Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Այսօր մենք ուժեղ ենք, քան երբեւէ»


«Այսօր մենք ուժեղ ենք. ուժեղ ենք, քան երբեւէ, մեր բանակն ամուր է, արդիական եւ ունակ լուծելու ցանկացած խնդիր։ Նա պատվով է բռնել ոչ միայն պատերազմի, այլեւ խաղաղության քննությունը՝ մարմնավորելով ողջ հայության հաղթական ոգին», - հինգշաբթի օրը հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Հայաստանի զինված ուժերը սահմանների պաշտպանության, զորավարժությունների եւ խաղաղարար առաքելությունների ընթացքում բազմիցս հաստատել են իրենց մարտական արհեստավարժությունն ու բարոյակամային բարձր որակները», - ասել է նախագահը` ողջույնի խոսքով հանդես գալով պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հիմնադրման 15-ամյակի եւ ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական արարողության ժամանակ:

«Հայոց բանակը պատվով է շարունակելու իր սրբազան առաքելությունը, մնալու է մեր պետության ու ժողովրդի անվտանգության հուսալի պաշտպանը, մնալու է տարածաշրջանային խաղաղության ու կայունության առանցքային եւ անփոխարինելի բաղադրիչը», - հայտարարել է Սերժ Սարգսյանը եւ վստահեցրել, որ այսուհետ եւս բանակի կատարելագործման, բարձրակարգ սպայական կադրերով համալրման, սպաների, նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանվածության խնդիրները շարունակելու են մնալ կառավարության եւ անձամբ իր գործունեության գերակայություններից մեկը:

«Մեզ պատերազմով սպառնացողներին մենք հիշեցնում ենք աստվածաշնչյան խոսքը. «Սուր բարձրացնողը սրից կընկնի»։ Այս բառերի անհերքելի ճշմարտացիությունն իրենց կյանքով ու մաքառումով վերահաստատել են մեր ժողովրդի լավագույն զավակները՝ մեր հայրերի սերունդը, մեր սերունդը, իմ սերունդը։ Թող ոչ ոք չկասկածի` հարկ եղած դեպքում նույնը կլինի նաեւ այսօր», - շեշտել է Հայաստանի նախագահը:

Հանդիսավոր արարողությունից հետո Սերժ Սարգսյանը աշխատանքային այցելություն է կատարել պաշտպանության նախարարություն, որտեղ, նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը տեղում լսել է ոլորտի տարբեր պատասխանատուների զեկույցները, տվել համապատասխան հրահանգներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG