա, «այս ամեն ինչի ճարտարապետն է` Ռոբերտ Քոչարյանի հետ միասին»:

Նա լրագրողների միջոցով նախկին արտգործնախարարին հրավիրեց հրապարակային բանավեճի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG